Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի կրթության եւ գիտության (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Թբիլիսիի թիվ, թիվ 104, 103, 132, Ախալքալաքիի, Ախալցիխեի եւ Նինոծմինդայի շրջանների հայկական հանրային դպրոցների ու բաժինների մի խումբ մանկավարժների հետ, որը կայացել է Թբիլիսիի «Ուսուցչի տանը»:
Հանդիպմանը Հայաստանի ԿԳ նախարարն անդրադարձավ Վրաստանում հայկական դպրոցների ներկայիս վիճակին, մասնավորապես՝ խոսեց մանկավարժների վերապատրաստման եւ «Հայոց լեզվի» դասաժամերի ավելացման, ինչպես նաեւ «Հայ ժողովրդի պատմության» հավելյալ (ֆակուլտատիվ) դասաժամեր մտցնելու հարցին: Հանդիպման մանրամասների մասին մեր թղթակիցը զրուցել է թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի հետ:
- Հանդիպումը շատ ջերմ էր, հարցերը բարձրացվում ու քննարկվում էին երկուստեք:
Հայաստանի նախարարի հետ միասին մեզ ողջունեց եւ հնչեցվող հարցերին ու առաջարկներին պատասխանեց Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Գիորգի Շարվաշիձեն: Արմեն Աշոտյանը եւս մեկ անգամ շեշտեց Վրաստանի հայկական կրթօջախների պահպանման խնդիրը, միաժամանակ կարեւորեց երեխաների մեջ պետական լեզուն առավել ամրապնդելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը: Արմեն Աշոտյանը հայտնեց, որ վրաց գործընկերների առջեւ բարձրացրել է վիրահայերի կրթության հետ կապված մի քանի խնդիր, այդ թվում՝ «Հայոց լեզվի» դասաժամերի, «Հայ ժողովրդի պատմության» հավելյալ դասաժամերի հարցը։ Հայաստանի նախարարի խոսքերով, Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեն մեկ անգամ եւս հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են իրենց հավելյալ դասաժամերը տրամադրել հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը: Մեզ ուրախացրեց հատկապես, ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված նորույթը։ Անդրադառնալով այս թեմային, Արմեն Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց Վրաստանի հետ մեկտեղ շարունակել եռամյա պատմություն ունեցող այդ գործընթացի ֆինանսավորումը, սակայն առավել գերադասելի է ընդլայնել մասնագիտությունների թիվը: Այսինքն, այսուհետ վերապատրաստում կանցնեն ոչ միայն հայոց լեզվի ու գրականության, այլեւ՝ մյուս առարկաների մասնագետները:
Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա մանկավարժների գրեթե ողջ կազմը դժգոհեց ոչ միայն դասագրքերի խիստ պակասից, այլեւ՝ թարգմանական լուրջ թերացումներից: Անդրադառնալով թեմային, Արմեն Աշոտյանն ասաց, որ գրեթե բոլոր դասագրքերի թարգմանությունը, մեղմ ասած, քննադատության չի դիմանում։ Նա վստահեցրեց, որ հայկական կողմը պատրաստ է թարգմանված դասագրքերի խմբագրումն իրականացնել Հայաստանում: Միաժամանակ նշեց, որ Վրաստանի կրթության նախարար Թամար Սանիկիձեն հայտնել է, որ Վրաստանում մեկնարկել է բոլոր դասագրքերի վերանայման գործընթացը, եւ իր այս առաջարկը կդիտարկվի տվյալ գործընթացի համատեքստում:
- Ծնողների գերակշիռ մասն այսօր ընտրում է ոչ հայկական դպրոց, չնայած նրան, որ Թբիլիսիում այսօրվա դրությամբ գործում է երեք հայկական դպրոց՝ մեկը (թիվ 104) միավոր, մյուս երկուսը (թիվ 103, 132)՝ վրացական բաժինների հետ համատեղ (ասենք, որ 5 տարի առաջ այդ թիվը հասնում էր 6-ի¤, եւ ուսման որակն էլ վերոնշյալ դպրոցներում միանման է։ Այդուհանդերձ, աշակերտների թիվը շատ քիչ է... Ի՞նչ իրավիճակ է այսօր թիվ 103 հանրային դպրոցի հայկական մասնաբաժնում:
Աշակերտների թվով մենք նույնպես պարծենալ չենք կարող, դպրոցն, իրոք փոքրաթիվ է: Հաճախ զարմանում եմ, որովհետեւ մենք՝ կոնկրետ մեր ու թեկուզ մյուս հայկական դպրոցների մանկավարժները ամբողջովին լծված ենք մեր գործին ու փորձում ենք հնարավորություններից առավել ուսուցանել: Կոնկրետ մեր դպրոցում մասնագետ մանկավարժների կրթական որակը չի զիջում երկրի հայկական կրթօջախներից եւ ոչ մեկին, կրթական նույն ծրագրով մենք շարունակում ենք կրթել մեր սաներին: Երեխաները փայլուն տիրապետում են նաեւ վրաց լեզվին: Իսկ խնդիրներ, այո՚ կան, եւ վերաբերում են դրանք հիմնականում հայաստանյան դասագրքերին եւ շենքի խնդիր ունենք: Վթարային լինելու պատճառով ժամանակավորապես գործում ենք Վարկեթիլի թաղամասի թիվ 167 դպրոցում: Ըստ նախատեսվածի, դպրոցի նախկին շենքի մերձակայքում կառուցվելու է բոլորովին նոր, եվրոպական չափանիշներին համապատասխանող շենք, ուր եւ, հավանաբար, կդիմավորենք ուսումնական հաջորդ տարին: Սա, կարծում եմ, եւս առավել կխթանի աշակերտների հոսքը մեր դպրոց, համալրելով արդեն գրանցվող յոթ փոքրիկների թիվը, որոնք, ամենայն հավանականությամբ, 103-րդ դպրոցի 2014-2015 ուսումնական տարվա առաջին դասարանի սաներն են լինելու:
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ