Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՍԵԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. «ՄԵԶ ՎԵՐԱՊԱՀՎԵԼ Է ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ»

ՍԵԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. «ՄԵԶ ՎԵՐԱՊԱՀՎԵԼ Է ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ»

Էլ.փոստ Տպել PDF

Փետրվարի 10-12 Թբիլիսիում Միավորված Ազգային Կազմակերպության (ՄԱԿ) կանանց կազմակերպության «Նորարարական նախաձեռնություն հանուն գենդերային իրավահավասարության» նախագծի շրջանակներում անցավ «Որոշումներով հիմնավորված ադվոկացիայի եւ գենդերային (կանանց¤ շահերի պաշտպանության հարցով մեինստրիմինգի հարցեր» վարժանքը, որին մասնակցեցին  Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային ներկայացուցիչները, ոչ կառավարական կազմակերպություններն ու փորձագետները։
«Վրաստան» թերթի լրագրողը հանդիպում ունեցավ Վրաստանի ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախեթիի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանի հետ:

- Տիկին Սեդա, Դուք վարժանքի մասնակիցների թվում էիք։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Վարժանքի հիմնական թեման մարդու իրավունքների համակարգում գենդերային իրավահավասարությունն էր։ Այսօր քննարկվեցին մի շարք հիմնախնդրային թեմաներ, որոնցից ուզում եմ առանձնացնել ընտանեկան բռնությունը եւ քաղաքականությանը կանանց ոչ բավարար քանակությամբ մասնակցության պատճառահետեւանքային կապը: Նշվեց, որ ժամանակի հրամայականն է՝ դիտարկել քաղաքականության մեջ կանանց առավել ակտիվ ներգրավման հարցը, համարվում է, որ գենդերային հավասարությունն իրավամբ ժողովրդավարության նախադրյալն է, որ շատ է նպաստում հասարակության կայուն զարգացմանը, ժողովրդավարական գործընթացների խորացմանն ու հասարակության կենսագործունեության կազմակերպմանը:
֊ Ներկա դրությամբ Վրաստանի ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային գրասենյակներին գործունեության ավելի լայն իրավասություններ են վերապահում: Դա որքանո՞վ կնպաստի գենդերային խտրականության փաստերի բացահայտմանը, քանզի, չգրված օրենքով, դրա մասին չգիտես ինչու, գերադասում են լռել: Այդ առումով, ի՞նչ կասեիք Ձեր լիազորությունների մասին։
- Այո, մեր լիազորություններն ու իրավունքներն ընդլայնվել են: «Վրաստանի ժողովրդական պաշտպանի մասին» օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների եւ Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլու հատուկ լիազորագրերի համաձայն, այժմ մենք կարող ենք նաեւ առանց խոչընդոտի մտնել կառավարության, պետական եւ տեղական մարմիններ, ինչպես նաեւ զինվորական տեղամասեր, կալանավայրեր, ազատազրկման հաստատություններ եւ այլն, պահանջել եւ անմիջապես կամ 10 օրվա ընթացքում ստանալ անհրաժեշտ տեղեկանքներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր: Իրավասու եմ հանդիպելու եւ զրուցելու ձերբակալվածների, բանտարկյալների, ազատազրկված այլ անձանց եւ կասկածյալների, հոգեբուժարաններում, ծերանոցներում եւ մանկատներում գտնվող անձանց, նրանց հետ զրույցները գաղտնի են, դրանց հետեւելն ու գաղտնալսումները անթույլատրելի են։ Լիազորությունները նախատեսում են նաեւ բազում այլ գործառույթներ, որոնց մասին Ձեր թերթն արդեն տեղեկատվությունը մատուցել է:
Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ Վրաստանի ժողովրդական պաշտպանի հիմնական գործառույթը Վրաստանի տարածքում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վերահսկողությունն է, մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների փաստերի բացահայտումը, սեփական նախաձեռնությամբ կամ դիմումի/բողոքագրի հիման վրա դրանց խախտման փաստերի հայտնաբերումն է եւ խախտված իրավունքների վերականգնման նպաստումը:
- Բնականաբար, դրանք, ըստ էության, վերաբերվում են նաեւ կանանց իրավունքների պաշտպանությանը:
- Միանգամայն համամիտ եմ, արմատավորված մտածելակերպի արդյունքում կանանց իրավունքների խախտման դեպքերում մարդիկ, գերադասում են լռել:Պատճառն այն է, որ գենդերային իրավահավասարության հարցում հասարակության իրազեկվածության աստիճանը դեռեւս ցածր է:
Ժողովրդական պաշտպանի գործառույթներից է նաեւ հանրակրթական գործունեությունը՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության տեսանկյունից: Բնականաբար, դա առնչվում է նաեւ գենդերային իրավահավասարության թեմային, որին անդրադառնում ենք պարբերաբար։ Ցավոք, հարկ է խոստովանել, որ դեռեւս առկա է տեղեկատվության մեծ պակաս:
Ահա ինչու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, գենդերային խտրականությունից կանանց եւ տղամարդկանց իրավական պաշտպանությունը ժամանակի հրամայական պահանջն է։

Զրույցը վարեց
ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 
< Փետրվար 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28