Այս մարդուն, ում մասին գրում եմ, Թբիլիսիի թիվ 104 դպրոցում տեսնում են գրեթե ամեն օր։ Նա գալիս է այս կրթօջախ, որպեսզի տուն տանի իր երկու թոռնուհիներին՝ 2-րդ դասարանցի Սվետլանային ու 6-րդ դասարանցի Իռենին, ովքեր սովորում են այստեղ։ Նա վաստակաշատ ու ճանաչված թբիլիսցի գեղանկարիչ Գեւորգ Մանոյանն է։ Մանոյանը մեր երկրի կերպարվեստի աշխարհին ծանոթ է իր ինքնատիպ վրձնով։ Նրա կտավներն ու առանձնապես նատյուրմորտները ցուցադրվել ու դեռ ցուցադրվելու են զանազան պատկերասրահներում, զարդարում եւ դեռ զարդարելու են գեղարվեստի սիրահար հավաքորդների բնակարաններ։ Իր ստեղծագործական հարուստ կենսագրության մեջ, սակայն, նա նման պահեր դեռ չէր ունեցել…
Փետրվարի 13-ին Գեւորգ Մանոյանի ստեղծագործությունների համար «պատկերասրահ» էր դարձել Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի գողտրիկ բեմը, իսկ հանդիսատեսը դպրոցի աշակերտները, ծնողները եւ ուսուցիչներն էին։Իր բովանդակությամբ փոքր-ինչ անսովոր այդ միջոցառումը, որ կազմակերպվել էր դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի նախաձեռնությամբ եւ կրթօջախի հայոց լեզու-գրականություն, երգ-երաժշտություն առարկաների ուսուցչուհիներ Գյուլնարա Հարությունովայի ու Մարինե Արշակյանի մեղվաջան աշխատանքի շնորհիվ, կդառնա նրա մասնակիցների՝ կրթօջախի աշակերտների կյանքի հիշարժան օրերից մեկը։
Երբ աշակերտները դահլիճում տեսան Գ.Մանոյանին, շատերը զարմացած բացականչեցին. «Ախր այս նկարիչը մեր Սվետայի ու Իռենի պապիկն է, ինչպե՜ս չգիտեինք»։ Կենդանի արվեստագետի հետ շփվելու, նրան հաղորդակից լինելու հնարավորությունը, հանդիսավորության հետ մեկտեղ, նաեւ մի անբացատրելի ուրախությամբ էր բովանդակել դպրոցի շնորհալիների՝ երգ ու ասմունքի պատանի վարպետների ներկայացրած գրական-երաժշտական կոմպոզիցիան, որը գեղեցիկ անդրադարձ էր գեղանկարչի կյանքի կարեւոր եւ ուսանելի փաստերին ու իրադարձություններին։ Իսկ նրան ուղղված հարց ու պատասխանը դարձավ անմոռանալի մի զրույց՝ կյանքի մասին, ինչից պատանիներն անշուշտ քաղեցին շատ օգտակար դասեր։
«Սիրեք ձեզ շրջապատող բնությունը, մարդկանց ու ձեր ազնիվ գործերով ու ապրելու կերպով գեղեցկացրեք կյանքը, դարձրեք այն ավելի լավ ու բարի»,- սա էր Գեւորգ Մանոյան արվեստագետի՝ իր պատանի լսարանին ուղղված ցանկությունն ու՝ կտակը։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ