Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՏՀԱՃ ՄԻՋԱԴԵՊ ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՏՀԱՃ ՄԻՋԱԴԵՊ ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Փետրվարի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ տխուր ու տհաճ միջադեպ, որը լայն արձագանք, վրդովմունք եւ որոշակի տարակուսանք առաջացրեց վիրահայ համայնքում։

Այդ օրը, մայրաքաղաքի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում հավաքված հավատացյալները, թբիլիսցի Գեորգի Էլիբեգովի կողմից Վիրահայոց թեմի հասցեին կատարած սադրիչ հայտարարությունների կապակցությամբ, հեռախոսով կապվեցին նրա հետ։ Մարդիկ հուսով էին, որ նա կպարզաբաներ, թե ինչ աղբյուրներից է ստացել նման տեղեկատվությունը։ Ի պատասխան այդ օրինական պահանջին, Էլիբեգովի կողմից հնչեցին հայհոյանքներ։ Իր նվիրական զգացումներում վիրավորված հավատացյալների խումբը, եկեղեցու դեմ զրպարտությունները դադարեցնելու պահանջով, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ, շարժվեց եկեղեցուց երեք-չորս հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Էլիբեգովի տան կողմը։ Տան մոտ, Էլիբեգովը, իրեն բնորոշ կոպիտ ձեւերով, Տեր Մանուկին հասցրեց բանավոր եւ ֆիզիկական վիրավորանքներ, որին ի պատասխան, համբերությունից դուրս եկած մարդիկ ստիպված էին պատասխանել նույն ձեւով։ Փախչելով տուն, Էլիբեգովը վայրկյաններ անց դուրս թռավ կացնով, որը թափահարելով փորձեց հարձակվել հավաքվածների վրա, նույնիսկ թեթեւակի վիրավորեց նրանցից մեկին։ Սկիզբ առած ծեծկռտուքը կանխեցին պարեկային ոստիկանության ներկայացուցիչները, որոնք Էլիբեգովի դեմ հարուցեցին քրեական գործ։
Ահա փետրվարի 16-ին տեղի ունեցածի հակիրճ նկարագիրը։
Իսկ ի՞նչն էր այն դրդապատճառը, որի հետեւանքով տեղի ունեցավ թբիլիսահայերի համար նվաստացուցիչ վերոնշյալ միջադեպը։
Ընդհանուր առմամբ, վիրահայ համայնքի կյանքի հետ մինչեւ վերջին ժամանակներս գրեթե ոչ մի առնչություն չունեցող Գեորգի Էլիբեգովը, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին հաջորդած իշխանափոխությունից հետո (գուցե եւ մինչ այդ), միացել էր «Վրացական երազանքին», թեպետ այսօր «Երազանքը» ժխտում է նրա անդամակցության փաստը։
Ավելին, իրեն ներկայացնելով Վրաստանի նախագահին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների հանձնաժողովների անդամ (նախագահի աշխատակազմում պարզաբանեցին, որ նախագահին առընթեր նման խորհուրդ գոյություն չունի)՝ Գեորգի Էլիբեգովը, որին մինչ այդ հայկական թատրոնի ներկայացումներին ոչ մեկը չի տեսել անգամ, առանց հաշվի առնելու «խոսքի ազատության» հիմնադրույթի շրջանակներում ձեւավորված բարոյական շրջանակները, կիսավրացերեն, կիսառուսերեն եւ, ամենակարեւորը, բացարձակապես խեղաթյուրված հայերենով «Օբյեկտիվի» հեռուստաալիքով տարվող իր «հայկական հեռուստաժամի» առաջին իսկ հաղորդումներից «խաչակրաց արշավանք» սկսեց Թբիլիսիի պետհայդրամայի թատրոնի դեմ։ Գրեթե բոլոր «հեռուստաժամերի» տեսագրության վերլուծությունը հստակորեն վկայում է, որ անկախ հաղորդման թեմայից, Գ.Էլիբեգովը, չգիտես ինչու, միտումնավոր խոսակցությունն ուղղում էր թատրոնի ղեկավարության վարկաբեկմանն ու հեղինակազրկմանը։
Բարեբախտաբար, նրա գործադրած ջանքերը ոչ մի արդյունքի չբերեցին, սակայն «թատերական ասպարեզում» նրա տապալումը չսթափեցրեց նրան։ Գեորգի Էլիբեգովի հաջորդ թիրախը դարձավ ոչ այլ ոք, այլ Վիրահայոց թեմը եւ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Այս անգամ «արվեստագետ» Էլիբեգովը վերածվեց «ֆինանսիստ» Էլիբեգովի, քանզի այս անգամ հակադրության պատճառը շատ ավելի «պատկառելի» էր։ Խոսքը վերաբերում էր ֆինանսներին։
Իսկ ամեն ինչ սկսվեց փետրվարի 7-ին, երբ Գեորգի Էլիբեգովը ռուսական «Ռեգնիում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սրբազանին մեղադրեց եկեղեցուն հատկացված ֆինանսների յուրացման, հայ հավատացյալների շրջանում իբր հակավրացական տրամադրվածություններ սերմանելու մեջ եւ այլ, անկասկած, շինծու մեղքերում։ Հատկանշական է այն, որ Էլիբեգովն իր այդ հարցազրույցում, քննադատելով Սրբազանին, «մոռացավ» հիշատակել այն լավ ու նշանակալի գործերը, որոնք կատարվել ու կատարվում են վերջին 8 տարիների ընթացքում Սրբազանի նախաձեռնությամբ։ Մասնավորապես, «մոռացավ» նշել, որ Սրբազանի անմիջական մասնակցությամբ վերանորոգվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին, Սամցխե-Ջավախեթիում վերանորոգվեցին եւ կառուցվեցին մոտ հինգ տասնյակ եկեղեցիներ, առաջնորդարանին կից բացվեց «Հայարտուն» մշակութային կենտրոնը՝ իր բազմաբնույթ եւ բազմաթիվ խմբակներով։
Առաջին մեղադրանքի կապակցությամբ, ըստ Էլիբեգովի, Սրբազան հայրը, խուսափելով համայնքի առջեւ հաշվետվություն ներկայացնելուց, իբր յուրացրել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից՝ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգման համար հատկացված 100 հազար լարին։ Ապա նրա կողմից հետեւում է աներկիմաստ զգուշացումը՝ նկատի ունեցեք, խորհրդային ժամանակահատվածում վնասներ կրած կրոնական չորս միավորումներին (Վիրահայոց թեմին, մահմեդականներին, կաթոլիկներին եւ հրեաներին¤ որպես փոխհատուցում Վրաստանի կառավարության կողմից հատկացվող 4,5 միլիոն լարի գումարն էլ «իվանիշվիլյան 100 հազար լարիանոց հանգանակության» բախտին կարժանանա։
Ճիշտ է, «Ռեգնումը» արդեն հաջորդ օրը, մեր կարծիքով, յուրովի ընդունելով վերոնշյալ հրապարակման լույսընծայման գործում իր մեղքի բաժինը, հրապարակեց Վիրահայոց թեմի առաջնորդարանի հայտարարությունը, ըստ որի՝ այդ փողերի հետ ոչ միայն առնչություն չի ունեցել, այլեւ չի տեսել այդ գումարը, որ Իվանիշվիլու հատկացրած 100 հազար լարին «Քարթու» հիմնադրամից անմիջականորեն փոխանցվել է բանկ, որն, իր հերթին, կապալառու շինարարական կազմակերպության հետ իրականացնում է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու վերանորոգումը։
Սակայն Էլիբեգովին վերոնշյալ պարզաբանումը չկանգնեցրեց, սադրիչ հայտարարությունների հոսքը շարունակվեց։ Այս անգամ Գեորգի Էլիբեգովը շատ ավելի վարկաբեկիչ ու ամոթալի հայտարարություններով հանդես եկավ «Օբյեկտիվի» հեռուստաընկերության եթերով եւ «Ասավալ Դասավալի» թերթի էջերում։
 Մեր «հերոսի» պատկերը ամբողջացնելու համար, հավանաբար, տեղին է հիշեցնել եւս մի հանգամանք. վրացական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Գեորգի Էլիբեգովը, անդրադառնալով Երեւանի 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններին, հայտարարեց, որ իբր ցույցը առանձնակի դաժանությամբ ցրել են ոչ ավել, ոչ պակաս, «Վրաստանից կանչված հատուկ ջոկատայիններ»։ Թող ընթերցողը դատի, թե ի՞նչ քողարկված նպատակ էր հետապնդում նման սադրիչ հայտարարության հեղինակը։
Ցավոք, ԶԼՄ-ների եւ հեռուստաալիքների միջոցով վերոնշյալ սադրիչ, ստահոդ հայտարարությունները բավականին երկար ժամանակ ոչ մի արձագանք չառաջացրին։ Հենց այդ լռությունն էլ, ըստ երեւույթին, Գեորգի Էլիբեգովի մեջ է՚լ ավելի ամրացրեց անպատժելիության զգացումը, որն իր անմիջական արտահայտությունը գտավ փետրվարի 16-ին ծավալված իրադարձություններում։
Օրինաչափ հարց է ծագում. ինչպե՞ս հասանք այս օրվան։ Ո՞վ է մեղավոր տեղի ունեցածի համար՝ միայն Էլիբեգո՞վը, թե՞ մենք բոլորս ունենք մեր մեղքի բաժինը։ Ինչո՞ւ ոչ ոք չուզեց ժամանակին հրապարակավ հայտարարել, որ Էլիբեգովի ասած ամեն մի խոսքը զրպարտություն է։ Ինչո՞ւ էինք լռում, թե՞ այս անգամ էլ գործեց «աղբը տանից դուրս չբերելու» չարաբաստիկ սկզբունքը, առանց մտածելու, որ միշտ կգտնվեն այնպիսիները, ովքեր մեր յուրաքանչյուր բացթողումը, յուրաքանչյուր զիջումը կօգտագործեն իրենց նենգ նպատակներին հասնելու համար։ Տվյալ պարագայում ակնհայտ է՝ Գեորգի Էլիբեգովը կամ նրա ետեւում կանգնած ուժերը կամա թե ակամա, գիտակցաբար կամ առանց հասկանալու հետապնդում են վիրահայ համայնքի վարկաբեկման նպատակ։ Դա ձեզ չի հաջողվի, պարոնայք…

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Փետրվար 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28