Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ԷՌՆԱՅԻ «ԱՆՄՇԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԷՌՆԱՅԻ «ԱՆՄՇԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Էլ.փոստ Տպել PDF

Այսօր, երբ թբիլիսյան ավանդական մշակույթը բազմակողմանիորեն կերպարանափոխվում է, երբ մոռացության փոշին կլանում է այդ մշակույթը եւ կտրուկ փոխում քաղաքի տեսքն ու ապրելակերպը, Էռնա Դոլմազովան՝ հայ նկարիչների թբիլիսյան նշանավոր դպրոցի երիտասարդ ներկայացուցիչը, հաջողությամբ շարունակում է կրել այդ օջախի հրաշալի ավանդույթները:
Երբ այս հոդվածը պատրաստվում էր հրապարակման, Էռնայի կյանքում տեղի ունեցավ իր կյանքի, երեւի թե, ամենաերջանիկ պահերից մեկը. ծնվեց նրա անդրանիկ զավակը՝ Գիորգին։ «Վրաստան» թերթի խմբագրությունը ի սրտե շնորհավորում է քեզ, Էռնա։

Էռնան ծնվել է 1975 թվականին, Թբիլիսիում: Ընտանիքը բնիկ թբիլիսցիների սերունդ է: 1992-2000 թթ. սովորել է մայրաքաղաքի Իակոբ Նիկոլաձեի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության ֆակուլտետում, իսկ հետագայում՝ ուսումնարանին կից փորձարարական արհեստանոցում: Այժմ էլ նա բնակվում ու արարում է Թբիլիսիում եւ ակտիվորեն մասնակցում ինչպես տեղի, այնպես էլ՝ միջազգային տարբեր ծրագրերին: Նրա աշխատանքները պահվում են Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ավստրիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում:
Դժվար է մատնանշել կամ տարբերել, թե ո՞րն է տեսանելին ու անտեսանելին: Արդյոք տեսանելի է այն, ինչ մարդկային ա՞չքն է տեսնում, թե՞ այն, ինչ հոգուն է տեսանելի: Ժամանակակից Արեւմուտքն օրինակ, հենվում է մարդկային տեսողական օրգանի՝ աչքի վրա: Եվ առարկաները՝ մարգարտե ուլունքները, ծաղիկները, նուռը, խեցին, կարի մեքենան եւ կամ սակվոյաժը տեսնում է միայն արտաքին տեսքից՝ չտեսնելով այն, ինչ թաքնված է դրա հետեւում. տեսնում է խխունջի խեցին, բայց՝ ոչ այդ խեցու մեջ թաքնված խխունջը: Արեւելքը երբեւէ չի վստահել միայն օրգանական աչքին: Եվ սա բացատրվում է նրա հարուստ կենսափորձի փիլիսոփայությամբ: Գոյի իրականություն կարող է համարվել միայն այն, ինչ տեսանելի չէ աչքին, լսելի չէ ականջին ու նույնիսկ մարդու մտքով անգամ չի անցնում: Ահա այս արեւմտա-արեւելյան որոնումների շեմին է գտնվում Էռնա Դոլմազովայի աշխատանքների գաղափարաբանությունն ու էսթետիկան: Նրա գույների գամման խայտաբղետ չէ՝ մուգ գույներ ու հանկարծ ինչ-որ տեղից ներխուժած մեծամուլի: Այս գույնով խեցգետին է նկարում: Ո՞ւմ մտքով կանցներ, որ խեցգետինը կարող է հայտնվել կնոջ գլխին, իսկ նույն այդ կնոջ քողը՝ մարգարտից լինել: Նկարչուհու գեղանկարչական աշխատանքների գերակշիռ մասը մարգարիտների առկայությամբ է պայմանավորվում: Առաջին հայացքից սա վրձնի շատ հեշտ հպում է, որ պիտի ներկի կտավի անհրաժեշտ մասերը, պահպանի անցյալում մնացող գեղեցկությունը, քողարկի մերկությունն ու ավելին՝ մարգարիտներով նամակ գրի:
Վերոնշյալ արեւմտա-արեւելյան գաղափարա-էսթետիկական որոնումների շնորհիվ, նրա աշխատանքները ազատ են ժամանակի եւ տարածության կոնկրետությունից ու կաղապարներից: Նկարների վերնագրերն էլ պայմանական են, մենք կարող ենք տեսնել մի բան, իսկ նկարչուհու մտահղացումը բոլորովին տարբերվի մեր առջեւ խոյացող տեսանելիից: «Յուրաքանչյուր մշակութային արարում ապրում է իր սահմանների մեջ, դրա մեջ է նրա լրջությունը»:
Էռնան աշխատասեր է, դեռ ուսանողական տարիներից երբեք  չի խուսափել դժվարություններից: Նրան հատկանշական են ստեղծագործական նորարարությունը, համարձակությունը, վճռականությունը, ընդօրինակումներն ու դրանց արդի շունչ հաղորդելու ունակությունը: Իր գեղանկարչական երկերում օգտագործում է Կլիմտի, Վերմերի եւ Բրեյգելի կերպարները: Աշխատում է բոդի արտում, եւ ընդհանրապես, գեղանկարչությունից բացի, ուշագրավ են նրա ստեղծած պլաստմասսե նմուշներն («Հին կոշիկներ», 2006թ.) ու բազմաթիվ կոլաժները, որոնց մեջ հատկապես է արտահայտվել Էռնայի իմպրովիզացիայի տաղանդը: Նրան ամբողջությամբ կլանել է գեղարվեստի «աղետը», քանի որ ներկերը, լուսանկարները, չորացած բույսերը, հյուսվածքի կտորները, փայտե տախտակներն ու գդալները, սաթագուրի մկան ծուղակներն ու այլ իրերն օգտագործելով նույն հարթության ու տարածության մեջ, նա կատարելապես անկրկնելի աշխարհ է ստեղծում:
2013 թվականի նոյեմբերին Թբիլիսիի պատմության թանգարանում՝ Քարվասլայում, կայացած Էռնայի չորրորդ՝ «Անմշակ պատմություններ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, յուրահատուկ երեւույթ էր Թբիլիսիի մշակութային կյանքում: Այստեղ նույնպես Էռնայի հավաքածուն տատանվում էր դասական ոճի կոլաժների ու նմուշների միջեւ, կրկին անգամ աչքի էին ընկնում յուրօրինակությամբ, գաղափարի եւ օգտագործած տեխնիկայի ներդաշնակությամբ, տարբեր տեսակի նյութերի եւ յուղաներկերի միաձուլմամբ: Հիմնականում ցուցադրված էին խոհանոցում օգտագործվող սովորական փայտե տախտակները, որոնց վրա ներանձնական ու համամարդկային պատմություններ էին զարգանում՝ «Խաչելիություն», «Նկարչուհու դիմանկար», «Մանուշակագույն մազերով կինը՝ մայրամուտի եւ արեւածագի պահին», «Ֆլեյտայի պայուսակը», «Միանձնուհին» եւ այլն:
Էռնայի գեղանկարչությունը առանձնանում է եւս մեկ տարբերվող հատկությամբ. դա համարձակ ոճի որոնումներն են, թեմաները, ստեղծվող համադրությունները, որոնք նա առավել է խորացնում, արդիականացնում այն ավանդական «անմշակ» գործընթաց կոչվածը, որն արեւմտա-արեւելյան մշակույթների խաչմերուկում ստեղծում էր թբիլիսյան հայ-վրացական եզակի գեղարվեստի դպրոցը:

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳԱԲՈՒՆԻԱ
Արվեստագետ, համադրող

 
< Մարտ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31