Արդեն յոթերորդ տարին է, ինչ երկրում գործողության մեջ է դրվել «Գյուղի զարգացման ծրագիրը», որը նպատակաուղղված է նյութական աջակցություն ցույց տալ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական, մշակութային, կենցաղային ու մյուս ոլորտների զարգացմանը, ընդառաջել բնակչության կարիքներին` հույժ կարեւոր հիմնախնդիրների կենսագործման համար:
Թե ինչ է տալիս «Գյուղի զարգացման ծրագիրը» Նինոծմինդայի շրջանին, ինչպես է այն իրականացվում, այս մասին է մեր հարցազրույցը տեղական մունիցիպալիտետի վարչության նախագահ Գագիկ Կարսլյանի հետ:
- Պետության կողմից նախաձեռնված նման ծրագիրը, անշուշտ, նորություն է մեր կյանքում եւ անչափ կարեւոր դեր է խաղում գյուղի բնակչության հոգսերն ու կարիքները թեթեւացնելու, տարիների կուտակած կենսախնդիրները լուծելու համար, խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում առաջ են եկել եւ հարուցում են մարդկանց օրինական դժգոհություններն ու գանգատները:
- Իսկ առավել ցավոտ ու հրատապ լուծման ենթակա խնդիրները որո՞նք են:
- Դրանք, իհարկե, շատ են, բայց առաջին հերթին կառանձնացնեինք բնակչությանը խմելու ջրով ապահովելը: Մի բազմաչարչար հարց, որը տարիներ շարունակ չի իջնում օրակարգից:
- Եվ հիմա, ավելի ճիշտ, մոտ ապագայում բոլոր բնակավայրերը կապահովվե՞ն խմելու ջրով:
- Անպայման: Այդ ուղղությամբ վերջին տարիներին հատկապես լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում եւ հիմա էլ շարունակվում են: Բանը նրանում է, որ անցյալ դարի կեսերից շրջկենտրոնում եւ գյուղական վայրերում շինարարական լայն աշխատանքներ ծավալվեցին: Կառուցվեցին գեղեցիկ ու հարմարավետ մենատներ, գյուղական բնակտարածքները դուրս եկան իրենց նախկին սահմաններից, ընդարձակվեցին, առաջացան նորանոր փողոցներ ու թաղամասեր: Եվ մարդիկ, ինչպես ասում են, այլեւս չէին ուզում ապրել հին ձեւով: Գետերի ու լճերի ջուրը հնարավոր չէր օգտագործել խմելու եւ այլ նպատակների համար: Եվ սկսվեցին նոր ջրագծեր կառուցվել: Բայց աճած պահանջները այդպես էլ չէր բավարարվում: Սպառողները շատ, միջոցները` սակավ: Հենց այստեղ էլ մեզ օգնության հասան «Գյուղի զարգացման ծրագրի» միջոցները: Եթե առաջին տարիներին շրջանին տրամադրվում էր շուրջ 300 հազար լարի, ապա այն գնալով աճեց, իսկ 2014 թվականին նախատեսված է 547 հազար 127 լարի: Այդ գումարի 35-40 տոկոսը նպատակամղվում է ջրագծերի կառուցմանը: Այսպես, օրինակ, Գանձա, Սաթխա, Գորելովկա, Օրոջալար, Հեշտիա, Սպասովկա, Փոքր Խանչալի եւ մի շարք այլ գյուղերում անցկացվեցին նոր ջրագծեր: Բացի այդ, տեղական միջոցներով նոր ջրատար է կառուցվում Հեշտիայի բնակտարածքում, որի համար հատկացվել էր 460 հազար լարի: Այդ գումարից 330-ը իրացվել է, մնացածը կծախսվի կառույցի վերջնական ավարտի վրա, որը լրիվությամբ շահագործման կհանձնվի առաջիկա ամիսներին: Դրանով իսկ խմելու ջրի հարցը կլուծվի Հեշտիա, Ուչմանա, Թորիա գյուղերում:
Այսպիսով, շրջանի ողջ բնակչությանը խմելու ջրով ապահովելու հիմնահարցը մոտ ապագայում իր վերջնական, դրական լուծումը կստանա:
- Իսկ անցյալ տարվանից անավարտ, կիսատ գործեր մնացե՞լ են:
- Ինչպես ասում են, «հաշիվներս» լրիվ փակել ենք 2013 թվականի հետ: Նախատեսված 48 ծրագիրն էլ լրիվությամբ իրագործվել է: Ընդ որում տարբեր ոլորտներում կատարվեցին բազմաբնույթ աշխատանքներ, այդ թվում` ճանապարհաշինություն, կենցաղի, ծիսակատարությունների տների կառուցում ու վերանորոգում եւ այլն:
- Ճանապարհաշինություն ասելով նկատի ունեք միջհամայնքային ճանապարհների նորոգո՞ւմը:
- Եվ ոչ միայն միջհամայնքային ճանապարհների, այլեւ գյուղերի փողոցների բարեկարգումը, մասնակիորեն նաեւ դաշտամիջյան ճանապարհները, ինչպես եւ նոր կամուրջների կառուցումն ու հների նորոգումը: Ասեմ նաեւ, որ ճանապարհների նորոգման համար եւս քիչ միջոցներ չենք տրամադրում, բայց դարձյալ այդ ուղղությամբ շատ անելիքներ կան: Անցյալ տարի, օրինակ, ինչպես հարկն է նորոգվել էր շրջկենտրոնից դեպի Հեշտիա-Թորիա տանող եւ այլ ավտոճանապարհներ: Գարունը իր «գործը» արեց եւ այդ ճանապարհները դարձյալ նորոգման կարիք ունեն: Հիմա երթեւեկությունը անհամեմատ ինտենսիվ է, տարբեր մակնիշի մեքենաներ ու տրակտորներ են անցնում, որոնք էլ իրենց հետքն են թողնում: Պակասը լրացնում են վարար անձրեւների ու ձնհալոցքի ջրերը: Դարձյալ նորոգման պետք է ենթարկվեն շրջկենտրոնից դեպի Դիլիֆ, Փոքր Խանչալի, Հեշտիա-Թորիա եւ մյուս գյուղերը տանող ճանապարհները, ինչպես նաեւ գյուղերի փողոցներն ու հարակից տարածքները: Հաշվի առնելով իրերի բուն վիճակը, միջհամայնքային ու գյուղամիջյան ճանապարհների նորոգման ու բարեկարգման համար այս տարի 120 հազար լարի էլ տեղական միջոցներից ենք հատկացրել:
- Գյուղական բնակչությունը ուրիշ ի՞նչ հրատապ պահանջներ է ներկայացնում` կապված ժամանակի հրամայականի հետ:
- Պահանջները, իհարկե, շատ են, բայց կարեւորներից է նաեւ ծիսակատարությունների տներ ունենալը: Ճիշտ է, նախկինում ո՞ւմ մտքով կանցներ, թե գյուղում պետք է կառուցել հարսանքատուն կամ այլ նպատակի ծառայող շենքեր: Իսկ այսօր այդ հարցերը նույնպես առաջին պլան են մղվել: Եվ կառուցում ենք: Ծիսակատարությունների այդպիսի մի գեղեցիկ շենքի շինարարությունը ավարտվում է Սաթխա գյուղում, որին օգնության ձեռք են մեկնել նաեւ տեղի բարեգործները: Արարողությունների տներ են կառուցվում եւ կառուցվել ու շահագործման են հանձնվել Սաղամո, Կաթնատու, Ղուլալիս, Թորիա, Ուչմանա եւ մի քանի այլ բնակավայրերում: Գյուղական ծրագրով նորոգման կենթարկվեն մանկապարտեզներ, մշակույթի ու կենցաղի տներ, այլեւայլ օբյեկտներ:
Վերջին հաշվով կյանքը շարժվում է, շարժվում առաջ, իր հետ բերելով նորանոր պահանջներ ու հիմնահարցեր: Չես կարող անտեսել, աչքաթող անել մարդկանց կարիքներն ու հոգսերը: Ահա այդ նկատառումներից ելնելով էլ երկրի կառավարությունը առաջ քաշեց գյուղի աջակցության ծրագիրը, որով պայմաններ են ստեղծվում բնակավայրերի զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, կյանքի պայմաններն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Հարցազրույցը վարեց
ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ
ք. Նինոծմինդա