Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՎԱԽԹԱՆԳ ԽՄԱԼԱՁԵ. «ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳԻՏԵՆԱՆ, ԹԵ ՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՐ ՊԱՇՏՈՆԻՆ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ»

ՎԱԽԹԱՆԳ ԽՄԱԼԱՁԵ. «ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳԻՏԵՆԱՆ, ԹԵ ՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՐ ՊԱՇՏՈՆԻՆ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ»

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի խորհրդարանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կապակցությամբ փոփոխություններ կատարեց ընտրական օրենսգրքում։ Փոփոխություններն առնչվում են ինքնակառավարման քաղաքների թվին, դրանց քաղաքապետերի, սակրեբուլոյի անդամների ընտրության կարգին, ընտրական նվազագույն արգելագծի մեծությանը, ընտրություններին մասնակից կուսակցությունների ֆինանսավորմանը եւ այլն։ Վերոնշյալ փոփոխությունների համաձայնեցման համար, խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմավորվել էր արտախմբակցային խումբ։ Ճիշտ է, վերջին հաշվով խորհրդարանն ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրարը, թեպետ խորհրդարանական ընդդիմադիր եւ ոչ խորհրդարանական կուսակցությունները նշում են, որ փոփոխությունները կատարվել են հօգուտ կառավարող կոալիցիայի։ Մանրամասների հստակեցման համար մենք դիմեցինք Վրաստանի խոհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ Վախթանգ Խմալաձեին։

- Բատոնո Վախթանգ, նախ հակիրճ ներկայացրեք այն հիմնական փոխությունները, որոնք կկիրարկվեն տեղական ինքնակառավարման առաջիկա ընտրություններին։
- Ինքնակառավարման բարեփոխումների արդյունքում, մինչ այդ գործող ինքնակառավարման հինգ քաղաքներին ավելացան եւս յոթը։ Օրենքում նշվեց, որ այդ թիվն էլ վերջնական չէ եւ ժամանակի ընթացքում փոխվելու է։ Փոփոխությունների համաձայն, ինքնակառավարման միավորում (մունիցիպալիտետում) սակրեբուլոյի անդամների հետ միասին ընտրական է դառնում նաեւ վարչության նախագահի, քաղաքապետի պաշտոնը։ Հիշեցնեմ, որ մինչ այդ, ընտրովի էր միայն Թբիլիսիի քաղաքապետը։ Հստակեցվեց նաեւ ընտրությունների երկրորդ տուրի անցկացման հարցը։ Եթե մինչ այդ քաղաքապետի ընտրություններում երկրորդ տուրը նշանակվում էր այն դեպքում, երբ թեկնածուները 33 տոկոսից քիչ ձայներ էին հավաքում, ապա այժմ հաղթող է համարվում նա, ով կհավաքի ձայների 50 եւ ավելի տոկոսը, հակառակ դեպքում, նշանակվում է երկրորդ տուր, որին կմասնակցեն ընտրություններում առաջին երկու տեղերը գրաված թեկնածուները։
Ինչ վերաբերում է սակրեբուլոյի անդամների ընտրությանը, ապա այստեղ արգելագիծն ավելի ցածր է, քանի որ 50 տոկոսի արգելագծի սահմանման դեպքում, բացառված չէր, որ ստիպված կլինեինք 700-ից ավելի տեղերի համար անցկացնել երկրորդ տուրը, ինչը կապված է լրացուցիչ ֆինանսների, տեխնիկական միջոցների եւ այլնի ծախսման հետ։
- Կառավարող կոալիցիայի նախաձեռնությամբ, կատարված փոփոխությունները արգելում են քաղաքապետի թեկնածուին միաժամանակ քվեարկվել նաեւ որպես սարկեբուլոյի անդամ։
- Իրոք, դա այդպես է։ Մինչ այդ, միեւնույն անձը կարող էր միաժամանակ հավակնել քաղաքապետի եւ սակրեբուլոյի անդամի պաշտոնին։ Դա սխալ մոտեցում է։ Ընտրողները պետք է հստակորեն իմանան, թե որ թեկնածուն որ պաշտոնին է հավակնում։ Եթե ընդունենք ընդդիմության մոտեցումը, ապա ստացվում է, որ քվեարկվողի համար միեւնույն է, թե որ պաշտոնը կզբաղեցնի՝ քաղաքապետի՞, թե՞ սակրեբուլոյի անդամի, գլխավորը որեւէ  բազկաթոռ զբաղեցնելն է։ Եթե ընտրություններին մասնակից կուսակցությունը այդ պաշտոնների համար չի կարող առաջադրել տարբեր թեկնածուների, ապա, ըստ իս, ընտրություններին նրա մասնակցությունը կորցնում է իմաստը։
- Ինքնակառավարման մասին օրենքում հստակեցվել են սակրեբուլոյի եւ քաղաքապետի, վարչության նախագահի իրավասությունները։ Եթե սակրեբուլոյին վերապահվում է քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավասությունը, ապա ի՞նչ իմաստ ունի նման քաղաքապետի ընտրությունը։
- Ըստ իս, հարցադրումը սխալ է։ Եթե օրինակ, ընտրված քաղաքապետն իր աշխատանքի ընթացքում ընդունում է սխալ որոշումներ, կատարում է չհիմնավորված քայլեր, ի՞նչ է՝ սպասելու ենք մինչեւ համակարգի լրիվ քայքայո՞ւմը։ Կամ, ասենք, թույլ է տալիս օրինախախտում։ Համաձայնեք, որ նման դեպքերի համար սարկեբուլոյի իրավասությունն ավելի քան տեղին է։
Միաժամանակ նշեմ, որ քաղաքապետին պաշտոնանկ անելու համար քվեարկելու է սակրեբուլոյի անդամների երկու երրորդը, իսկ դա նշանակում է, որ միայն կառավարող կոալիցիայի ջանքերով քաղաքապետին պաշտոնանկ անել հնարավոր չի լինի, քանի որ չեմ կարծում, որ սակրեբուլոներում «Վրացական երազանքը» կունենա նման ներկայացուցչություն։
- Իսկ ինչի՞ վրա է հիմնված Ձեր այդ կասկածը։
- Որովհետեւ մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ տեղական մարմիններում մյուս կուսակցություններն ունենան ներկայացուցչություններ։ Մասնավորապես, կատարած փոփոխություններով համամասնական ընտրակարգով քվոտաները հասցրինք 15-ի, հետեւաբար, ընտրական արգելագիծը կազմեց 6,5 տոկոս։ Այնպես որ, կուսակցությունը, որը կհավաքի ընտրողների ձայների ոչ թե 10, այլ վեց տոկոսը, սակրեբուլոյում կունենա իր ներկայացուցիչը։ Նվազեցրինք նաեւ պետբյուջեից կուսակցությունների ֆինանսավորման արգելագիծը։ Հետեւաբար, սակրեբոլոներում կոալիցիայի կողմից երկու երրորդը ունենալու հավանականությունը շատ փոքր է։
- Քանի որ խոսք բացվեց ֆինանսավորման մասին, խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցությունները հայտարարում են, որ ֆինանսավորումն անհրաժեշտ է ոչ թե ընտրություններից հետո, ինչպես նշված է փոփոխություններում, այլ դրանից առաջ։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Եկեք լինենք հետեւողական, Վրաստանում շուրջ 200 կուսակցություն կա։ Ընտրություններին այդ կուսակցությունները շատ ավելի քիչ ձայներ են հավաքում, քան անհրաժեշտ է կուսակցության գրանցման համար (հիշեցնեմ, որ կուսակցության գրանցման համար անհրաժեշտ է 1000 պատվիրակի ստորագրություն¤։ Հարց է ծագում. նման կուսակցություններն ինչո՞ւ պետք է ֆինանսավորվեն պետության կողմից՝ ի հաշիվ մեր հարկատուների։
Ընդդիմախոսները նշում են նաեւ գովազդային պայմանների անհավասարության մասին։ Հարցի կարգավորման համար, մեր նախաձեռնությամբ, որոշում ընդունվեց, որ եթե ընտրություններին կուսակցությունը հավաքի 60 հազար ձայն, ապա հաջորդ ընտրություններում գովազդման համար կստանա եռակի ավելի, այսինքն՝ 180 հազար լարի։
- Ընդդիմությունը որոշակի դիտողություններ ունի նաեւ ձայների հաշվման գործընթացում իր ներկայացուցչությունն ունենալու հարցում։
- Դրանում նրանցից ոչ մեկը արգելքներ չի հարուցում։ Փոփոխությունների համաձայն, ընտրական յուրաքանչյուր սուբյեկտ ընտրական հանձնաժողովում եւ տեղամասերում կարող է ունենալ երկուական ներկայացուցիչ։ Ուղղակի, միաժամանակ երկուսն էլ չեն կարող հետեւել ընտրություններին։ Նրանք գործելու են միմյանց փոխարինելով։ Ընտրական տեղամասում նման ներկայացուցիչների համար բյուջեից հատկացվում է 100 լարի։ Եվս մի փոփոխություն. եթե ընդդիմադիր կուսակցությունները հիմնում են դաշինք, ապա վերոնշյալ գումարը 50 տոկոսով ավելացվում է։
- Վերջում մի քանի խոսք՝ ընտրողների ցուցակների մասին։
- Դա, հավանաբար, բոլոր ընտրությունների աքիլլեսյան գարշապարն է։ Որոշակի հստակություն մտցնելու նպատակով կառավարությունը 200 հազար լարիով ձեռք բերեց հատուկ ծրագիր, որը հանրային ռեեստրում առկա տվյալների լուսապատճեններից կազմում է թվային տարբերակը։ Ծրագիրը համեմատում է բազայում առկա քաղաքացիների լուսանկարները։ Այդ տարբերակով, զգալիորեն նվազում է ցուցակներում ազգանունների կրկնության հավանականությունը։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

 
< Ապրիլ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30