Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԱՆԻ ՄՈՍՈՅԱՆ. «ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է, ՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՍ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏԵՆ ՎՐԱՑԵՐԵՆԻՆ»

ԱՆԻ ՄՈՍՈՅԱՆ. «ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է, ՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՍ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏԵՆ ՎՐԱՑԵՐԵՆԻՆ»

Էլ.փոստ Տպել PDF

Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում վրաց լեզու են դասավանդում մի քանի ուսուցչուհի (ի դեպ, բոլորն էլ այս դպրոցի նախկին սաներն են), որոնց նպատակն է իրականացնել «Վրաց լեզուն՝ ապագա հաջողության գրավական» ծրագիրը:

Ներկա պայմաններում լեզու գիտենալը խիստ անհրաժեշտ է (իմաստուններից մեկը ասել է «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»): Ինչ խոսք, անձամբ ես, որպես մայրենի լեզվի ուսուցչուհի, նախապատվությունը տալիս եմ հայոց լեզվին, բայց միեւնույն ժամանակ գլխավոր առարկաներից մեկն է համարվում եւ վրացերենը՝ մեր պետական լեզուն: Ըստ իս, վրացերենի ուսուցումը բարդ գործընթաց է, բայց, միաժամանակ, ընդգծում եմ վրացերենի մեծ կարեւորությունն ու դերը, նրա նշանակությունը մեր առօրյա կյանքում: Վրաստանում ապրող յուրաքանչյուր մարդ շատ լավ պիտի ըմբռնի, թե ինչու պիտի լավ սովորի ու գիտենա պետական լեզուն եւ, համապատասխան կրթություն ստանալուց հետո, ինչ առավելություններ կարող է ունենալ տարբեր բնագավառներում:
Մեր զրուցակիցն է դպրոցում եւ տարածաշրջանում, նաեւ կասեի երկրում ճանաչված վրաց լեզվի մասնագետ, փորձառու ուսուցչուհի Անի Մոսոյանը։
- Նախ, շնորհավորում եմ «Վրաց լեզվի օրվա» կապակցությամբ։
- Շնորհակալություն, մենք՝ դպրոցի վրաց լեզվի ուսուցիչներս, մեր ամենօրյա աշխատանքով անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները լավ իմանան վրացերենը։ 
- Տիկին Անի, մի քիչ պատմեք Ձեր մասին.
- Արդեն քսան տարի է, ինչ աշխատում եմ քաղաքի թիվ 3 հանրային դպրոցում եւ սիրով ու պատասխանատվությամբ  եմ դասավանդում վրաց լեզուն: Մասնագիտությամբ նաեւ հոգեբան եմ, որը եւ, հավանաբար, օգնում է ինձ դասավանդման ընթացքում հաջողության հասնել, սաներիս սիրել տալ պետական լեզուն:
- Ինչպիսի՞ տրամաբանությամբ սկսեցիք ուսումնական տարին, կանխամտածված ինչպիսի՞ ծրագրեր ունեիք:
- Ուստարին սկսեցի մեծ խանդավառությամբ։ Մտածում էի, թե ինչպես է ընկալվելու սաներիս կողմից նոր դասագրքերի հաջորդ աստիճանը։ Իմ նպատակն է աշակերտներին սովորեցնել այնպես, որ նրանք կարողանան յուրացնել առարկան, որ տիրապետեն վրացերենին, ընդունվեն Վրաստանի բուհեր, որ ապագայում իրենց զգան երկրի արժանի ու լիարժեք քաղաքացիներ:
- Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվել վրաց լեզվի ուսուցումը արդյունավետ դարձնելու համար։
- Տարիների ընթացքում միշտ էլ արդիական է եղել ու մնում է կրթական նոր մեթոդների կիրառումը եւ նոր տարատեսակ դասագրքերի կազմումը, որոնք ավելի դյուրին ու արդյունավետ են դարձնում վրացերենի ուսուցումը։ Ըստ իս, ուսուցման կարեւոր օղակն ուսուցիչն է, նրա իմացության մակարդակը, նրա անհատական մոտեցումը: Ուսուցիչն ինքն է ընտրում այն ճանապարհը, որով սիրելի ու մատչելի է դարձնում դասավանդվող առարկան, տվյալ դեպքում՝ վրաց լեզուն։ Ինչ խոսք, սրան օժանդակում են նաեւ կրթական նոր ձեռնարկները: Պետական լեզվի ուսուցման ընթացքում հաճախ կիրառում եմ ինֆորմատիկ-տեխնիկական միջոցներ՝ համակարգիչներ, որոնց օգնությամբ աշակերտները լրացուցիչ տեղեկություններ են ստանում թեմայի վերաբերյալ, կարծիքներ փոխանակում վրաց լեզվով: Արդյունավետ միջոց է աշակերտների բանավոր խոսքի զարգացումը: Սրան նպաստում է համապատասխան վրացախոս միջավայրը:
- Տիկին Անի, որպես վաստակաշատ ուսուցչուհի, փորձո՞ւմ եք օգնել Ձեր դպրոցի մյուս սկսնակ ուսուցիչներին, որոնք Ձեր նախկին սաներն են նաեւ:
- Սիրով եւ հաճույքով եմ օգնում նրանց, ովքեր դիմում են ինձ, ծանոթացնում ուսուցման նոր մեթոդներին:
Անկեղծ ասած, ինքս շատ հաճախ ականատես եմ լինում այն հանգամանքին, որ վրաց լեզվի մյուս ուսուցչուհիները սիրով են համագործակցում մանկավարժի հետ, որ կարողանան մայրենիի նման ուսուցանել վրացերենը: Ձգտում են, պետական լեզուն ոչ միայն սովորեցնել իրենց սաներին, այլեւ սեր ներարկել վրացերենի նկատմամբ (երբեք չմոռանալ նաեւ մայրենին), ծանոթացնել վրաց մշակույթին, որպեսզի նրանք իրենց զգան մեր երկրի լիարժեք քաղաքացիներ, որպեսզի ապագայում լեզվի չիմացության պատճառով դժվարությունների չհանդիպեն:

ԺԵՆՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ

 
< Ապրիլ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30