Թբիլիսիում, «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ հրատարակել է նոր գիրք՝ վիրահայ ճանաչված լուսանկարիչ, ռուսագիր գրող, լրագրող Վալերի Հունանյանցի «Վիլ-Ժուիվ բուժարանի այցելուն» ժողովածուն՝ «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ներառում է երկու ստեղծագործություն։ Սեւակյան բնորոշմամբ «Հայոց երգի վեհափառին»՝ Կոմիտասին, նվիրված պիեսը՝ «Վիլ-Ժուիվ բուժարանի այցելուն», թարգմանել են բանաստեղծներ Արա Արթյանը եւ Անահիտ Բոստանջյանը. իսկ վիպակը՝ Անահիտ Բոստանջյանը, որը նաեւ հրատարակության նախաձեռնողն է, խմբագիրն ու առաջաբանի հեղինակը: Գրքի, ինչպես եւ մատենաշարի, հովանավորն է ամերիկահայ բանաստեղծ Ավիկ Դերենցը: Շապիկի ձեւավորումն ու կոլաժները իրականացրել է հեղինակը: Նշանակալից ու հիշարժան է այն փաստը, որ «Վիլ-Ժուիվ բուժարանի այցելուն» հեղինակի անդրանիկ գիրքն է, ընդ որում՝ միանգամից նրա մայրենի լեզվով՝ հայերենով:
«Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում, Վիրահայ համայնքի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, կայացավ նորընծա այս արժեքավոր գրքի բազմամարդ շնորհանդեսը: Իր խոսքում միջոցառման նախաձեռնող ու վարող Ա.Բոստանջյանը հատկապես անդրադարձավ Վ.Հունանյանցի գրողական ձիրքի, նրա մեջ լուսանկարչի ու գրողի փոխկապվածության ու փոխլրացման, ստեղծագործական վառ երեւակայության, նաեւ նրա հասարակական լայն, ազգապահպան գործունեությանը՝ ընդգծելով այն պարագան, որ նրա խմբագրությամբ հրապարակվող էլեկտրոնային ամսագիրը հրաշալի հայելի է վիրահայոց ու աշխարհասփյուռ հայության դիմապատկերը կերտելու առումով: Գրքի հեղինակին շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին Վան Բայբուրթյանը, Լեւոն Չիդիլյանը, Արտեմ Կիրակոզովը, Լեւոն Օսիպովը, Իրինա Օհանջանովան, Մերուժան Շահումյանը, Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վերջինս հատկապես շեշտեց Կոմիտասի կերպարին անդրադառնալու Հունանյանցի սրտացավ վերաբերմունքի ու հայոց պատմությանը նրա լավ իրազեկության մասին՝ նման գրքերը գնահատելով որպես կարեւոր օղակներ ներկա-անցյալ-ապագա խաչմերուկում:
«Ես անչափ ուրախ եմ, որ վերջապես ունեցա գիրք ու է՚լ ավելի հպարտ եմ եւ ուրախ, որ այդ գիրքը հայերեն է: Շնորհակալ եմ հատկապես Անահիտին՝ այս ամենի համար, Դերենցին եմ անչափ շնորհակալ ու նաեւ Տաթեւիկ Սահակյանին, ով ներշնչեց ինձ Կոմիտասի ու մեր պատմության ամենասարսափելի դրվագներից մեկի՝ 1915 թվականի ցեղասպանության թեման արծարծելու միտքը»,- վերջում ասաց Վալերի Հունանյանցը:
ԱՆԱՀԻՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ