Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Էլ.փոստ Տպել PDF

Ճանաչված, տաղանդավոր գրող Վիկտոր Հովսեփյանի (1949-1996), ով ծնվել, մեծացել ու ողջ կյանքն անցկացրել եւ մահացել է իր հարազատ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, «Երազի գունավոր ծիածան» (Թբիլիսի, 2014թ. «Մծիգնոբարի» հրատարակչություն) չափածո ժողովածուն, օրերս դրվեց ընթերցողի սեղանին։ Դա գրողի հետմահու տպագրված գրքերից մեկն է՝ «Կորուսյալ եդեմ», «Տերենտի Գրանելի», «Վարք զորականի», «Ձուկն ու երիցուկը», «Ութ իմաստուններ» (վերահրատարակված) հրատարակումներից հետո։
Գրքի շնորհանդեսը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում անցավ հետաքրքիր ու տարակարծիք մթնոլորտում։

Այդ օրը համատեղվել էր դասական հեղինակի ու սկսնակ ստեղծագործողներ Արմինե Գեւորգյանի (Նինոծմինդա) «Քարեղեն մատենաշար» եւ ՎՀԳ «Վերնատուն» միության՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի, հայ գրատպության 500-ամյակի, հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության թեմաներով գրական մրցանակաբաշխության հաղթող Արամ Մելիքյանի (Թբիլիսի) «Ավետիսի վրեժը» պատմվածքի մասին ասելիքը։ Այդ հարցում, թերեւս, յուրովի արդար էին տարբեր մոտեցումները՝ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի բարձացրած առանձին եւ պատշաճ խոսքի պահանջը Վիկտոր Հովսեփյան գրողի մասին եւ գրական սերնդի հերթափոխության օրինաչափությանը խոնարհվելու միտումը, ինչի օրինակ դիտվեց համատեղ շնորհանդեսը։
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանի՝ երեկոյի բացման խոսքում մայրենիի պահպանության խնդրի լուծման նախապայմաններից մեկը համարվեց հայ գրքի տպագրումը։ Նա իր շնորհակալությունը բերեց նշյալ գրքերի տպագրության ֆինանսական աջակիցներին՝ Հայաստանի սփյուռքի նախարարությանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմին, Ջավախեթիի «Ռաֆայել-Ջավախ» մշակույթի կենտրոնի հիմնադրամին ու, անշուշտ, Վրաստանի իշխանություններին վիրահայ մշակույթի զարգացմանը նպաստող գործունեության սատարման համար։
Նորընծա գրքերը ողջունեցին եւ պատանի ստեղծագործողներին արժանի երթ մաղթեցին Վան Բայբուրթյանը, բանաստեղծ, թարգմանիչներ Գիվի Շահնազարն ու Անահիտ Բոստանջյանը, թատերական ռեժիսոր  Միքայել Գրիգորյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վ.Հովսեփյանի դուստրերը՝ լրագրող եւ մանկավարժ Գիսանե ու Նանե Հովսեփյանները։
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ողջունեց ու խրախուսեց վիրահայ հոգեւոր կառույցների՝ «Վրաստան» թերթի, ՎՀԳ «Վերնատուն» միության, Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի, Վրաստանի հայ մտավորականների, նկարիչների, երաժիշտների միությունների, «Կամուրջ» ՀԿ եւ այլ օջախների գործունեությունը տեղի հոգեւոր-մշակութային միջավայրը ամրապնդելու գործում։
Խոսք տրվեց նաեւ գրական նախաքայլեր անող հեղինակներին։ Արմինե Գեւորգյանի ու Արամ Մելիքյանի ելույթները գեղեցիկ ու անհավակնոտ խոստովանություն էին իրենց ստեղծագործական փնտրտուքների մասին։
Նշենք նաեւ, որ շնորհանդեսի գեղագիտական-գեղարվեստական հագեցվածությունը ապահովեցին դաշնակահար, միջազգային փառատոների մրցանակակիր Եսայի Աբովյանի, «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանի, Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Էլբակյանի, նինոծմինդացիներ Մարիա Հովսեփյանի ու Աննա Բեզոյանի գեղեցիկ ելույթները։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Մայիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31