Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԲԵԼԼԱ ՕՍԻՊՈՎԱ. «ՆՊԱՏԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է»

ԲԵԼԼԱ ՕՍԻՊՈՎԱ. «ՆՊԱՏԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է»

Էլ.փոստ Տպել PDF

Իր խոսքն սկսելով կյանքի մասին՝ զրուցակիցս՝ Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի գործադիր քարտուղար Բելլա Օսիպովան, խոստովանեց. «Իմ կյանքում ամեն ինչ ստացվում է ինքնին, անսպասելի, նախօրոք ոչինչ չեմ ծրագրում։ Կարելի է ասել, որ լողում եմ հոսանքով։ Իմ սիրելի գրական կերպարը միշտ եղել է Սկարլետ Օ’ Հարան՝ «Քամուց քշվածները» ֆիլմից։ Հիանալիորեն հիշում եմ նրա խոսքերը հիմնախնդիրների լուծման առնչությամբ. «Այդ մասին այսօր չեմ մտածի։ Այդ մասին կմտածեմ վաղը»։ Ես հաճախ եմ առաջնորդվում այդ սկզբունքով եւ հաղթում եմ»։

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Իմ ընտանիքը ծագումով Թբիլիսիից է, այստեղ ապրում է մեր չորրորդ սերունդը։ Ժամանակին ապուպապս հայտնվեց Վրաստանում՝ փրկվելով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից, եւ այդպես էլ մնաց Թբիլիսիում։ Ես շատ եմ սիրում իմ քաղաքը եւ իմ կյանքը չեմ պատկերացնում առանց նրա, թեպետ, խոստովանեմ, որ ունեցել ենք այստեղից հեռանալու հնարավորություն։ Ավելին, ամուսինս՝ Վալերին, նույնիսկ կատարեց Գերմանիա տեղափոխվելու փորձ, թեպետ միեւնույն է, վերադարձավ, չկարողացավ ապրել առանց Վրաստանի։ Գուցե բարին էլ դա էր։

ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ավարտել եմ անգլիական թեքումով Թբիլիսիի թիվ 116 միջնակարգ դպրոցը, առաջին դասարանից խորացված ուսումնասիրել եմ լեզուն։ Լեզվի այդ իմացությունը մինչ օրս ինձ շատ է օգնել եւ, դպրոցից բացի, նպատակամղվածորեն երբեք լեզվի ուսուցմամբ չեմ զբաղվել։ Երախտապարտ եմ անգլերենի իմ մանկավարժներին։ Առանձնակի շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ռուսաց լեզվի ուսուցչուհուս։ Նրանց շնորհիվ է, որ այսօր ինձ կարող եմ համարել գրագետ մարդ։
Ընդհանրապես, տանը խոսում էինք ինչպես վրացերեն, այնպես էլ՝ ռուսերեն։ Ինստիտուտում հիմնականում ուսանում էինք վրացերեն, իսկ անգլերենը յուրացրեցի դպրոցում։ Այս երեք լեզուներից բացի, տիրապետում եմ նաեւ հայերենին՝ խոսում եմ, կարդում, ճիշտ է՝ միայն տպագրված տեքստերը։ Դրանք բավականին տարբերվում են ձեռագրերից։
Դպրոցն ավարտելուց հետո, ցանկանում էի ուսումս շարունակել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Սակայն այն ժամանակ, երբ ես բուհ էի հանձնում, ԹՊՀ-ում նման ֆակուլտետ չկար։ Ուստի, ընտրեցի Էքվթիմե Թաղաիշվիլու ինստիտուտը։ Դա վճարովի բուհ էր, որը գործում էր արտասահմանում ապրող վրացիների աջակցությամբ։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Ստացվեց այնպես, որ 5-րդ կուրսում հարեւանուհիս եւ ընտանիքիս բարեկամն ինձ տարավ հեռուստատեսություն։ Հարկ էր մի հաղորդման համար անգլերենից թարգմանություն կատարել։ Ահա թե որտեղ պետք եկան դպրոցում ստացած գիտելիքներս։
Ըստ երեւույթին, կատարած աշխատանքս դուր եկավ, եւ ինձ վերցրեցին «Վեստնիկ» լրատվական ռուսալեզու խմբագրությունում։ Սկսած 1998 թվականից այնտեղ աշխատեցի 9 տարի, առաջին հանրային հեռուստաընկերության ռուսալեզու խմբագրության թղթակիցն էի։ Սիրում եմ գտնվել անընդհատ շարժման մեջ։ Գրասենյակային առօրյան ինձ հարմար չէր։ Հիշում եմ, սկզբնական շրջանում ամուսինս շատ էր անհանգստանում, որ ուշ էի վերադառնում տուն, սակայն այդ հարցը «տնավարի» կարգավորեցինք։
Ֆիզիոլոգիական արձակուրդից վերադառնալուց հետո, ամեն ինչ փոխվեց։ Եթե մինչ այդ մենք ամեն երեկո եթերում էինք, ապա այդ ժամանակ մեկ ծրագիրը հեռարձակվում էր շաբաթական մեկ անգամ։ Ճիշտ է, պաշտոնս պահպանվեց, սակայն ակնհայտ էր, որ ինչ-որ փոփոխություն պետք է կատարեի։ Որոշեցի գտնել նոր աշխատանք։

ԱՇԽԱՏԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Եթե ինձ ասեն, որ Վրաստանում անհնարին է առանց ծանոթի ու բարեկամի աշխատանք գտնել, չեմ հավատա, քանզի ներկայիս իմ պաշտոնը զբաղեցրեցի Jops.ge կայքի շնորհիվ։ Ես ուղղակի իմ տվյալներն առաքում էի հայտարարության մեջ նշված հասցներով։ Կարճ ժամանակում ինձ հրավիրեցին հարցազրույցի։ Ես հարցազրույցով նախ անցա փոքրամասնությունների գործերով եվրոպական կենտրոնում, ապա, երկու օր անց, հրավիրեցին ժողովրդական պաշտպանի գրասենյակ, որտեղ զրուցեցի Վրաստանի ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոպլիանու հետ։ Այսպես, ես ընդունվեցի աշխատանքի։ Ինձ համար դժվար չէր ներգրավվել ազգային փոքրամասնությունների հետ կապված գործերում։ Հեռուստատեսությունում աշխատելու ժամանակ հաճախ եմ պատրաստել հաղորդումներ՝ նվիրված Վրաստանի ազգային բազմազանությանը։ Կարելի է ասել, որ իմ գործունեության ոլորտը չեմ փոխել, ուղղակի կրկին սկսեցի զբաղվել նույն գործով, ուղղակի՝ մի փոքր այլ որակով։ Ներկայումս աշխատում եմ ազգային փոքրամասնությունների խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնում, եւ իմ աշխատանքն ինձ դուր է գալիս։ Հետաքրքրվում եմ բոլոր այն հարցերով, որոնք առնչվում են ազգային փոքրամասնությունների իրավունքի պաշտպանությանը, քաղաքացիական ինտեգրմանն աջակցող գործընթացներով։ Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհուրդը սկզբում ծրագրված էր որպես ժողովրդական պաշտպանի խորհրդատվական մարմին, սակայն, ելնելով խորհրդի ակտիվությունից, այն դարձավ ազգային փոքրամասնությունների հարցերով պետական մարմինների հիմնական գործընկերներից մեկը։ Խորհրդի կազմում ներգրավված է ավելի քան 90 ազգային փոքրամասնությունների ոչ կառավարական կազմակերպություն։ Աշխատանքի բերումով, երկրում շատ եմ ուղեւորություններ կատարում, լինում են եւ արտասահմանյան գործուղումներ։

ՍԻՐԵԼԻ ԱՄՈՒՍՆՈՒ ՄԱՍԻՆ
Ամուսնուս հետ համադասարանցիներ էինք։ Նա կրթությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է, աշխատում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունում։ Ամուսինս ազգությամբ կիսով չափ ասորի է, կիսով չափ՝ վրացի։ Ժամանակի ընթացքում դպրոցական բարեկամությունը վերածվեց փոխադարձ սիրո, եւ ահա 19 տարի մենք միասին ենք։ Որոշեցինք ամուսնանալ երկրորդ կուրսում, երբ ընդամենը 18 տարեկան էինք։ Մեր ծնողները շատ էին անհանգստանում, քանզի շատ էինք երիտասարդ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ ընտրություն կատարեցինք։

 
ԵՐԵԽԱՆԵՐԻՍ ՄԱՍԻՆ
Դուստրս՝ Լանան, ծնվել է փետրվարի 14-ին, սիրո օրը։ Նա 11 տարեկան է, որդիս՝ Միշան, 8 տարեկան է։ Ընդհանրապես, երեխաներս մի փոքր ուշ ծնվեցին, մեր ամուսնության ութերորդ տարում։ Նախ՝ սովորում էինք, ապա՝ աշխատում։ Հիմա մենք շատ երջանիկ ենք։

ՄԱՅՐԻԿԻՍ ՄԱՍԻՆ
Ծնողներս ամուսնալուծվեցին, երբ ես փոքր էի։ Մայրս՝ Լարիսան, ամենամոտ անձնավորությունն է ինձ համար։ Նա իմ էության անկապտելի մասն է։ Մենք ապրում ենք միասին, մայրս խնամում է թոռներին, եւ ես շատ հանգիստ եմ։

ՀՈԲԲԻԻ ՄԱՍԻՆ
Ողջ ընտանիքով շատ ենք սիրում հանգիստը։ Հենց ազատ ժամանակ ենք ունենում, մեքենայով ուղեւորվում ենք բնության գիրկ։ Սիրում ենք լինել Վրաստանի գեղատեսիլ վայրերում։ Սիրում եմ թխել, ընդհանրապես այն ամենը, ինչ կապված է խմորի եւ ալյուրի հետ։ Սիրում եմ թատրոն, հաճախ ենք լինում թատերական պրեմիերաներին։ Կյանքս չեմ պատկերացնում առանց երաժշտության։ Սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերը, բացառությամբ՝ ծանր ռոքի ու ռեպի։ Մեղեդու ընտրությունը կախված է տրամադրությունիցս։

ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ փոքր գաղտնիքով։ Եթե վատ տրամադրության մեջ եք, ինքներդ ձեզ հյուրասիրեք շոկոլադով, եւ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Նաեւ կցանկանայի կանանց, որ նրանք չվախենան ուժեղ լինել։ Երբ տղամարդիկ տեսնում են, որ կինը ինքնուրույն է եւ կարող է իր իրավունքները պաշտպանել, կամա թե ակամա, նրան սկսում են հարգել որպես անհատի, իսկ իսկական սերը առանց հարգանքի չի լինում։
Դեռեւս շատ են խոսում այն մասին, որ տղամարդիկ թույլ կանանց են սիրում, թեպետ դա այդպես չէ։ Ըստ իս, նշանակալիցը սիրո եւ թուլության միջեւ ոսկե միջինն է։ Ինձ համար իդեալական կինը ուժեղ է եւ միաժամանակ՝ նուրբ։ Բնականաբար, դժվար է անել այնպես, որպեսզի տղամարդիկ բոլոր ցանկություններն ընկալեն որպես իրենցը եւ ուրախությամբ  այն կատարեն։ Պետք է գործել նրբորեն ու քնքուշ։ Հավատացեք, արդյունք անպայման կլինի։

ՆԱՏԱԼՅԱ ՑԽՎԵԴԻԱՆԻ

 
< Մայիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31