Նոր ուսումնական տարվա համար կվերանորոգվեն հարյուրավոր դպրոցներ եւ կկառուցվեն նորերը։
Ինչպես հայտարարեց Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն, գերատեսչությունն անընդմեջ շարունակում է հանրակրթական հաստատությունների վերանորոգման-շինարարական աշխատանքները։ Նրա խոսքերով, բացի նրանից, որ կկառուցվեն մի քանի նոր դպրոցներ նոր ուսումնական տարվա համար, կվերանորոգվեն հարյուրավոր դպրոցներ, այդ թվում նաեւ պրոֆեսիոնալ ուսումնարանները։
«2014 թվականին կվերանորոգվեն Թբիլիսիում 43 հանրային դպրոցներ։ Բացի այդ, մայրաքաղաքում կսկսվի երեք նոր դպրոցների շինարարությունը եւ երեք ուսումնարանների վերանորոգումը։ Սամցխե-Ջավախեթիում կվերանորոգվեն 28 դպրոցներ եւ մեկ ուսումնարան, Քվեմո Քարթլիում՝ 34 հանրային դպրոց»,- հայտարարեց նախարարը։
Նրա խոսքերով, 2014 թվականին կսկսվի մի քանի նոր դպրոցների շինարարությունը, միաժամանակ կանցկացվեն վերանորոգման աշխատանքներ։ «Մասնավորապես, վերանորոգման աշխատանքներ կանցկացվեն Սամցխե-Ջավախեթիի, Ադիգենիի մունիցիպալիտետի Արալ գյուղի դպրոցում, ինչպես նաեւ՝ Թբիլիսիի թիվ 103 եւ 100 հանրային դպրոցներում։ Վերոնշյալ նախագծի արժեքը կազմում է 36718990,38 լարի»,- հայտարարեց Սանիկիձեն՝ հավելելով, որ միաժամանակ երկրում սկսվել է 9 նոր դպրոցի շինարարությունը։