Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ 12 ՔԱՂԱՔՆԵՐԻՑ 8-Ի ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ 84 ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻՑ 37-Ի ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՐ

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ 12 ՔԱՂԱՔՆԵՐԻՑ 8-Ի ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ 84 ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻՑ 37-Ի ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՐ

Էլ.փոստ Տպել PDF

Հունիսի 15-ին Վրաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Հիշեցնենք, որ ընտրական նոր օրենսգրքի համաձայն, հունիսի 15-ին ուղղակի ընտրակարգով ընտրվելու էին 12 ինքնակառավարման քաղաքների քաղաքապետերը եւ 84 մունիցիպալիտետի վարչության նախագահները, ինչպես նաեւ մունիցիպալիտետների սակրեբուլոների անդամները՝ համամասնական եւ մեծամասնական համակարգերով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 12 ինքնակառավարման քաղաքներից 4-ում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում հաղթանակել են «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները, նրանք հաղթանակել են նաեւ 47 մունիցիպալիտետների վարչության նախագահների պայքարում։ Հետեւաբար, 8 ինքնկառավարման քաղաքների քաղաքապետերի եւ 37 մունիցիպալիտետների վարչության նախագահների ընտրության համար անցկացվելու է երկրորդ տուրը։
Այսպիսով, նորանկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող ինքնակառավարման քաղաքների քաղաքապետերի ուղղակի ընտրություններում Ախալցիխեում՝ 60,44 ձայներով քաղաքապետ է ընտրվել կոալիցիայի ներկայացուցիչ Գիորգի Կապանաձեն, Ամբրոլաուրիում՝ Ռատի Նամգալաձեն (82,79 տոկոս), Քութայիսիում՝ Շոթա Մուրղուլին (51 տոկոս) եւ Զուգդիդիում՝ Իրակլի Գոգոխիան (58,33 տոկոս)։ Բոլոր հաղթողները ներկայացնում են իշխող «Վրացական երազանք» կոալիցիան։ Մնացած 8 քաղաքներում, այդ թվում նաեւ Թբիլիսիում քաղաքապետի ընտրության համար անցկացվելու է երկրորդ տուրը։ Հատկանշական է, որ տեղական ընտրություններում հիմնական պայքարը ծավալվել էր «Վրացական երազանք» կոալիցիայի ու «Միասնական ազգային շարժման» միջեւ։ Այսպես, Թբիլիսիի քաղաքապետի համար մրցույթի երկրորդ տուրում կմրցակցեն կոալիցիայի թեկնածու Դավիթ Նարմանիան (նա ստացավ քվեների 46,12 տոկոսը) եւ «Ազգայինների» թեկնածու Նիկանոր Մելիան (27,89 տոկոս)։ Թելավիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն կոալիցիայի ներկայացուցիչ Պլատոն Կալմախելիձեն (42,77 տոկոս) եւ «Ազգային» Ալեքսի Ձուլիաշվիլին (22,64 տոկոս), Ռուսթավիում՝ կոալիցիայի թեկնածու Դավիթ Ջիքիան (38,56 տոկոս) եւ «Ազգային» Մամուկա Չիքովանին (29,3 տոկոս), Բաթումիում՝ «Երազանքի» թեկնածու Գիորգի Երմակովը (45,75 տոկոս) եւ «Ազգային շարժման» ներկայացուցիչ Գիորգի Դիասամիձեն (17,44 տոկոս)։

Ինչ վերաբերում է ինքնակառավարման մյուս 5 քաղաքներին, ապա դրանցում կոալիցիայի թեկնածուներին երկրորդ տուրում կդիմակայեն ընդդիմադիր մյուս կուսակցությունների ներկայացուցիչները։ Մասնավորապես, Մցխեթայում «Կանաչների», Գորիում՝ «Իրակլի Օքրուաշվիլի-վրացական կուսակցության», Օզուրգեթիում եւ Փոթիում ՝«Հայրենասերների ալյանսի» ներկայացուցիչները։
Ինչ վերաբերում է մունիցիպալիտետների վարչության նախագահների ընտրությանը, ապա, ինչպես վերեւում նշվեց, ընտրությունների արդյունքներով 46 մունիցիպալիտետներում հաղթեցին «Երազանքի» ներկայացուցիչները։ Միայն Թբիլիսիի Սաբուրթալոյի ընտրատարածքում վարչության նախագահի պաշտոնի համար պայքարում 33,59 տոկոսով հաջողության հասավ անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին։
Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգով տարբեր մակարդակների սակրեբուլոների անդամների ընտրություններին, ապա, Վրաստանի մասշտաբով՝ 50,84 տոկոսով, առջեւից է ընթանում «Վրացական երազանք» կոալիցիան։ 22,4 տոկոսով երկրորդը «Միասնական ազգային շարժումն» է, իսկ «Նինո Բուրջանաձե-միասնական ընդդիմությունը» ընտրողների 10,23 տոկոսի աջակցությամբ երրորդն է։

ԹԲԻԼԻՍԻ
Վերոնշյալ ընտրական սուբյեկտները իրենց ներկայացուցչությունները կունենան նաեւ Թբիլիսիի սակրեբուլոյում։ Մայրաքաղաքի օրենսդիր մարմնի անդամության համար պայքարում «Վրացական երազանք» կոալիցիան արժանացավ 46,02 տոկոսի աջակցությանը, «Միասնական ազգային շարժումը»՝ 26,12 տոկոսի, «Նինո Բուրջանաձե-միասնական ընդդիմությունը»՝ 10,35 տոկոսի։ Թբիլիսիի սակրեբուլոյում ներկայացուցչություն կունենա նաեւ «Հայրենասերների ալյանսը», որն արժանացավ ընտրողների 6,34 տոկոսի աջակցությանը։ Մեծամասնական ընտրակարգով, Իսանիի շրջանից «Նինո Բուրջանաձե-միասնական ընդդիմության» կողմից Թբիլիսիի սակրեբուլոյի անդամության թեկնածու առաջադրված  Գարիկ Սիմոնյանը՝ ընտրողների 9 տոկոսի աջակցությամբ, չկարողացավ հաղթահարել արգելագիծը։
Ինչ վերաբերում է կոնկրետ շրջանների տվյալներին, ապա պատկերը հետեւյալն է.

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ
Հունիսի 15-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով, Ախալքալաքիի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար պայքարում՝ 60,55 տոկոսով, հաջողության է հասել Էդուարդ Աղասարյանը,
Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններում եւս ընտրողների 51,06 տոկոսի աջակցությամբ, հաղթող դարձավ «Վրացական երազանք» կոալիցիան։ 29,62 տոկոս իր ակտիվում գրանցեց «Ոչ խորհրդարանական» ընդդիմությունը։ 7,8 տոկոս ձայնի արժանացան «Միասնական ազգային շարժումը», իսկ Բուրջանաձեի գլխավորած միավորումը հավաքեց ընտրողների 4,98 տոկոսի ձայնը։

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ
   Մունիցիպալիտետի վարչության նախագահի մրցապայքարում՝ քվեների 80,57 տոկոսով, հաղթող դարձավ Նինոծմինդայում «Վրացական երազանքի» թեկնածու Գագիկ Կարսլյանը։
Իսկ ինչ վերաբերում է մունիցիպալիտետի սակրեբուլոյին, ապա այստեղ էլ անդամների ճնշող մեծամասնությունը կներկայացնեն «Վրացական երազանք» կոալիցիան։ Այն արժանացավ ընտրողների 68,97 տոկոսի աջակցությանը, երկրորդը՝ 10,18 տոկոսով, «Միասնական ազգային շարժումն» է։ Սակրեբուլոյում ներկայացուցչություն կունենա նաեւ «Նինո Բուրջանաձե-միասնական ընդդիմությունը», որը ստացավ քվեների 6,8 տոկոսը։

ԱԽԱԼՑԻԽԵ
Ինչպես արդեն նշեցինք, ընտրություններին, որպես ինքնակառավարման քաղաքի՝ Ախալցիխեի առաջին քաքաքապետ է ընտրվել կոալիցիայի թեկնածու Գիորգի Կապանաձեն։ Մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնի համար պայքարում եւս հաղթեց կոալիցիայի ներկայացուցիչը։ Այստեղ Զազա Մելիքիձեի օգտին քվեարկել էր ընտրողների 59,7 տոկոսը։
Ինչպես քաղաքի, այնպես էլ՝ մունիցիպալիտետի սակրեբուլոների անդամների ընտրարշավում համապատասխանաբար 57,27 եւ 59,22 տոկոսով, առջեւից է ընթանում «Վրացական երազանքը»։ Կոալիցիայից բացի, ինչպես քաղաքի, այնպես էլ մունիցիպալիտետի սակրեբուլոներում ներկայացուցչություն կունենա «Միասնական ազգային շարժումը», որը համապատասխանաբար արժանացավ 29,26 եւ 31,58 տոկոսի աջակցությանը։

ԱՍՊԻՆՁԱ
Ասպինձայում՝ կոալիցիայի թեկնածու Լեւան Ցաբաձեն, ընտրողների 53,04 տոկոսի աջակցությամբ հաղթող դարձավ վարչության նախագահի պաշտոնի մրցապայքարում։ Մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամների կեսից ավելին կհամալրեն «Վրացական երազանքի» ներկայացուցիչները, որոնք հավաքեցին քվեների 53,45 տոկոսը։ Սակրեբուլոյում ներկայացուցչություններ կունենան նաեւ «Միասնական ազգային շարժումը» (24,89 տոկոս) եւ «Նինո Բուրջանաձե-միասնական ընդդիմությունը» (6,93 տոկոս)։

ԾԱԼԿԱ
«Վրացական երազանքի» ներկայացուցիչ Իլիա Սաբաձեն՝ 55,42 տոկոսով հաղթեց վարչության նախագահի մրցապայքարում։ Ինչ վերաբերում է սակրեբուլոյին, ապա առաջին տեղը՝ 59,01 տոկոսով, «Վրացական երազանքն» է, 20,88 եւ 10,59 տոկոսով երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Բուրջանաձեի գլխավորած ընտրական սուբյեկտն ու «Ազգային շարժումը»։

ՄԱՌՆԵՈՒԼԻ
Ընտրությունների շեմին մունիցիպալիտետում ծավալված իրադարձություններն առանձնակի սրություն հաղորդեցին քվեարկությանը։ Վարչության նախագահի պաշտոնի մրցապայքարում՝ 52,44 տոկոսով, հաղթեց կոալիցիայի թեկնածու Մերաբ Թոփչիշվիլին (ի դեպ, նա ընտրություններից առաջ հանել էր իր թեկնածությունը)։ Ընտրողները մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամների ընտրությանը՝ 52,89 տոկոսով, գերադասությունը տվեցին «Վրացական երազանքին»։ Բացի կառավարող կոալիցիայից, Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացուցչություն կունենան նաեւ «Միասնական ազգային շարժումը» (28,41 տոկոս) եւ «Նինո Բուրջանաձե-միասնական ընդդիմությունը» (10,38 տոկոս)։

ԲՈԼՆԻՍԻ
Այստեղ վարչության նախագահի մրցապայքարում՝ 70,82 տոկոսով, հաղթող դարձավ կոալցիայի թեկնածու Գոգի Մեշվելիանին։ Իսկ մունիցիպալիտետի սակրեբուլոյում կներկայացնեն երեք քաղաքական ուժեր։ Մանդատների մեծամասնությունը բաժին է ընկել «Վրացական երազանքին», որը հավաքել է 63,37 տոկոսը։ Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց «Նինո Բուրջանաձե-միասնական ընդդիմությունը»՝ հավաքելով քվեների 13,23 տոկոսը, երրորդը՝ 12,53 տոկոսով, «Միասնական ազգային շարժումն է»։

 
< Հունիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30