Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԲԱՐՁՐԱԼԵՌ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԼԻՄԻՏԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

ԲԱՐՁՐԱԼԵՌ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԼԻՄԻՏԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Էլ.փոստ Տպել PDF

ՅՈԹ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԵԼ Է 15 ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանի բարձրալեռ տարածաշրջանների բնակիչներին հատկացվող վառելափայտի ծավալն ավելացվում է։ Եթե մինչ օրս ընտանիքի հաշվով հատկացվում էր 7 խորանարդ մետր վառելափայտ, ապա այդ ծավալը հասցվում է 15 խորանարդ մետրի։ Վերոնշյալ փոփոխությունն արդեն մտցված է համապատասխան օրենսդրության մեջ։

Բնակչությանը հատկացվող վառելափայտի ծավալը վերջին անգամ հաստատվել է 2013 թվականի նոյեմբերի 29-ին։ Հենց այդ որոշմամբ էլ սահմանափակվել էր յուրաքանչյուր ընտանիքի հաշվով, վառելափայտի հատկացվող լիմիտը կազմում էր 7 խորանարդ մետր։ Այն ժամանակ վերոնշյալ որոշումը բողոքի ալիք առաջացրեց։ Գյուղերի, առանձնապես բարձրալեռ տարածաշրջանների բնակիչները բողոքում էին, որ վերոնշյալ լիմիտը բավարար չէ։ Դա հաստատում էին նաեւ բնապահպանության կազմակերպությունները, թեպետ վերջիններս հիմնական շեշտը դնում էին այլընտրանքային միջոցների օգտագործման վրա։
Հաշվարկների համաձայն, ելնելով տարածաշրջանների կլիմայական պայմաններից, ձմեռվա համար պահանջվող վառելանյութը կազմում էր 8-13 խորանարդ մետր։ Ինչպես տեսնում եք, տարբերությունը բավականին նշանակալից է։
«Մեր շրջանում անտառներ չկան եւ լիմիտով հատկացված վառելափայտը բերում ենք Բակուրիանիից կամ Ասպինձայից։ Վառելափայտի փոխադրումը մեծ դժվարությունների հետ է կապված։ Անտառներում հիմնականում հատկացվում են դժվարհասանելի հատվածներում գտնվող ծառերը։ Ստիպված լրացուցիչ ծախսեր ենք կատարում՝ ինչպես դրանց հատման, մանրացման, այնպես էլ փոխադրման համար»,- մեզ հետ զրույցում հայտարարեց նինոծմինդացի Գեւորգ Սահակյանը եւ հավելեց, որ լիմիտով հատկացված 7 խորանարդ մետրը բավարար չէ եւ ստիպված լրացուցիչ գնումներ են կատարում՝ եռապատիկ, նույնիսկ քառապատիկ արժեքով։ Բարձրալեռ տարածաշրջանների բնակիչների համար այլընտրանքային վառելանյութի տեսքով քննարկվում էր բնական գազի օգտագործման հնարավորությունը, թեպետ, ինչպես նշեցին Ախալքալաքիի մունիցիպալիտետում, որպես հիմնական վառելանյութ բնական գազի օգտագործման համար, հարկ է բնակարաններում իրականացնել որոշակի աշխատանքներ (անցկացնել ջեռուցման համակարգ), որոնք ներկայիս նյութական ծանր պայմաններում նշանակալի դժվարություն են ներկայացնում։
Մյուս կողմից, որքանով է իրատեսական լիմիտի ավելացման հեռանկարը։ Մասնագետների պնդմամբ, վառելափայտի լիմիտի կրկնապատկման համար համապատասխան ռեսուրսներ չկան։ Նրանք հիմնական շեշտը դնում են այլընտրանքային աղբյուրների օգտագործման արդյունավետության բարձրացման վրա։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է բնական գազի եւ թխիլի կճեպի օգտագործմանը։ Թեպետ այդ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է միջգերատեսչական համաձայնեցված գործունեություն։ Մասնագետների պնդմամբ, հարցը հնարավոր է կարգավորել, եթե գերատեսչությունների եւ բնակչության միջեւ միջնորդի դերն ստանձնի էներգետիկայի նախարարությունը։ Հակառակ դեպքում, միայն վառելանյութի լիմիտի ավելացմամբ, ինչը ինքնին հիմնախնդրային է, հարցը վերջնական կարգավորման հասցնել հնարավոր չէ։

 
< Օգոստոս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31