Օգոստոսի 21-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Պատվիրակության կազմում էին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Կախի Կալաձեն, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նինո Կոբախիձեն, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։
Օդանավակայանում Վրաստանի վարչապետին եւ նրան ուղեկցող անձանց դիմավորեցին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, եւ դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանային խնդիրների հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշեց, որ Հայաստան է ժամանել եւս մեկ անգամ հավաստելու իր խորը հարգանքը Հայաստանի, Հայաստանի նախագահի եւ հայ ժողովրդի հանդեպ, ավելի ամրապնդելու եւ նոր որակ հաղորդելու վրաց-հայկական հարաբերություններին:
Իրակլի Ղարիբաշվիլին համակարծիք է Հայաստանի նախագահի հետ, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս շատ բարձր մակարդակի վրա են, եւ նման հանդիպումներն ավելի կսերտացնեն երկու պետությունների միջեւ կապերը: Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մշտապես ասել է եւ այժմ էլ կրկնում է՝ Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարեւանն է, այլեւ բարեկամ պետություն: Նրա համոզմամբ, այդ բարեկամական հարաբերություններով երկու երկրների բարեկեցության համար պետք է առավել օգտակար ու բարի շատ գործեր անել: Վարչապետը գոհունակությամբ խոսեց պաշտոնական այցի օրերին Հայաստանում իր եւ իր գլխավորած պատվիրակության նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի մասին, որը, նրա խոսքով, միայն բարեկամի կողմից կարող է դրսեւորվել:
Իրակլի Ղարիբաշվիլին Սերժ Սարգսյանին ներկայացրեց այցի շրջանակներում Երեւանում ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքները, ձեռքբերված պայմանավորվածությունները:
Հայաստանի նախագահի հետ Վրաստանի վարչապետը քննարկել է վրաց֊հայկական հարաբերությունների օրակարգային հարցերը, նաեւ՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ նշեցին 2014թ. հունիսի 18-ին Հայաստանի նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր կամրջի շինարարության մասին, որը կողմերն անվանել են «Բարեկամության կամուրջ»: Երկուստեք վերահաստատվել է կամրջի շինարարությունն արագացնելու հանձնառությունը:
Հանդիպումից հետո, ի պատիվ Վրաստանի վարչապետի եւ նրա գլխավորած պատվիրակության, Հայաստանի նախագահի նստավայրում տրվեց աշխատանքային ճաշ: