Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԿՈՒՍԱՆԻ 217 ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ

ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԿՈՒՍԱՆԻ 217 ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ

Էլ.փոստ Տպել PDF

2005 թվականին Վրաստանի կառավարությունը կյանքի կոչեց կրթական նոր համակարգ, որը հետագայում եւ առ այսօր համարվեց երկրում իրագործված ամենահաջող բարեփոխումներից մեկը։

Ի թիվս մյուս նորարարությունների, 2008 թվականին «Ընդհանուր ունակություններ» քննաթեստը թարգմանվեց հայերեն եւ ադրբեջաներեն։ Դրանով ներմուծվեց հատուկ ծրագիր, որի համաձայն, ոչ վրացական դպրոցի շրջանավարտը՝ ընտրելով համապատասխան բուհն ու հանձնելով մեկ՝ «Ընդհանուր ունակություններ» քննությունը ու այն էլ՝ մայրենի լեզվով, հնարավորություն ստացավ ուսանել Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու, պետական բժշկական, պետական ճարտարագիտական եւ Ի.Ճավճավաձեի անվան լեզվաբանական համալսարաններում։ Հայ ու ադրբեջանցի ուսանողները, ովքեր բուհի ընդհանուր թվի 10 տոկոսն են կազմում, մեկ տարվա ընթացքում հիմնավորապես սովորում են վրաց լեզու եւ գրականություն՝ փաստորեն համարվելով բուհի զրո կուրսի ուսանող։ Եվ սակայն, ողջ տարվա ընթացքում ուսանողները կրթական իրենց բարձր չափանիշով հարկադրվում են, այսպես կոչված, կրեդիտներ հավաքել։ Կրեդիտի ոչ բավարար քանակը պատճառ է դառնում ուսման ընդհատման, իսկ ճիշտ քանակը նախադրյալ՝ նույն բուհի նախընտրած ֆակուլտետի առաջին կուրս ավտոմատ կերպով փոխադրվելու համար։
Վրաստանի ազգային փոքրամասնություններին, իրավամբ ձեռք մեկնող ծրագիրը, որի շարունակականության մասին, ի դեպ, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունում լավատեսորեն են խոսում, այս տարի նույնպես իր ընթացքն ունեցավ։ Ինչպես տեղեկացանք նախարարության մամլո ծառայությունից, 2014-2015 ուստարվա ծրագրի շրջանակներում ուսանելու է 217 հայ ուսանող։ Այստեղից 89 հոգի ստացել է 100 տոկոսանոց գրանտ (դրամաշնորհ¤։ Ու թեեւ նախարարությունում դեռ ստույգ հայտնի չէ ուսանողների բաշխման թիվն ըստ բուհերի, այդուհանդերձ, ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրի ղեկավարությունն այդ տվյալներն արդեն արձանագրում է։
Այսպես, Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում ունենք 113 հայ ուսանող, թեեւ հատկացված էր 197 տեղ։ Նույն այդ քանակը նախատեսված էր ադրբեջանցի ուսանողների համար։ Եվ սակայն, ինչպես մեզ հետ զրույցում փաստեց բուհի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Դարեջան Թվալթվալաձեն, այս տարի նրանց թիվը կազմելու է 207՝ հայ ուսանողների պակասի հաշվին։
- Ադրբեջանցի դիմորդների թիվը միշտ էլ էապես գերազանցում է, - ասում է տիկին Դարեջանը,- բայց հայ դիմորդների թվի աճ, ինչ խոսք, նույնպես կա։ Օրինակ՝ 2009 թվականին ընդհանուր առմամբ գրանցվել էր 14 ադրբեջանցի եւ ավելի պակաս հայ ուսանող։ Ուստիեւ, ներկայիս չափանիշը խոսում է աճող շահագրգռվածության մասին։ Ինչ վերաբերում է ուսման ընթացքին, ապա, սեպտեմբերի 1-8-ը ներառյալ, կսկսվի ուսանողների գրանցման փուլը, որ կիրականացվի մաս-մաս, իսկ մանրամասները կտեղադրվեն նախարարության ու համալասարանի վեբ-կայքում։ Նրանք, ովքեր դրամաշնորհ չեն ստացել կվճարեն գումարի մի մասը։ Արդեն սեպտեմբերի 9-15-ը կտեղադրվի ուսման տարածքի՝ մասնաշենքի վերաբերյալ ինֆորմացիա, որն առավելապես կվերաբերի մրցութային կարգով անցած ուսանողներին, քանի որ հատուկ ծրագրում ընդգրկված բոլոր ուսանողները հաճախելու են Հավլաբարում գտնվող մեր համալսարանի 7-րդ մասնաշենք։ Եվ արդեն սեպտեմբերի 15-ից կմեկնարկի  ուսանողական առօրյան։
Բնականաբար, մեզ մնում է միայն ջանադրություն, գիտելիքով զինվելու ամենակարեւորություն մաղթել ուսանողներից յուրաքանչյուրին, որովհետեւ որքան էլ ծանոթ-բարեկամներ կամ գումարներ «խաղան», միեւնույն է, գերկարեւորը եղել, կա ու մնում է մեր ունեցած գիտելիքի պաշարն ու հարուստ մտահորիզոնը։ Շնրհավո՜ր նոր ուսումնական տարի։

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Սեպտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30