Անցյալ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին, դարձյալ մարդաշատ ու տոնական էր Ծալկայի շրջանի Այազմա գյուղը... Հին ու հարուստ կենսագրություն ունեցող շենը վերստին մեծարում էր այդ հարստությունը կերտած իր մեծանուն զավակներից մեկին՝ գուսան Հավասուն.....
Մեծարում էր մեծին վայել ճոխությամբ եւ համընդհանուր ու անպարփակ սիրով, ավանդական խոնարհումով՝ տեղացիների ու հյուրերի կողմից... Ու զմայլում էր բոլորին մշտավառ երգը այն բնիկ այազմացու, ում ծնողները՝ Էրզրումից գաղթած, եկել, բույն էին դրել այս փոքրիկ շենի վերին թաղերից մեկում ու տան մեծի՝ Պատոյենց Պարսամի գլխավորությամբ, երգ ու տաղին, խոսք ու գրին պատշաճ տեղ հատկացնելով, իրենց զավակների ու ամբողջ գյուղի մեջ սեր սերմանել ժողովրդական ու աշուղական երգի հանդեպ՝ իրենց օդայում մշտապես կազմակերպվող հավաքույթների շնորհիվ, ժամանակի հայ աշուղների մասնակցությամբ... Ահա այսպիսի արվեստաշունչ պայմաններում էլ ծնվել, հասակ է առել փոքրիկ Արմենակ Մարկոսյանը՝ նույն Պարսամի միակ արու զավակը... Երգի ու երաժշտության այնքա՜ն սիրահար, որ անգամ վաղ մանկությունից երկու աչքով կուրությունն էլ չի խանգարել նրան իր սքանչելի ու հոգեթով մեղեդիները արարելու, դրանցով հայ երգարվեստը հարստացնելու, հայ մարդու սիրտը գերելու ու ծննդավայրի անունը հարստացնելու նաեւ... Ու ոչ միայն երգեր արարելու, որոնց թիվն անցնում է երեք հազարի սահմանը... Մշտական բնակության տեղափոխվելով Երեւան՝ գրելու նաեւ բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, երգիծական պատումներ, արժանանալու մի շարք պատվաբեր կոչումների……Իսկ գյուղը... Իսկ ծննդավայրը երբեք չմոռացավ ու չի մոռանա իր սիրասուն զավակին... Ու ամեն տարի, սեպտեմբերի առաջին իսկ օրերին իր պատիվն ու հարգանքը կմատուցի նրան՝ խոսքի, երգի, ելույթների, հյուրասիրության ձեւով...
Հոծ բազմություն՝ տեղացիներ, հյուրեր, մտավորականներ՝ արվեստի, քաքական գործիչներ, պետական այրեր...
Միջոցառումն ավանդաբար բացեց Ծալկայի մունիցիպալիտետի առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի եւ կրթության բաժնի պետ Վարդո Եղոյանը։
Հավասու կյանքի ու ստեղծագործության մասին խոսք ասաց Ծալկայի սակրեբուլոյի պատգամավոր, Օզնի գյուղի հանրային դպրոցի երկարամյա տնօրեն Ռազմիկ Հանեսյանը։ «Երգի ու հեքիաթի սիրահար Պարսամը որդու ապագան տեսավ աշուղության մեջ եւ ուշիմ ու երգասեր երեխային հանձնեց նախ հարեւան էդիքիլիսցի աշուղ Դովրանին, ապա եւ մեծանուն աշուղ, սազանդար Թիֆիլուն, որն էլ հենց միշտ Թիֆլիս էր տանում իր հետ պատանի Արմենակին,- ընդգծեց Հանեսյանը,- հենց այստեղ էլ՝ Թիֆլիսում, 17-18 տարեկան պատանուն նա շնորհում է աշուղի վկայական եւ քահանայի հեղինակավոր ստորագրությամբ շնորհում «Հավասի» պատվանունը»:
Ներկաներին սիրով ողջունեցին ու շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ծալկայի մունիցիպալիտետի վարչության նախագահ Իլիա Լաբաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի գեղղեկ. Արմեն Բայանդուրյանը, նինոծմինդացի գրող, «Վերնատուն» միության անդամ Հմայակ Գրիգորյանը։
Հանդիսույթին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Ծալկայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Իրակլի Գիգինեիշվիլին, նրա տեղակալ Գոչա Խաչատրյանը, Սամցխե-Ջավախեթիի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգեն վարդապետ Սալբիյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի վարչության անդամ, թբիլիսցի գործարար Ռաֆիկ Աղաջանյանը, «Հայարտան» տնօրեն Լեւոն Չիդիլյանը եւ ուրիշներ։
Ապա կայացավ համերգ, որին մասնակցեցին շրջանի եւ Թբիլիսիի երգի ու պարի համույթները։
ԱՆԱՀԻՏ ՀԱՆԵՍՅԱՆ
Ծալկայի շրջան