ՀԱՄԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 25-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբազնագույն եւ Երանաշնորհ Իլիա Երկրորդը պատրիարքարանում հանդիպում ունեցավ վիրահայ համայնքի՝ Թբիլիսիի, Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջանների հայկական կրթական ու մշակութային օջախների եւ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը Սրբազնագույն եւ Երանաշնորհը խոսեց վրաց-հայկական դարավոր բարեկամության մասին՝ ընդգծելով, որ մեր երկու ժողովուրդները, լինելով քրիստոնեական հինավուրց ազգեր, հավատարիմ մնալով իրենց դավանանքին, հասան անկախ պետականության։ «Հիշում եմ՝ Վատիկանում, Հռոմի Պապի հետ հանդիպմանը, Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը, նայելով քարտեզին, տեսնելով, թե աշխարհագրական ինչ դիրք ունեն Վրաստանն ու Հայաստանը, ասաց, որ մեր երկրները քրիստոնեական օազիս են Կովկասում, ուստի, մենք առանձնակի ուշադիր պետք է լինենք միմյանց նկատմամբ։ Ցավոք, հաճախ է պատահում, որ թե՚ վրաց, թե՚ հայ ազգերի առանձին ներկայացուցիչներ հանդես են գալիս հայտարարություններով, որոնք խախտում են մեր հարաբերությունները»,- ասաց Իլիա Երկրորդը։ «Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակում Վրաստանն ու Հայաստանը համատեղ, միմյանց փոխհզորացմամբ են պահպանում իրենց ինքնությունն ու անկախությունը։ Իսկ դա նշանակում. երբ լավ է Վրաստանը, լավ է նաեւ Հայաստանը եւ հակառակը՝ երբ վատ է Հայաստանը, վատ է նաեւ Վրաստանը»,- ընդգծեց Իլիա Երկրորդը։ Իսկ դրա գրավականը, Վրաց Ուղղափառ եկեղեցու ղեկավարի հավաստմամբ, մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների է՚լ ավելի խորացումն է ու ընդլայնումը։Սրբազնագույն եւ Երանաշնորհը, խոսելով վիրահայ համայնքի մասին, նշեց, որ այն Վրաստանի անկապտելի մասն է եւ իր նշանակալի ավանդն է ներդնում Վրաստանի պետականության ամրապնդման ու հզորացման գործում։ «Մեր երկու երկրների փոխաջակցությունն առավել ընկալելի է վիրահայերի համար, եւ ես դրա համար խորապես երախտապարտ եմ նրանց։ Վրաստանը մեր ընդհանուրի հայրենիքն է»,- հավելեց Իլիա Երկրորդը։
Հանդիպմանը ելույթ ունեցան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, «Վրաստանի հայերի միության» նախագահ Հենրիխ Մուրադյանը, «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը։ Նրանք առանձնակի ընդգծեցին, որ իրենք Վրաստանի լիիրավ քաղաքացիներն են, եւ Վրաստանի ցավը իրենց ցավն է։ Նրանք Վրաստանի ղեկավարությանն ու Վրաց Ուղղափառ եկեղեցուն երախտապարտ են իրենց հիմնախնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, եւ վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերով այդ հիմնախնդիրները կկարգավորվեն։
Հանդիպման ավարտին, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը օրհնություն եւ բարեմաղթանքներ հղեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։