Սեպտեմբերի 1-ից գործողության մեջ է մտել պետական ագրոապահովագրության պիլոտային նախագիծը։ Այն գյուղացիներին եւ ֆերմերներին կոչված է հնարավորություն ընձեռել ապահովագրելու իրենց բերքը։
Ագրոապահովագրության ծրարը նախատեսում է 70-ից մինչեւ 95 տոկոսի պետական ֆինանսավորում։ Ծրագրի համաձայն, ֆիզիկական անձինք՝ որպես ապահովագրություն, առավելագույնս կարող են ստանալ 30 հազար, իսկ կոոպերատիվները՝ 90 հազար լարի։Պետական ագրոապահովագրական ծրագրում ներգրավված են մի շարք ապահովագրական ընկերություններ, մասնավորապես, «Ալդագի բիսիայ», «Աիսի խումբ», «Ջի Պի Այի հոլդինգ» ընկերությունները։
Ապահովագրության կանոնադրության համաձայն, ապահովագրվում են միայն այն հողամասերը, որոնց տրված է կադաստրային կոդ, այսինքն՝ ունեն ազիմուտային նախագծեր կամ GPS կոորդինատներ։ Ծրագրի շրջանակներում, ապահովագրվում են գյուղատնտեսական գրեթե բոլոր մշակաբույսերը։ Բերքը ապահովագրվում է տարերային այնպիսի աղետներից, ինչպիսիք են՝ կարկուտը, գերխոնավությունը, փոթորիկը, աշնանային ցրտահարությունները։
Ապահովագրության գործողության ժամանակահատվածում առանձին գյուղատնտեսական մշակաբույսերի հարցով ապահովագրությունն ուժի մեջ է մտնում միամյա մշակաբույսերի կապակցությամբ, եթե ապահովագրական ռիսկը ծագել է նրանից հետո, երբ հողամասում իրականացվել են համապատասխան գյուղատնտեսական մշակաբույսի համար նախատեսված ագրարային աշխատանքները, եւ պահպանվել են ագրոժամկետները, մշակաբույսի 90 տոկոսը հավասարաչափ աճել է եւ արդեն գտնվում է վեգետացիոն փուլում, վերգետնյա մասում՝ առնվազն 10 սանտիմետր։ Նման պայմաններում, ապահովագրությունը գործում է մինչեւ բերքահավաքը։ Սածիլների դեպքում, դրանց բաց տարածության վրա տեղափոխելուց հետո՝ առնվազն օրացուցային 10 օրվա ընթացքում։ Ինչ վերաբերում է բազմամյա մշակաբույսերին, ապա, եթե ապահովագրական ռիսկերը ծագել են այն դեպքում, երբ մրգի դեպքում ապահովագրված տարածքում պտուղների 50 տոկոսի հասունությունն ընթանում է նորմալ, պտուղի չափը կազմում է առնվազն 0,8 սանտիմետր, բացառությամբ՝ բալի, կեռասի եւ տխիլի, որոնց դեպքում, ապահովագրությունն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ պտղի չափը կազմում է 0,4 սանտիմետր։ Կորիզավոր պտուղների դեպքում, ապահովագրությունը ուժի մեջ է մտնում, երբ բույսն անցել է ծաղկավորման փուլը եւ արդեն ձեւավորման փուլում է գտնվում։ Խաղողի դեպքում, այն ուժի մեջ է մտնում, երբ ավարտվում է փոշոտումը, եւ ի հայտ է գալիս պտուղը։
2014 թվականի հաշվարկով, վերոնշյալ ծրագրի համար հատկացվել է 5 միլիոն լարի։
Ինչպես նշեց Վրաստանի խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին, նախագիծը նշանակալի աջակցություն է ֆերմերների հետ, ովքեր տարիներ շարունակ երազել են ինչ-որ կերպ ապահովագրել իրենց բերքը։
«Տարիներ շարունակ հողի աշխատավորները տուժել են տարերային աղետներից։ Ագրոապահովագրությունը, թեկուզեւ մասնակիորեն, կարող է փոխհատուցել տարերային աղետների հասցրած վնասը։ Ապահովագրական դրամագումարի ֆինանսավորումը կիրականացվի պետության կողմից։ Տոկոսադրույքը բավականին բարձր է, այն 80-ից 90 տոկոս է կազմում՝ կախված մշակաբույսի տեսակից։
Իր հերթին, Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան, խոսելով ագրոապահովագրության ծրագրի մասին, նշեց, որ այն նշանակալի աջակցություն է ներկայացնում գյուղացիների եւ ֆերմերների համար։ «Ագրոապահովագրությունը տարածվում է բոլոր գյուղմթերքների վրա, ֆինանսավորումը պետության կողմից կկազմի 70-ից 90 տոկոս, առանձին դեպքերում, այն կհասցվի նույնիսկ 95 տոկոսի»,- հայտարարեց գյուղատնտեսության նախարարը։
Անդրադառնալով ագրոապահովագրության ծրարի գործողության ժամկետների հարցին՝ նախարարը նշեց, որ պիլոտային ծրագիրը կգործի մեկ տարվա ընթացքում։ «Այդ ժամանակահատվածը կօգտագործենք ծրագրի մանրամասների հստակեցման, հայտնաբերված թերացումների կարգավորման եւ նոր նախաձեռնությունների ներդրման համար։ Զուգահեռաբար, աշխատանքներ կիրականացվեն օրինանախագծի մշակման ուղղությամբ, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Բնականաբար, օրինանախագծի մշակման գործում ներգրավվել են ինչպես գործադիր եւ օրենսդիր մարմինները, այնպես էլ՝ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել ոլորտում երկարաժամկետ կարգավորիչների ներդրման վերաբերյալ»,- հայտարարեց Օթար Դանելիան։
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ