Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Հինգ օր շարունակ Թբիլիսիի «Ամիրանի» եւ «Ռուսթավելի» կինոթատրոններում հաջողությամբ անցկացվեց վավերագրական ֆիլմերի «CineDOC-Tbilisi» միջազգային փառատոնը։

Փառատոնի շրջանակներում հանդիսատեսի դատին ներկայացվեցին Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի եւ եւս 20 երկրի կինոռեժիսորների շուրջ 50 վավերագրական ֆիլմերը։
Միջոցառումն անցկացվեց վավերագրական ֆիլմերի Ամստերդամի միջազգային փառատոնի եւ Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Այդ օրը բազմամարդ էր «Ռուսթավելու» կինոթատրոնի դահլիճը, որտեղ Մոսկվայում բնակվող, հայ ճանաչված կինոռեժիսոր Արմեն Գասպարյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց իր «Կորցրած մանկություն» վավերագրական ֆիլմը։ Հանդիսատեսն ընկալմամբ ընդունեց ֆիլմում ներկայացվող, ռեժիսորի հայրենի քաղաք Գյումրիում ծավալվող իրադարձությունները։ Կյանքի սովորական ընթացքն արտացոլող ֆիլմը դիտելիս՝ հանդիսատեսն այսօր էլ սարսուռով է ընկալում արդեն քառորդ դար առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները։
Ֆիլմի գլխավոր հերոսուհին մի աղջնակ է, որ խնամում է կրտսեր եղբայրներին եւ, բացի սովորական դպրոցից, հասցնում է հաճախել նաեւ երաժշտական ուսումնարան, որտեղ սովորում է ջութակ նվագել։ Երեխաները հայր չունեն, մայրը ողջ օրը աշխատում է նվազ աշխատավարձով։ Ռեժիսորը երկարաձգված կադրերի միջոցով, կենցաղային առանձին մանրամասների ընդգծմամբ, բարձրացնում է աջակցություն ստանալու հույսերը կորցրած քաղաքին օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը։
Այդ մասին, պատասխանելով հավաքվածների հարցերին, ռեժիսորը խոսեց նաեւ ֆիլմի ցուցադրումից հետո։ Նա չի ընդունում «Արվեստը՝ միայն արվեստի» համար կարգախոսը։ Նրա կրեդոն՝ օգնել բոլոր նրանց, ովքեր կարիքի մեջ են, հակադրվում է հասարակական հաստատություններում ու պետական կառույցներում արմատացած անտարբերությանն ու բյուրոկրատիզմին։ Ռեժիսորի համոզմամբ, հենց դա է խլում մանկությունն այն երեխաներից, ովքեր պետք է զարգացնեն իրենց շնորհը։

ԱՐՏԵՄ ԳՐԻԳՈՐԵՆՑ

 
< Հոկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31