Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԺԱՍՄԻՆԱ. «ՀԱՅՐՍ ՄԻՇՏ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

ԺԱՍՄԻՆԱ. «ՀԱՅՐՍ ՄԻՇՏ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Էլ.փոստ Տպել PDF

- Այս օրն ինձ համար կրկնակի բեռնվածություն ունի: Մի կողմից դա ուրախության եւ երախտագիտության զգացումն է, մյուս կողմից` տանջող կարոտի ապրումները: Այս խոսքերով սկսեց իր հուշերը Գլախոյի դուստր Ժասմինա Զաքարյան-Մդիվանին։

- Հայրս ինձ համար սոսկ ծնող չէր, այլեւ` ընկեր, համախոհ: Ընդհանրապես կյանքում նա շատ համեստ էր, բայց լավություն անելու համար` միշտ աշխույժ էր ու համարձակ: Նա հաճախ էր կրկնում, որ մարդը աշխարհ է եկել բարություն անելու համար: Քանի որբ երեխայի է նա տերություն արել, քանի ու քանի կարիքավոր մարդու` օգնության ձեռք մեկնել: Այնպիսի մարդկանց էր նաեւ օգնում, ում բոլորովին չէր ճանաչում: Սա նրա կյանքի օրենքն էր, եւ այդ կարգին նա հավատարիմ մնաց ցմահ: Անսահման սիրահարված լինելով Թբիլիսիին` նա անչափ զգույշ էր հետեւում քաղաքային մեղեդիների մաքրությանը, փորձում էր միշտ պահպանել թիֆլիսյան էշխը` հմայքը: Ուզում եմ հիշել հորս կյանքից մի շատ գեղեցիկ եւ երջանիկ օր: Այն տեղի է ունեցել Երեւանում, երբ հայրս դարձավ Սայաթ-Նովայի մրցանակի դափնեկիր, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, այժմ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառը ցանկացավ հանդիպել հորս: Ես ու մայրս էլ ուղեկցում էինք հորս, երբ կաթողիկոսը մեզ ընդունեց Էջմիածնի իր նստավայրում: Կյանքում միշտ զուսպ, հավասարակշռված հայրս այդ օրը չկարողացավ իր զգացմունքները զսպել: Նորին պայծառակերպությունը երկար զրուցեց, իսկ վերջում օրհնեց հորս` մաղթելով երկար տարիների առողջ կյանք: Այդպես էլ ապրեց հայրս մինչեւ խոր ծերություն միշտ առողջ, հետո քնեց ու այլեւս չարթնացավ… Ընտանիքին նվիրված, ընտանիքի գլուխ ու հոգատար հայր, իմաստության եւ բարության օրինակ էր ծառայում նա բոլորին: Ուրիշի ուրախությունը կիսող եւ միշտ նրա կողքին կանգնած… այսպիսին մնաց հայրս իմ հուշերում: Եթե նա այսօր այստեղ գտնվեր, համոզված եմ, որ շատ կմտահոգվեր, որովհետեւ միշտ մտածում էր, որ մեծ բան չէր իր արածը: Սակայն, պարզվում է, որ բարի մարդիկ այդպես չեն մտածում իր մասին: Ուրեմն` թույլ տվեք մեծ խոնարհությամբ եւ երախտագիտությամբ իմ խորին շնորհակալությունը հայտնել Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան եւ այսօր Հայաստանի արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանին, ում նախաձեռնությամբ, բարի կամքով եւ աջակցությամբ այսօր թողարկվեց այս տեսաերիզը:
Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վրաստանում Հայաստանի ներկայիս դեսպանին` հանրահայտ Յուրի Վարդանյանին: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ Գիվի Շահնազարին՝ այս գործում ունեցած մեծ ներդրման համար եւ, թույլ տվեք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել դեսպանության նվիրյալ աշխատակցին՝ Միշա Ավագյանին:

Գրի առավ
ՄԱՆԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 
< Նոյեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30