Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹԲԻԼԻՍԻԻ ԴԻՆԱՄՈՅԱԿԱՆՆԵՐԸ՝ ՍՊՈՐՏԻ ԱՍՊԵՏ

ԹԲԻԼԻՍԻԻ ԴԻՆԱՄՈՅԱԿԱՆՆԵՐԸ՝ ՍՊՈՐՏԻ ԱՍՊԵՏ

Էլ.փոստ Տպել PDF

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ԹԲԻԼԻՍԻԻ «ԴԻՆԱՄՈՅԻ» ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ ՆՎԱՃԵԼՈՒ 50-ԱՄՅԱԿԸ

1964 թվականի նոյեմբերի 18-ին, Տաշքենդում, Թբիլիսիի դինամոյականները 75 հազար մարզասերների ներկայությամբ, ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար լրացուցիչ մրցամարտում՝ 4։1 հաշվով, պարտության մատնեցին Մոսկվայի «Տորպեդոյին» եւ առաջին անգամ դարձան Խորհրդային Միության չեմպիոն։

Նոյեմբերի 20-ին Թբիլիսիում, Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում, Վրաստանի սպորտի նախարարության, երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական լրագրողների ասոցիացիայի Թբիլիսիի քաղաքապետարանի եւ սակրեբուլոյի նախաձեռնությամբ անցկացվեց Թբիլիսիի «Դինամոյի» կողմից Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը նվաճելու 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։
Հանդիսությանը Վրաստանի սպորտի նախարար Լեւան Ղիփիանին հայտարարեց, որ 1964 թվականի Թբիլիսիի «Դինամոյի» ողջ կազմը պարգեւատրվել է Վրաստանի մարզական ամենաբարձր «Սպորտի ասպետի» կոչումով։
Հոբելյանական երեկոյին եւ չեմպիոնի տիտղոսը նվաճելու 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին ներկա էին 1964 թվականի «Դինամոյի» վետերաններ՝ Գիորգի Սիճինավան, Վլադիմիր Բարկաիան, Իլիա Դաթունաշվիլին, Մուրթազ Խուրցիլավան, Նոդար Լեժավան… Ներկա էին նաեւ այն ֆուտբոլիստների եւ մարզիչների ընտանիքի անդամները, ովքեր արդեն վախճանվել են։  Մասնակիցների թվում էին հատուկ այդ նպատակով Նալչիկից ժամանած կաբարդինցի ճանաչված ֆուտբոլիստ Ալեքսանդր Ապշեւի ընտանիքի անդամները, ֆուտբոլիստ, ով 1964 թվականին Թբիլիսիի «Դինամոյի» կազմում դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։
Նոյեմբերի 18-ին Բորիս Պայճաձեի անվան «Դինամո-արենա» մարզադաշտում բացվեց «ԽՍՀՄ 1964 թվականի չեմպիոն՝ ոսկի տղաներին» նվիրված հուշատախտակ։ Նույն օրը Թբիլիսիում Շատբերաշվիլու փողոցում բացվեց եւս մի հուշատախտակ, նվիրված Թբիլիսիի «Դինամոյի» եւ Խորհրդաային Միության հավաքականի դարպասապահ Սերգո Կոտրիկաձեին։
Հոբելյանական հանդիսությունների շրջանակներում անցկացվեցին լուսանկարչական ցուցահանդեսներ, եւ տեղի ունեցավ Թբիլիսիի «Դինամոյի» չեմպիոնի տիտղոսի նվաճման 50-ամյա հոբելյանին նվիրված գրքի շնորհանդեսը։ Հանդիսությունների շրջանակներում, նոյեմբերի 20-ին Թբիլիսիի «Լոկոմոտիվ» խաղադաշտում կանգնեցվեց վրաց լեգենդար ֆուտբոլիստ, Եվրոպայի եւ Խոհրդային Միության չեմպիոն Միխեիլ Մեսխու՝ «Վրացական Պելեի» հուշարձանը։ Նշենք, որ «Լոկոմոտիվ» խաղադաշտը կրում է Միխեիլ Մեսխու անունը։
Ավելացնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին, հատուկ չվերթով Տաշքենդ մեկնեց Թբիլիսիի «Դինամոյի» 1960-1980 թվականների կազմի վետերանների պատվիրակությունը։ Նրանք այսօր՝ նոյեմբերի 22-ին, խորհրդանշական հանդիպում կանցկացնեն Տաշքենդի «Պախտակորի» վետերանների հետ։ Վրացական պատվիրակությունը գլխավորում է սպորտի նախարար Լեւան Ղիփիանին։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Նոյեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30