Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն «ԱՌԱՆՑ ԳՐՔԻ ԿԱՐՃ Է ՆԵՏԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ»

«ԱՌԱՆՑ ԳՐՔԻ ԿԱՐՃ Է ՆԵՏԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ»

Էլ.փոստ Տպել PDF

Այս խորագիրն էր կրում դեկտեմբերի 12-ին, Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող թիվ 79 վրաց-ռուսական հանրային դպրոցում (տնօրեն՝ Քեթեւան Թեւդորաշվիլի), «Հայարտուն» մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ, կայացած գրական երեկոն: Այստեղ էին եկել խոնարհվելու գրքին, մեծարելու գիրքն ու եւս մի անգամ հաստատելու, որ գրքին խոնարհումը սովորել է նշանակում, հետեւաբար՝ բարձրանալ: Եվ դպրոցի գրադարանի վերաբացման հետ էլ կապված էր այս գեղեցիկ միջոցառումը, որի ժամանակ կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանը գրադարանին նվիրեց 30 գիրք։

Ժամանակակից անվանի վիպասան Գուրամ Դոչանաշվիլին հավաքվածներին պատմեց իր գործունեության մասին, խոսեց վրաց գրականության, վրաց իրականության մեջ գրքի դերի ու առաքելության, գրքերի փառատոների մասին, որտեղ իր գրքերը միշտ էլ առաջնակարգ տեղերում են եղել ու կան... Եվ քանի որ Գուրամ Դոչանաշվիլին եղել է Զվիադ Գամսախուրդիայի եւ Մերաբ Կոստավայի համադասարանցին, ապա ջերմորեն ընդունվեց եւ նրա խոսքը՝ իր մեծ համադասարանցիների մասին: Իսկ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը պատմեց Վրաստանում հայ գրականության, «Կամուրջ» տարեգրքի, հայ-վրաց բազմադարյան գրական աղերսների, «Մերանի» հրատարակչության հայկական բաժնի, վրացերենից հայերեն ու հայերենից վրացերեն թարգմանական գրքերի մասին՝ ավետելով, որ ընդամենը մի քանի օր առաջ Երեւանի «Անտարես» հրատարակչությունը՝ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ, հրատարակել է վրաց անվանի գրող Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձ» վեպը՝ իր թարգմանությամբ, իսկ շուտով լույս կտեսնի «Վրաց երիտասարդական պոեզիայի անթոլոգիան»՝ դարձյալ իր թարգմանությամբ:
Այնուհետեւ հյուրերը պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Հանդիսությունն ամբողջացրին դպրոցի աշակերտներն իրենց հրաշալի ասմունքով, բեմականացումներով, երգ ու պարով: Ներկաները ծափահարություններով ընդունեցին նաեւ դուդուկահար Վանո Մկրտչյանի կատարումը եւ տողերիս հեղինակի ասմունքը:

ԼԻԶԱ ԹՈՐՈՍՅԱՆ
Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ուսանողուհի

 
< Դեկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31