Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԱՅՍ ԱՆՍՈՎՈՐ ՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԱՖԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ...

ԱՅՍ ԱՆՍՈՎՈՐ ՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԱՖԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ...

Էլ.փոստ Տպել PDF

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀԵՏ

֊ Անկեղծ ասած, Ձեզ հետ զրուցելիս, մեր կողմից լռելն ավելի ճիշտ կլիներ, բայց, քանի որ մենք մարդիկ ենք եւ ոչ թե տելեպատներ, ստիպված ենք հարցեր տալ: Իսկ թե ինչո՞ւ լռել, բացատրեմ: Երբ Դուք պատմում եք ինչ-որ բան, հետաքրքիր մեջբերումներ եք անում նշանավոր գրողներից... Կամ ասենք ինչ-որ մեկը երգում է հայկական կամ վրացական երգ...Դուք անմիջապես մեջբերումներից բացի, խոսքերի հեղինակի, երգահանի անունն եք տալիս... Շարունակե՞մ...
- Չէ՚, կարիք չկա: Ոչ մի անսովոր բան դրանում չկա: Միջնակարգ կրթությամբ մարդն էլ կարող է այդպիսին լինել: Բայց ահա, եթե մարդն ունի բարձրագույն կրթություն, դա ամենեւին էլ զարմանալի չէ: Չպիտի զարմանալ: Այս առումով մի բան կասեմ միայն. մարդիկ մի տեսակ ետ են սովորել լռությունից, մանավանդ այն դեպքում, երբ պետք է ոչինչ չասել, այլ ընդամենը լռել, որպեսզի որեւէ բան ասելով չփչացնենք ոչինչ…
- Ուրեմն, եկեք ներկայացնենք Ձեզ, այսպես ասած, բոլոր լավ ու վատ կողմերով, եւ Դուք ասեք այն, ինչը կօգնի մեր ընթերցողին ավելի մոտիկից ճանաչել Ձեզ, ում շատ լավ ճանաչում են Թբիլիսիում եւ, իհարկե, վիրահայ համայնքում…
- Համոզեցիք...
- Եվ այսպես՝ առաջին հարցը... Ո՞վ է Ռաֆիկ Աղաջանյանը...
- Մարդ իր մասին ինքը չպիտի խոսի, բայց եթե դա շատ է պետք, ապա կասեմ: Նախ բարի մարդ է նա: Եվ ապա շատ անհաշտ անարդարության հետ: Ու երրորդը՝ իմ մեջ շա՜տ-շատ է սիրո չափաբաժինը: Սիրում եմ այն, ինչ անում եմ: Չորրորդն էլ… չգիտեմ: Իհարկե, կա ինչ-որ բան, որն ինձ չի գոհացնում, բայց այդ մասին դեռ չեմ ասի: Ես միշտ ինքնավերլուծումներ եմ անում, վերուդիր անում գործերս, արարքներս ու երբեք չեմ զբաղվում ինքնասիրահարվածությամբ, նարցիս չեմ… Ցանկացած մարդ, ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես հեռու եմ ինքնագովազդից...
- Որտեղի՞ց են սկզբնավորվում շրջապատում հայտնի իսկական թբիլիսցի Ռաֆիկ Աղաջանյանի արմատները...
- Իմ պապերի պատմածներից գիտեմ, որ մենք էրզրումցի հայեր ենք, որ 1829-1830թթ. ռուս գեներալ Պասկեւիչը ասել է մեր նախնիներին՝ ռուսներն այստեղից գնում են, եւ ձեր այստեղ մնալը շատ է վտանգավոր... Ահա այդպես են իմ նախնիք հայտնվել դեռ Ախալցիխեում, այնուհետեւ Ախալքալաքիում, ապա՝ Ծալկայում ու վերջապես՝ Թիֆլիսում… Ու ես էլ ահա Թբիլիսիում արդեն մեր չորրորդ սերունդն եմ ներկայացնում...
- Ի՞նչ էիք երազում դառնալ, երբ սովորում էիք դպրոցում...
- Անկեղծ ասած, առանձնապես լավ չեմ սովորել (հայրս չէր էլ ուզում, որ գերազանցիկ լինեի), բայց «դվոիշնիկ» էլ չեմ եղել, ոչ էլ՝ միջակ սովորող… Մինչեւ ավարտական դասարան էլ նույնիսկ չէի մտածում, թե ի՞նչ եմ անելու դպրոցն ավարտելուց հետո… չգիտեի, թե ինչ եմ դառնալու… բարձրագույն հանձնե՞մ, թե՞ գործարան գնամ աշխատելու… Բայց փոխարենը շատ էի կարդում հայ դասականներին, հետո՝ վրաց դասականներին, հետո՝ Տոլստոյ, Դոստոեւսկի, Շեքսպիր, Բոդլեր… Սիրում էի լրագիր կարդալ (ի դեպ, մեր տանը սիրում էին կարդալ «Սովետական Վրաստան»), մինչեւ օրս կարդում եմ «Վրաստանը»... Մանավանդ, որ հիանալի ուսուցիչներ էին դասավանդում մեր դպրոցում: Մեր դպրոցն են ավարտել նույն դասարանցիներ, այժմ գրողներ Անահիտ Բոստանջյանը, Գուրգեն Խանջյանը… Հայկական այս անվանի կրթօջախը՝ Հովհ.Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, գտնվում էր նախկին Սովետսկայա փողոցում, փառավոր Ներսիսյան դպրոցին շատ մոտ, մեր տունն էլ գտնվում էր Կալինինի փողոցում (այժմ՝ Ջավախիշվիլի)… Ավարտական հանդեսին մեր ուսմասվարը հետաքրքրվեց, թե ով որտեղ է ուզում ընդունվել: Ինձ երեւի «մոռացավ»՝ չհարցրեց կամ էլ համոզված էր, որ ոչ մի տեղ չեմ հանձնելու… Իսկ ես մեկնեցի Մոսկվա, ընդունվեցի իրավաբանական ու դարձա դիպլոմով իրավաբան: Մի խոսքով, ենթագիտակցորեն ընտրեցի այնպիսի մասնագիտություն, որը կարող է օգնել ցանկացած մասնագիտության տեր մարդու ցանկացած պետական սիստեմում... Գալով բիզնեսի ոլորտ՝ անմիջապես կողմնորոշվեցի, որ առանց տնտեսագիտական իմացության, անհնար է զբաղվել դրանով: Ու սկսեցի զբաղվել ինքնակրթությամբ… Սրան գումարվեց եւ գործնական փորձառությունս։ Ահա եւ իմ համալսարանները…
- Ի՞նչն եք համարում կարեւոր մարդու կյանքում, մարդու համար...
- Ինքներդ դատեք. ինձ երբեք ոչ ոք բաց գրքի նման չի ասել, թե ինչն է լավ ու ինչը՝ վատ։ Ես դա ինքզինքս եմ հասկացել, ներքուստ, բնազդով: Մեր ընտանիքում գլխավոր արժեքներն ինձ համար միշտ եղել են աստվածաշնչյան, ոչ, ավելի ճիշտ՝ ավետարանչական՝ լավ չէ խաբել, լավ չէ լինել մատնիչ. լավ չէ «բախել», գողանալը լավ բան չէ, վիրավորելը լավ բան չէ… Իհարկե, քիչ են մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահպանում են այս պատվիրանները, բայց հո ջանո՞ւմ են մարդիկ… Ես ծայրահեղորեն հազվադեպ եմ խախտում դրանք... Եվ ասեմ պարզ. նման խախտում, որի մասին հիմա կարող եմ լրջորեն ասել՝ չկա, չունեմ, չեմ հիշում:
- Հետաքրքիր է, ովքե՞ր են Ձեր ընկեր-բարեկամները...
- Ցանկացած մարդ ընկեր-բարեկամներ ունի: Իմ մերձակա շրջապատը բաղկացած է երկու խմբի մեջ դասակարգվող մարդկանցից։ Առաջինները նրանք են, ում հետ ես կապված եմ աշխատանքի բերումով: Ասեմ, որ աշխատանքն ինքս եմ ընտրում, ինձ ոչ ոք զոռով չի պարտադրում, հետեւաբար չկան մարդիկ, ովքեր ինձ հաճելի չեն կամ, ում հանդեպ ես անտարբեր եմ… Ինչ վերաբերում է երկրորդ խմբին, այդ բարեկամներս ինձ միշտ զարմացրել են ովքեր իրենց գործի մեջ գրեթե կատարյալ են: Դրանք ե՚ւ գրականության ու արվեստի մարդիկ են, ե՚ւ գիտնականներ, քաղաքական գործիչներ, ե՚ւ իհարկե իմ դպրոցական ընկերները, որոնց մեջ կան նաեւ հասարակ, շարքային արհեստավորներ...
- Դուք հավատացյալ մարդ եք, Ձեզ հաճախ են տեսնում եկեղեցում...
- Այո, իհարկե… Լինում եմ եկեղեցական տոներին, կիրակնօրյա պատարագներին... Աստված ու հավատ հնարավորություն են տալիս ինձ լսել ձայներ Վերից: Աստված կա, ու ես հավատում եմ Աստծուն: Բայց ինչպիսին է նրա տեսքը, ոչ ոք չի ասում... Ես մոլի հավատացյալ չեմ, ու ոչ էլ զարգացած ու կրթված՝ կրոնի ու դավանանքի ուսումնասիրության առումով: Ես ուղղակի արդարության մոլի կողմնակից եմ ու հավատում եմ արդարությանը, պատվիրաններին՝ մի՚ խաբիր, օգնի՚ր կարիքավորին եւ ընչազուրկին... Հայրս առաջնորդվում էր այս սկզբունքով՝ բարի գործերն արվում են ոչ թե այն պատճառով, որ դու որոշել ես դրանք անել, այլ, որ դա քո սրտի կանչն է... Ու ես հավատացած եմ, ու տատիս խոսքերից էլ գիտեմ, որ Բարձրյալը միշտ բարի գործեր է անում ու օգնում հատկապես ընչազուրկներին: Մի խոսքով, ես երբեք չեմ ապրել առանց հավատի, թեեւ Աստծո հետ ես ունեմ անձնապես իմ, ինչ-որ ի՚մ փոխհարաբերությունները...
- Դրա համար էլ ձգտում եք օգնել նրան, ով կարիք ունի օգնության…
- Հնարավորինը՝ այո…
- Ի՞նչ են Ձեզ համար հայ-վրացական փոխհարաբերությունները…
- Ինչ-որ շատ գերկարեւոր եւ գերանհրաժեշտ ու միշտ թարմ եւ նոր սնունդ… Բոլորիս համար, վրացիների ու Վրաստանի, հայերի ու Հայաստանի, վիրահայերիս, մի խոսքով ամբողջ Վրաստանի ու Հայաստանի... Ժամանակակից բարդ աշխարհում, աշխարհաքաղաքական արդի զարգացումների խաչմերուկներում մեր փոխհարաբերությունների գինն ու կարեւորությունը բազմակիորեն է աճում… Դարեր շարունակ Վրաստանը եւ Հայաստանը ենթարկվել են օտարերկրյա զավթիչների ավերումներին ու ավարումներին, սակայն շարունակել ենք ապրել, վերստին հառնել շնորհիվ այն բանի, որ միշտ միասին ենք եղել՝ ի հեճուկս մեր թշնամյաց: Ահա թե ինչու, մենք պարտավոր ենք մեր աչքի լույսի պես պահպանել այդ բարեկամությունը:
- Վերջերս Թբիլիսիում լույս տեսավ վրաց ճանաչված պատմաբաններ, դոկտորներ Մամուկա Գոգիտիձեի եւ Գիորգի Բեժիտաշվիլու «Արմատներով վրաստանցի հայ գեներալներ» գիրքը, որը մի փոքր աղյուս է վրաց֊հայկական հարաբերություններում եւ գրքի հովանավորը Դուք եք…
֊ Այո, եւ նման գիրքը վրաց հեղինակների կողմից առաջինն է վերջին 25 տարիների ընթացքում։ Այն լայն արձագանք առաջացրեց՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ Գիրքը լույս է տեսել վրացերենով եւ ռուսերենով։
֊ Եվ Դուք դարձաք Վրաստանի գիտությունների բազմապրոֆիլային միջազգային ակադեմիայի ակադեմիկոս…
- Ո՚չ, ինձ ընտրեցին ակադեմիկոս՝ ակադեմիայի գիտական կոչումների հանձնաժողովի նիստում։
- Բայց չէ՞ որ Դուք իրավաբան տնտեսագետ եք…
֊ Որքանով տեղեկացված եմ, ինձ, երեւի, բացառություն են արել՝ հաշվի առնելով իմ համեստ ավանդը վրաց-հայկական հարաբերությունների զարգացման գործում։
- Վրաստանում գրանցված է մոտ 150 հայկական ոչ կառավարական հասարակական կազմակերպություն: Ձեզ հաճախ են տեսնում դրանցից մի քանիսի կազմակերպած միջոցառումներին...
- Դրանք հիմնականում համերգներ են, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, հասարակական գործիչների հետ.. Ու դա շատ լավ է… Ես կարծում եմ, որ այդ հասարակական կազմակերպությունների գլխավոր նպատակը պիտի լինի եւ այն, որ տեղաբնակ հայերը հնարավորինս արագ ինտեգրվեն վրաց հասարակական կյանքին եւս...
- Ինչպե՞ս...
- Թբիլիսիում, ինչու չէ, նաեւ տարածաշրջաններում, այս կազմակերպությունները պիտի կազմակերպեն մշտական այցեր՝ թատրոններ, օպերա, համերգային սրահներ, թանգարաններ… Ցուցակը կարելի է շարունակել… Մեր դպրոցների աշակերտները բարեկամական կապերի մեջ պիտի լինեն վրացական դպրոցների աշակերտների հետ, հանդես գան համատեղ համերգներով, գիտական օլիմպիադաներ, մարզական մրցաշարեր կազմակերպեն, միասին մեկնեն Հայաստան, հյուրընկալեն իրենց հայաստանցի ընկերներին, հայաստանցիներին բերեն Վրաստան: Ի դեպ, իմ սովորելու տարիներին մեր դպրոցում, օրինակ, այս ամենը կազմակերպում էին դպրոցն ու իմ ծնողները, իսկ այսօր դրանով պիտի զբաղվեն հասարակական կազմակերպությունները:
- Մի քանի օրից Ձեր ծննդյան տարեդարձն է: Ո՞ր ռեստորանում եք նշելու...
- Պատկերացրեք, ծննդյանս օրը երբեք չեմ նշել ռեստորանում: Միշտ՝ տանը, հարազատներիս հետ, մորս, տանեցիների, ընկերներիս շատ փոքր շրջանակում… Եվ այն էլ՝ բավականին համեստ... Նույն կերպ էլ նշում ենք Ամանորը։ Այս ավանդույթը մեր ընտանիքում հայրս է սկզբնավորել եւ շարունակվում է ցայսօր:
- Ասում են, թե յուրաքանչյուր ձեռնարկատեր տառապում է անքնությունից... Ունե՞ք նման պրոբլեմ...
- Վատ էին քնում, երբ դեռ այնքան էլ չէին հաշտվել հարկեր վճարելու հետ։ Նման հիմնախնդիր առաջ էլ չեմ ունեցել: Լավ եմ քնում: Տեսնում եմ լավ, սիրուն երազներ: Ասում են՝ հարկերը վճարիր ու հանգիստ քնիր:

Վ.ԱՐԱՔՍՅԱՆ

 
< Հունվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31