Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՀԻՆ ՎՐԱՑԵՐԵՆ-ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

ՀԻՆ ՎՐԱՑԵՐԵՆ-ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Էլ.փոստ Տպել PDF

Ընթացիկ տարվա փետրվարի 7-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում վերանորոգված մունիցիպալիտետի սակրեբուլոյի շենքում, կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, հայագետ, վրացագետ, Վրաստանի ձեռագրերի Ազգային կենտրոնի հիմնադիր եւ առաջին տնօրեն, բարեհիշատակ Իլիա Աբուլաձեի (1901-1968 թթ.) արխիվային նյութերի ցուցադրությունը եւ նրա «Հին վրացերեն-հին հայերեն փաստագրական բառարանի» շնորհանդեսը:

Պրոֆեսոր Աբուլաձեն հայտնի է որպես հայերենի եւ վրացերենի առնչությունների, հատկապես այդ լեզուների փոխազդեցությունների, նրանց բառապաշարի առանձնահատկություններին նվիրված հետազոտությունների հեղինակ: Հայագիտության համար արժեքավոր են նրա «Հայ եւ վրաց գրական կապերը 9-11-րդ դարերում», «Հովհաննես Դրասխանակերտցի», «Շուշանիկի տվայտանքները» ուսումնասիրությունները ու գրաբարի դասագիրքը: Ի.Աբուլաձեն աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Լեւոն Մելիքսեթ-Բեկին, Ակակի Շանիձեին: Նա կրթել է երիտասարդ հայագետների մի ամբողջ սերունդ, այդ թվում՝ ակադեմիկոս Զազա Ալեքսիձեին, Էլենե Դոչանաշվիլուն, Էլենե Ցագարելուն…
«Հին վրացերեն-հին հայերեն փաստագրական բառարան» աշխատության վրա հեղինակն աշխատել է գրեթե ողջ կյանքի ընթացքում ու չի հասցրել լույս ընծայել: Բառարանի հրատարակման գործը ստանձնել են նրա սաները՝ Ցիալա Քուրցիկիձեն, Էլենե Ցագարեիշվիլին եւ Մայա Ռափավան, իսկ տեխնիկական աշխատանքներն իրականացրել են Կենտրոնի երիտասարդ հայագետները: Գիրքը տպագրվել է Ձեռագրերի Ազգային կենտրոնի եւ Վրաստանի կրթության ու գիտության նախարարության կողմից:
Բառարանագիտության պատմության մեջ հրատարակված բառարանը բառագիտական-լեզվագիտական նշանակությամբ: Նրանում ընդգրկված բառերը եւ փաստագրությունը ներկայացված են երկլեզու մեկնաբանությամբ: Մեջբերված տեքստերը քաղված են վաղ միջնադարյան շրջանի հին հայկական եւ հին վրացական ձեռագրերից ու տպագիր աղբյուրներից, ինչպես նաեւ Աստվածաշնչից եւ վարքագրական-քարոզչական բնույթի հորինվածքներից: «Հին վրացերեն-հին հայերեն փաստագրական նյութեր» բառարանը (այդպես է այն անվանել հեղինակը¤ միջնադարյան հայ-վրաց գրական մտածելակերպի, փոխհարաբերությունների, ընդհանրությունների եւ տարբերությունների մասին հսկայական ուղեցույց է նաեւ ու բառային միավորների, լեզվական տվյալների հիման վրա պատկերում է հայ եւ վրաց գրական կապերի բնույթը, հնարավորություն ստեղծում ուսումնասիրել երկու գրականությունների տեղն ու առանձնահատկությունները Արեւելքի քրիստոնեական մշակութաբանության համատեքստում:
Ստվարածավալ բառարանում տեղ են գտել վրաց-հայկական ընդհանուր գործածության բազմաթիվ բառեր: Ինչպես նշում են գրքի համախմբագիրները, դրանց մեծ մասն արմատավորվել է փոխշփումների, փոխառումների ճանապարհով, որոշ մասն էլ գրական փոխհարաբերությունների արդյունքում են մտել երկու լեզուներում:
Կազմակերպված շնորհանդեսին ներկա էին Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, Վրաստանի կրթության ու գիտության նախարար Թամար Սանիկիձեն, Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապավան, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Արտակ Ղալաչյանը, պաշտոնատար այլ անձինք, գիտաշխատողներ, կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառման բացման իր խոսքում Վրաստանի կրթության ու գիտության նախարար Թամար Սանիկիձեն կարեւորեց բառարանի նշանակությունը եւ գնահատանքի խոսք հղեց հեղինակի աշխատությունն ավարտին հասցրած անձնախմբի հասցեին:
Ձեռագրերի Ազգային կենտրոնի տնօրեն Բուբա Կուդավան, հայագետ Զազա Ալեքսիձեն, գրքի համախմբագիր Մայա Ռափավան, սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին ընդգծեցին, որ հազվագյուտ աշխատությունը հարստացնում է վրաց-հայկական գրական մշակութային կապերի ուսումնասիրության պատմությունը եւ ցայսօր գոյություն ունեցող հին վրացերենի լիարժեք բառարան է:

ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վրաստանի կրթության ու գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող

 
< Փետրվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28