Փետրվարի 5-6-ին Թբիլիսիում, Euroconvention Global ընկերության նախաձեռնությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի ու Էներգետիկայի եւ բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարությունների աջակցությամբ անցկացվեց ենթակառուցվածքի եւ նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթաժողովը («South Caucasus Infrastructure & New Energy Investment Summit»), որտեղ ներկայացված էին նշված ոլորտներում աշխատող տարածաշրջանային կազմակերպություններ, օտարերկրյա մասնակիցներ: Գագաթաժողովի շրջանակներում անցկացվեցին կլոր սեղանների քննարկումներ, որոնք նվիրված էին տրանսպորտի, լոգիստիկայի եւ բեռնափոխադրումների հարցերին:
Մասնակիցների թվում էր նաեւ Հայաստանի «Հարավ-կովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) փակ բաժնետիրական ընկերության պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության եւ լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովի գլխավորությամբ։Գագաթաժողովի շրջանակներում անցկացված ցուցահանդեսին հայ երկաթուղայինները ներկայացրին ՀԿԵ-ի գործունեության հիմնական ուղղությունները, կոնտեյներային փոխադրումների զարգացումների հեռանկարները, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերը, նոր մաքսային կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագիծը, որը շուտով շահագործման կհանձնվի Երեւանում:
Գագաթաժողովին ընկերության գործունեության եւ զարգացման հեռանկարների մասին զեկուցումով ելույթ ունեցավ Օլեգ Շատալովը։
Մենք հանդիպեցինք «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության եւ լոգիստիկայի գծով տեղակալ ՕԼԵԳ ՇԱՏԱԼՈՎԻն եւ առաջադրեցինք մի շարք հարցեր.
- Օլեգ Պետրովիչ, արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանի երկաթուղային համակարգի ենթակառույցները կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնվել են «Հարավ-կովկասյան երկաթուղի» բաժնետիրական ընկերությանը։ Նախ, մի քանի խոսքով՝ ներկայացրեք ընկերության գործունեության հիմնական ուղղությունները։
- Իրոք, փետրվարի 13-ին լրացավ կոնցեսիոն պայմանագրի կնքման 7-րդ տարին։ Պայմանագրի համաձայն կոնցեսիոն կառավարման ժամկետը սահմանվել է 30 տարով, եւս 10 տարով այն երկարաձգելու իրավունքով։ Պայմանագրի համաձայն 30 տարիների (2008-2038) ընթացքում ընկերությունը Հայաստանի երկաթուղային ենթակառույցների նորացման, զարգացման համար պարտավորվել է իրականացնել 572 միլիոն դոլարի ներդրում։ Նշեմ, որ 2008-2014 թվականների ընթացքում արդեն ներդրվել է 245 միլիոն դոլար։ Այդ գումարից 177,5 միլիոնը ծախսվել է ենթակառույցների արդիականացման, իսկ 67,5 միլիոնը՝ շարժակազմի նորացման համար։
Նույն ժամանակահատվածում երկաթուղային հին, օգտագործման ժամկետն սպառած երեք կամուրջի փոխարեն, կառուցվել ու շահագործման է հանձնվել երեք նոր կամուրջ։ Վերանորոգվել են 349,1 կիլոմետր երկաթգծեր, անցումային 70 սլաքներ, 36 կամուրջներ, Հայաստանի երեք խոշոր քաղաքներում կարգի են բերվել երկաթուղային կայարանների շենքերը, լոկոմոտիվային դեպոները եւ այլն։
Բնականաբար, հատուկ ուշադրություն ենք հատկացնում շարժակազմի նորացման ու արդիականացման հարցերին։ Գնել ենք նոր էլեկտրաքարշեր, մեր բազայի վրա սկսել ենք հին էլեկտրաքարշերի վերանորոգումը։ Ինչպես տեսնում եք, բավականին մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։
- Իրոք, կատարած աշխատանքների թվարկումը բավականին տպավորիչ է։ Իսկ դրանք ինչպե՞ս են անդրադարձել ընկերության կոնկրետ գործունեության ցուցանիշների վրա։
- Ասեմ, որ տպավորիչ են նաեւ ձեռքբերումները։ 2008 թվականից ընկերությունը 5 տոկոսով ավելացրել է բեռնափոխադրումների ծավալը։ Ներկայումս Հայաստանի բեռնափոխադրումների շուկայում մեր բաժինը կազմում է 31 տոկոս։ Բեռնափոխադրումների թեման ամբողջացնելու համար նշեմ, որ միայն 2014 թվականին մեր կողմից փոխադրվել է 3 միլիոն 57,6 հազար տոննա բեռ, 2008 թվականի ցուցանիշը գերազանցվել է 10 տոկոսով։
Նշեմ նաեւ, որ հաշվետու ժամանակահատվածում նկատելիորեն մեծացրել ենք բեռնափոխադրումների աշխարհագրությունը։
- Հավանաբար, փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը պայմանավորված է «Վրացական երկաթուղու» հետ ձեր ընկերության համագործակցության խորացմամբ։
- Դուք իրավացի եք։ Մեր փոխադրումների առյուծի բաժինը իրականացվում է Վրաստանի տարածքով։ Մեր ընկերությունը իրականացնում է միջազգային երկու գնացքաշարերի՝ Երեւան-Թբիլիսի-Երեւան եւ Երեւան-Բաթումի-Երեւան ուղերթերը։ Այդ երկու ուղերթերը որոշակիորեն միմյանց լրացնում են, առաջինը գործում է հոկտեմբեր-հունիս, իսկ երկրորդը՝ հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածում։ Նշեմ, որ, 2008 թվականի համեմատությամբ, այդ ուղերթերով ուղեւորափոխադրումներն ավելացել են 206 տոկոսով։
Ներքին Հայաստանի տարածքով սահմանափակվող ուղեւորա-բեռնափոխադրումների հետ միասին, Վրաստանի տարանցումով, մենք բեռները Հայաստանից հասցնում ենք Փոթիի նավահանգիստ, ապա՝ Ռուսաստան, Ուկրաինա… Նույն ճանապարհով նավերով Փոթի բերված բեռները տեղափոխում ենք Հայաստան։
Իրականացնում ենք նաեւ բեռնափոխադրումներ Իրանից։ Ճիշտ է, ճանապարհի որոշակի հատվածը բեռները փոխադրվում են ավտոմեքենաներով, սակայն հետո դրանք բեռնվում են երկաթուղային վագոններում եւ երկաթուղով հասցվում են հասցեատերերին։ Կարծում եմ, որ Հայաստանը Իրանի հետ կապող երկաթգծի շահագործման դեպքում բեռնա-ուղեւորափոխադրումներն այդ ուղղությամբ զգալիորեն կավելանան։
- Վերջին ժամանակներում խոսակցություններ են տարվում վրացական երկաթուղու աբխազական հատվածի բացման շուրջ։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Ինչ խոսք, աբխազական ճանապարհահատվածի բացումը նշանակալի խթան կհանդիսանա մեր գործունեության ընդլայնման համար։ Հիմնականում կվերանա ծովով, լաստանավերով փոխադրումների իրականացման անհրաժեշտությունը։ Կնվազի նաեւ բեռնափոխադրումների ինքնարժեքը։ Սակայն հարցի կարգավորումը քաղաքական բնույթ ունի, եւ այն լուծվելու է բարձր մակարդակով։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում երկաթուղու բացման անհրաժեշտությունն ակնհայտ կդառնա բոլոր կողմերի համար։
- Ի՞նչ սպասելիքներ ունեք Թբիլիսիում անցկացված գագաթաժողովից։
- Սպասելիքներն ավելի քան նշանակալից են եւ, ամենակարեւորը, շատ հավանական։ Այստեղ ներկայացրած մեր ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց վրաց գործարարների, բեռնափոխադրումներով զբաղվող արտասահմանյան ընկերությունների շրջանում։ Մասնավորապես, վրաց գործարարները հետաքրքրվում էին Ռուսաստանից հանքային պարարտանյութեր տեղափոխելու հնարավորություններով, Իսրայելի ներկայացուցիչները՝ Թել Ավիվից Հայասստան բեռնափոխադրումներ իրականացնելու ուղիներով:
Շատերը հետաքրքրվում էին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարներով ու ժամկետներով, Հայաստանի երկաթուղու բեռնափոխադրումներով, ՎԵԲ-հաճախորդ համակարգի աշխատանքով:
Ինչպես տեսնում եք, համատեղ աշխատանք ծավալելու լայն ասպարեզ գոյություն ունի, մնում է միայն առկա ներուժը լրիվությամբ գործարկել։
ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ