Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹԵԱ ԾՈՒԼՈՒԿԻԱՆԻ. «ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՐԿԻՆ ԿՏՐՎԻ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

ԹԵԱ ԾՈՒԼՈՒԿԻԱՆԻ. «ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՐԿԻՆ ԿՏՐՎԻ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Էլ.փոստ Տպել PDF

Վերջին ժամանակներում առանձնակի հրատապություն ստացած եւ երկրի բնակչության որոշակի հատվածին հուզող երկքաղաքացիության, Վրաստանի քաղաքացիության ընդհատման, միգրացիայի հետ կապված հարցերին հստակ, սպառիչ, իրավասու պատասխանների համար «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանու հետ։ Հանդիպման մասին նշվեց նաեւ արդարադատության նախարարության պաշտոնակայն կայքում։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վրաստանի արդարադատության նախարարի հատուկ մեր թերթին տրված հարցազրույցը։

- Տիկին Թեա, շնորհակալություն, որ անմիջապես համաձայնվեցիք մեզ հետ հանդիպմանը։ Այն հարցերը, որ մտադիր ենք ներկայացնել Ձեզ` հուշել են մեր ընթերցողներն ու որոշ լրատվամիջոցների հրատարակումները, ինչը լայն արձագանք է առաջացնում Վրաստանի, մասնավորապես Սամցխե-Ջավախեթիի բնակիչների որոշակի հատվածում։ Սակայն, մինչեւ հարցերի առաջադրումը, մի քանի խոսք երկու շաբաթ առաջ Ախալքալաքի եւ Նինոծմինդա կատարած Ձեր այցելությունից ստացած տպավորությունների մասին։
- Որպես նախարար ես առաջին անգամ եղա Սամցխե-Ջավախեթիում եւ շատ եմ ցավում, որ մինչ այդ չէի այցելել այդ երկրամաս։ Այն, ինչ տեսա ենթակառույցների առումով, ինձ դուր չեկավ։ Զարմանալի է, որ նախորդ իշխանությունը, որն իրեն ներկայացնում էր որպես շինարար, ինչո՞ւ ոչինչ չէր ձեռնարկել, որպեսզի մեր համերկրացիների համար նորմալ պայմաններ ստեղծեր։ Դա հարկ է շտապ ուղղել։ Այն շենքը, որը արդարադատության նախարարությունն ունի Նինոծմինդայում՝ անընդունելի է։ Վերջերս ավարտվեց մրցույթը եւ այնտեղ կանցկացվի հիմնարար վերանորոգում, որպեսզի այն դառնա առավել քաղաքակիրթ վայր, որպեսզի մեր քաղաքացիները ուրախությամբ եւ ոչ թե ստիպողական լինեն այնտեղ։ Նշեմ նաեւ, որ Նինոծմինդայի մեր գրասենյակը շատ է հիշեցնում Լանչխութիի գրասենյակին։ Այնպես որ, չկարծեք, որ Նինոծմինդան այդ առումով բացառություն է։ Այդ երկու գրասենյակները միանման վթարային վիճակում են եւ այս տարի երկուսն էլ կվերանորոգվեն։
Ինչ վերաբերում է Ախալքալաքիին, ապա վերադառնալուց հետո վարչապետին ներկայացրեցի իմ նկատառումները, եւ նա մեծ պատրաստակամությամբ խոստացավ նպաստել դրանց իրականացմանը։ Ախալքալաքիում արդեն գտել ենք համապատասխան հողատարածք, եւ կկառուցենք արդարադատության տուն, որը կլինի լավագույններից եւ ընդօրինակելիներից մեկը մեր երկրում։ Մինչ օրս Սամցխե-Ջավախեթիում գործում է արդարադատության մի տուն՝ Ախալցիխեում եւ համարվում էր, որ դա բավական է։ Իսկ ես գտնում եմ, որ դա բավական չէ եւ Ախալքալաքիում էլ է պետք ունենալ նման հաստատություն։
Ընդգծում եմ. մեր կառավարության նպատակն է, որպեսզի վրաց լեզվի ուսուցումը բոլորի համար լինի մատչելի։ Երիտասարդներին, ովքեր տիրապետում են պետական լեզվին եւ ապրում են շրջաններում, շատ ավելի դյուրությամբ կներգրավենք համակարգում եւ նրանք կունենան պաշտոնական առաջընթացի հնարավորություն։ Ցանկացած պետությունում կարիերան եւ լավ աշխատանքն անմիջականորեն առնչվում են պետական լեզվի իմացության հետ։ Մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի որակյալ կադրեր, ինչպիսին, օրինակ, նինոծմինդացի նոտար Ռոման Կոստանյանն է, որը, ինչ խոսք, ընդմիշտ նոտար չի մնա։ Համոզված եմ, որ նա կառաջադիմի, իսկ նրա փոխարեն, երբ կգնա թոշակի, կաշխատի ուրիշ անձ։ Ախալքալաքիում մեր աշխատակից Ռուբեն Պալյանը նույնպես օրինակելի անձնավորություն է։
Օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել Սամցխե-Ջավախեթիի հայ բնակիչներին. պետք չէ հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ դուք այս երկրի զավակներն եք։
Փաստաթղթերի կարգավորման եւ առանձին ընտանիքների հիմնախնդիրների լուծման նպատակով մենք որոշեցինք ժամկետն երկարաձգել մինչեւ հուլիսի 1-ը։ Այդ ընթացքում կկարգավորենք հաղորդակցությունը այս երկրամասում, եւ այդ հարցում մեզ մեծ օգնություն կարող է ցուցաբերել «Վրաստան» թերթը։
Ես կրկին անգամ կլինեմ Սամցխե-Ջավախեթիում, որպեսզի անմիջականորեն ծանոթանամ այս երկրամասի զավակների կարիքներին։ Վերջին այցի ժամանակ, երբ Փոկայում էի, հանդիպեցի տեղի պատանիներին եւ խոստացա, որ նրանց կօգնեմ շրջագայել Վրաստանում, քանզի դա նրանց երազանքն է։ Կփորձեմ իմ իրավասությունների շրջանակներում նրանց օգնել այդ գործում։ Հնարավոր է մեր երկրում ոմանք ցանկանան, որ լինի լարվածության օջախ, սակայն ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, Վրաստանի բոլոր քաղաքացիները գիտեն, որ Վրաստանն իրենց հայրենիքն է, եւ մենք պատրաստ ենք օգնել նրանց, նպաստել, որ նրանք սովորեն լեզուն, ունենան առաջընթաց ու լավ ապագա մեր երկրում։ Վրացական պետությունը հզոր է եւ աշխատում է նրանց համար, դրանում պետք է համոզված լինի մեր յուրաքանչյուր համերկրացին։
- Իսկ այժմ այն հարցերը, որոնք առանձնակի հետաքրքրում են մեր ընթերցողներին։ Որքանո՞վ է արդարացված «Արդարադատության նախարարությունը կվերականգնի՞ մեր քաղաքացիությունը» ձեւակերպումը։
- Նախ եկեք որոշակի հստակություն մտցնենք քաղաքացիություն, քաղաքացիության ընդհատում, քաղաքացիությունից զրկում, քաղաքացիության շնորհում հասկացություններում։
Միանգամից ասեմ, որ բոլոր այդ հարցերը հստակորեն ներկայացված են Վրաստանի հիմնական օրենքում՝ երկրի Սահմանադրությունում։ Հենց այդ օրենքի համաձայն, Վրաստանում ծնված, ապրող անձինք ստանում են Վրաստանի քաղաքացիություն։ Ինչ վերաբերում է քաղաքացիության ընդհատման ու քաղաքացիությունից զրկելու հասկացություններին, ապա դրանք կարող են անձի նկատմամբ կիրառվել տարբեր շարժառիթներից ելնելով։ Ինչ վերաբերում է քաղաքացիության շնորհմանը, ապա այն լրիվությամբ գտնվում է Վրաստանի նախագահի իրավասությունների շրջանակում, եւ ընդհանրապես, միայն երկրի նախագահն է իրավասու իր հրամանագրով այս կամ այն անձին շնորհել քաղաքացիություն կամ զրկել քաղաքացիությունից։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, իբր արդարադատության նախարարությունը կարող է վերականգնել անձի քաղաքացիությունը, ապա նման ձեւակերպումը սխալ է։ Արդարադատության նախարարությունն իր ենթակառույցներում ընդունում է Վրաստանի նախագահի անունով գրված, քաղաքացիության վերականգման մասին դիմումները, ապա մյուս, համապատասխան գերետաեսչությունների հետ դրանց ընթացք է հաղորդում, ներկայացնելով եզրակացությունները, վերջնական որոշում ընդունելու իրավասությունը վերապահելով երկրի նախագահին։
- Գուցե պարզաբանեք, թե ո՞ր դեպքում է ընդհատվում անձի Վրաստանի քաղաքացիությունը։
- Վրաստանի Սահմանադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «Վրաստանի քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի, բացառությամբ սույն կետով նախատեսված բացառությունների։ Վրաստանի նախագահի կողմից Վրաստանի քաղաքացիություն կարող է շնորհվել օտար երկրի քաղաքացուն, որը Վրաստանի առջեւ ունի բացառիկ ծառայություններ կամ նրան Վրաստանի քաղաքացիություն շնորհելը ելնում է պետության շահերից»։ Սա քաղվածք է Վրաստանի Սահմանադրությունից, ինչը նշանակում է, որ երբ Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը դառնում է այլ երկրի քաղաքացի, ապա նրա Վրաստանի քաղաքացիությունն ավտոմատորեն ընդհատվում է։ Սա չի նշանակում Վրաստանի քաղաքացիությունից զրկում, ինչը արգելված է Վրաստանի Սահմանադրության 13-րդ հոդվածով։ Դա նշանակում է քաղաքացիության ընդհատում այն պատճառով, որ Վրաստանի քաղաքացին ընտրել է այլ երկրի քաղաքացիությունը։
Վրաստանի քաղաքացիության ընդհատումը, ընթացակարգից ելնելով, հանդիսանում է արդարադատության նախարարության սպասարկումների զարգացման գործակալության գործառույթը, որին ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, հանձնարարված է պաշտպանել Սահմանադրության 12-րդ հոդվածը։
- Խոսակցություններ կան, իբր Սահմանադրության սույն պահանջի հիման վրա, վերջին տարիների ընթացքում տասնյակ հազարավոր էթնիկ հայերի Վրաստանի քաղաքացիությունն ընդհատվել է։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը։
- Ո՞վ է հնարել այդ թվերը, որտեղի՞ց են դրանք վերցրել։ Ելնելով երկրի հիմնական օրենքի վերոնշյալ հոդվածի պահանջներից, օրինակ՝ 2014 թվականին Վրաստանի մասշտաբով 4692 անձի քաղաքացիությունն ընդհատվել է, որից 374-ը դարձել է Հայաստանի քաղաքացի, 2768-ը՝ Ռուսաստանի, 154-ը՝ ԱՄՆ-ի, 197-ը՝ Ադրբեջանի, 126-ը՝ Գերմանիայի, 255-ը՝ Ուկրաինայի, 355-ը՝ Հունաստանի, 69-ը՝ Թուրքիայի, 63-ը՝ Իսրայելի եւ այլն։ 2015 թվականի սկզբից մինչ օրս նույն պատճառով ընդհատվել է շուրջ 1000 անձի քաղաքացիությունը։ Այս թվերն իրատեսական են, ուստի անպատասխանատու ենք համարում այնպիսի թվերի շահարկումը, իբր Սամցխե-Ջավախեթիում այն հասնում է 50 կամ 10 հազարի եւ այլն։
Նշեմ նաեւ, երբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանի կառավարության անդամների հետ պաշտոնական այցով գտնվում էին Վրաստանում եւ Վրաստանի վարչապետի հետ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը հաստատեց, որ Սամցխե-Ջավախեթիում մոտ 2 հազար Վրաստանի քաղաքացիներ ընդունել են Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն։ Հետեւաբար, մեր տվյալները համապատասխանում են միմյանց եւ անթույլատրելի է անհայտ պատճառներով այդ թվերի շահարկումը։
- Ներկա դրությամբ փաստ է, որ այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատրվակով մեր համերկրացիներից շատերի Վրաստանի քաղաքացիությունն ընդհատվել է, իսկ դա բավականին մեծ անախորժությունների ծագման պատճառ է դառնում։ Ինչպե՞ս օգնել նման մարդկանց, ի՞նչ են անելու նրանք քաղաքացիությունը վերականգնելու համար։
- Թեպետ Վրաստանի Սահմանադրությունը հստակորեն սահմանում է այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիության ընդհատման հարցը, սակայն Վրաստանի կառավարության առաջնահերթությունն է, որ Վրաստանի քաղաքացին լինի նա ազգությամբ վրացի, հայ կամ ադրբեջանցի, կամ այլ ազգի ներկայացուցիչ, թեկուզ նման ընտրություն կատարի եւ ստանա այլ երկրի քաղաքացիություն, հնարավորություն ունենա, որպեսզի կրկին դառնա Վրաստանի քաղաքացի։ Դրա համար գոյություն ունի հետեւյալ ուղին՝ անձը դիմում է Վրաստանի նախագահին, որը որոշում է Վրաստանի քաղաքացիության շնորհման հարցը, ինչը անձին հնարավորություն է ընձեռում պահպանել այլ երկրի քաղաքացիությունը։ Ասեմ, որ մայրաքաղաքի եւ Բաթումիի բնակիչները այդ հարցերով կարող են դիմել հենց տեղերում գործող Արդարադատության տներին, իսկ Սամցխե֊Ջավախեթիի պարագայում, նախագահին ողղված դիմումը, համապատասխան փաստաթղթերը հասցեագրվում են Ախալցիխեի արդարադատության տանը, Ախալքալաքիում, Նինոծմինդայում գործող մեր ենթակառույցներին՝ սպասարկումների զարգացման տեղական ծառայություններին, նույնիսկ Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում գործող հասարակական կենտրոնին։ Դիմումն ու համապատասխան փաստաթղթերն ուսումնասիրում են արդարադատության եւ ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցները, ապա հավաքվում է վերոնշյալ երկու գերատեսչությունների ու նախագահի ներկայացուցիչներից կազմված քաղաքացիության հանձնաժողովը, որը եւ կազմում է վերջնական եզրակացություն։ Եթե եզրակացությունը դրական է, այն ներկայացնում են Վրաստանի նախագահին, որն ընդունում է վերջնական որոշում քաղաքացիության շնորհման կամ մերժման վերաբերյալ։
- Վրաստանի քաղաքացիությունն ընդհատված անձինք, հուսահատված մեծ մասամբ արդեն դիմում են այսպես կոչված կեցության վկայականի ստացման համար, ինչը նրանց կարող է ազատել յուրաքանչյուր 90 օրը մեկ անգամ այլ պետության սահմանը հատելու եւ այնտեղ գտնվելու անհրաժեշտությունից։ Եվ դա այն պայմաններում, երբ մշտապես բնակվում են Վրաստանում եւ նրանց ընտանիքների անդամները, մեր երկրի քաղաքացիները, Վրաստանում են ապրում։ Ավելացնենք նաեւ, որ փետրվարի 19-ին Ախալքալաքիում եւ Նինոծմինդայում տեղացիների հետ հանդիպմանը Դուք տարակուսանք հայտնեցիք այն կապակցությամբ, որ կեցության վկայականի ստացման դիմումները շատ ավելի են, քան քաղաքացիության վերականգնման խնդրագրերը։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Կեցության վկայականի ստացման ընթացակարգը գրեթե նույնն է, ինչ քաղաքացիության ստացման ընթացակարգը։ Թեպետ, անկեղծ ասած, ինձ համար մի փոքր տարօրինակ է, որ այդ մարդկանց մեծամասնությունը դիմում է կեցության թույլտվության համար։ Իմ ցանկությունն է, որ հատկապես Սամցխե-Ջավախեթիի բնակիչներից շատ ավելի դիմումներ ներկայացվեն քաղաքացիության շնորհման վերաբերյալ, քան կեցության թույլտվության համար, քանի որ նրանք ծնվել ու մեծացել են Վրաստանում, այս երկրի զավակներն են։ Սակայն, եթե նրանք գերադասում են ստանալ կեցության թույլտվություն, ապա ցանկանում եմ նրանց տեղեկացնել, որ կեցության վկայական ունեցող անձանց համար քաղաքացիության ստացումը հետագայում շատ ավելի դյուրին է, քանզի այդ անձինք արդեն անցած են լինում ընթացակարգը, նրանց գործի ուսումնասիրման համար շատ ավելի քիչ ժամանակ է պահանջվում եւ հաջողության հավանականությունը բավականին բարձր է։
Մեր կառավարության եւ իմ, որպես նախարարի առաջանահերթությունն է, որպեսզի ոչ մի ընտանիք չբաժանվի, եթե ծնողը ունի կեցության վկայական կամ նրան շնորհված է Վրաստանի քաղաքացիություն, ապա երեխան էլ պետք է ունենա նույնը, քանի դեռ անչափահաս է եւ չափահասության դեպքում ինքը անձամբ կորոշի իր քաղաքացիության հարցը։ Մենք նպաստում ենք նաեւ, որ Հայաստան կամ Ռուսաստան գնացած մեր նախկին քաղաքացիները կարողանան վերադառնալ եւ միանալ իրենց ամուսիններին ու զավակներին, իրենց ընտանիքներին։
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, ապա ասեմ, որ 2014 թվականի սեպտեմբերի մեկից մինչ օրս միայն Սամցխե-Ջավախեթիից կեցության ժամանակավոր կամ մշտական թույլտվության ստացման խնդրանքով դիմել է 2519 քաղաքացի։ Գրանցված դիմումների 95 տոկոսը արդեն բավարարվել է։
Ավելացնեմ նաեւ, որ Վրաստանի մասշտաբով Սամցխե֊Ջավախեթիի տարածաշրջանը յուրովին բացառություն է անձնական փաստաթղթերի խառնաշփոթության առումով։ Որքան էլ տարօրինակ լինի, շատերի մոտ, պատկերացրեք, դեռեւս խորհրդային անձնագրերն են։ Ստիպված ենք գործել նաեւ այդ ուղղությամբ։ Բնականաբար, որոշակի քայլեր արդեն կատարել ենք։
- Սամցխե-Ջավախեթիում հանդիպումների ժամանակ Դուք բազմիցս նշեցիք, որ Ձեր գլխավորած գերատեսչությունը ակտիվորեն համագործակցում է Վրաստանի խորհրդարանում տարածաշրջանը ներկայացնող՝ ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական պատգամավորների հետ։
- Դա, իրոք այդպես է։ Ընդհանրապես փաստաթղթերի հետ կապված հարցերի կարգավորման հարցով սկսեցինք սերտորեն համագործակցել Նինոծմինդայից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ։ Համատեղ գործունեության արդյունքներն առավել քան նշանակալից էին։ Ասածի պարզ օրինակն է տիկին Ժաննա Սքոյանը, որի մասին ինձ ասաց պատգամավոր Հենզել Մկոյանը։ Ժաննան գնացել էր Հայաստան, ուշադրություն չէր դարձրել փաստաթղթերի վրա, Վրաստանի օրենքների մասին սուղ տեղեկություններ ուներ եւ այնտեղ մնաց։ Իսկ այստեղ նրան սպասում էին տասը տարեկան երեխան ու ամուսինը։ Մենք արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարությունների հետ համատեղ, աշխատեցինք եւ, չնայած նրա փաստաթղթերում առկա բարդություններին, նրան կարողացանք վերադարձնել Վրաստան։
Ներկայումս այդ հարցով սերտ համագործակցություն են իրականացնում Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի պատգամավորներ Սամվել Պետրոսյանի ու Հենզել Մկոյանի տեղերում գործող բյուրոների հետ։ Այս գործին ակտիվորեն ներգրավվել է նաեւ «Վրացական երազանքից» խորհրդարանի համամասնական պատգամավոր Ռուսլան Պողոսյանը։
Այս եւ շատ այլ օրինակները ցույց են տալիս, որ մեր պարբերական կապերը Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանի, Հենզել Մկոյանի եւ Սամվել Պետրոսյանի հետ պետք է շարունակվեն եւ դրանք արդյունավետ են։
- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հուսով ենք, որ Դուք կրկին անգամ ժամանակ կգտնեք մեր ընթերցողներին հետաքրքրող մյուս հարցերին առաջիկայում պատասխանելու համար։ Օգտվելով առիթից, թերթի խմբագրության աշխատակիցների ու ընթերցողների անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, մաղթում քաջառողջություն եւ հաջողություններ։

ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԹՅԱՆ

 
< Մարտ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31