Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՀԱՅ-ՎՐԱՑ ՎՐՁՆԱՐՎԵՍՏԻ ԳԱՆՁԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՂ ՆՈՐ ԵՐԵՒՈՒՅԹ

ՀԱՅ-ՎՐԱՑ ՎՐՁՆԱՐՎԵՍՏԻ ԳԱՆՁԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՂ ՆՈՐ ԵՐԵՒՈՒՅԹ

Էլ.փոստ Տպել PDF

Առանձնահատուկ էր Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում տեղի ունեցած միջոցառումը։

Հայ ու վրաց մշակույթների ներկայացուցիչներն ու կերպարվեստի սիրահարները ներկա գտնվեցին «Թբիլիսի-Նոր Բաբելոն» ալբոմի շնորհանդեսին, որի էջերը ներկայացնում էին 20-րդ դարի երկրորդ կեսերին Թբիլիսիում ապրող եւ ստեղծագործող հայ գեղանկարիչների գործերը։
Նախագիծը իրականացվել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության, ՀՀ֊ի, Վիրահայոց թեմի կրթա-մշակութային «Հայարտուն» կենտրոնի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանի բարձր հովանավորությամբ։ Նախագծի հեղինակ եւ ղեկավար՝ երիտասարդ գեղանկարիչ Իրենա Օհանջանովա։
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության փոխնախարար Մանանա Բերիկաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական Սոփիո Շամանիդին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արտակ Ղալաչյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, պաշտոնական այլ անձինք։
Վրացերեն, հայերեն, անգլերեն լեզուներով հրատարակված ալբոմը ընդգրկում է վերը նշյալ ժամանակաշրջանի վիրահայ կերպարվեստի նշանավոր հինգ դեմքերի՝ Լեւ Բոյախչեւի, Ալբերտ Դիլբարյանի, Ռոբերտ Կոնդախսազովի, Գայանե Խաչատրյանի, Զուլեյկա Բաժբեուկ֊Մելիքյանի ստեղծագործություններն ու դրանց տեսությունները։
«Թբիլիսի-Նոր Բաբելոն» ալբոմում, գեղանկարիչների հանրահայտ կտավների կողքին, տեղ են գտել այնպիսի գործեր, որոնք ցայսօր չեն ներկայացվել ոչ կատալոգներում եւ ոչ էլ Վրաստանի ցուցահանդեսներում։
Ալբոմում զետեղված են գործեր Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի՝ Ազգային թանգարաններից եւ՝ ԱՄՆ֊ի պատկերասրահներից, գեղանկարներ՝ Գիվի Փարաստաշվիլու, Արչիլ Դարզիայի, Նունու Բենդուքիձեի եւ Շալվա Իսակաձեի հավաքածուներից, ինչպես նաեւ՝ Ալբերտ Դիլբարյանի, Լեւ Բոյախչեւի, Ռոբերտ Կոնդախսազովի՝ ընտանեկան ու Զուլեյկա Բաժբեուկ֊Մելիքյանի, Միհրան Դիլբարյանի, Մադլեն Ցուշիտաշվիլու, Մերի Գուրգենիձեի՝ մասնավոր սեփականություն հանդիսացող կտավներից։
Ալբոմում ընդգրկված գեղանկարիչների՝ կյանքն ու մարդկային նկարագիրը վեր հանող հիանալի էսսեների հեղինակն է հայտնի գրող եւ արվեստագետ Դավիթ Անդրիաձեն. այդ գործերի շնորհիվ՝ «Թբիլիսի֊Նոր Բաբելոն»֊ը կարող է դիտվել գիրք֊ալբոմ։
Գիրք-ալբոմի հայերեն տեքստի թարգմանիչը եւ խմբագիրը բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանն է։ Անգլերեն թարգմանության հեղինակն ու խմբագիրն է Լալի Գեգեչկորին։
Մանանա Բերիկաշվիլու ողջույնի խոսքում «Ալբոմը» գնահատվեց՝ հայ֊վրաց վրձնարվեստի գանձարանը հարստացնող երեւույթ։
«Ուրախ եմ, որ իմ, դեռ Վրաստանում ՀՀ֊ի դեսպան եղած օրերին, ուրվագծած գաղափարը, այսօր դարձավ իրականություն։ Մշակույթը պետությունների փոխհարաբերությունները կանխորոշող կարեւոր կամուրջներից մեկն է, ուստի շնորհավորում եմ եւ՝ մաղթում՝ այս տեմպով շարունակել»,- ասաց այդ օրերին Թբիլիսիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Շնորհավորանքի եւ իրադարձության արժեւորման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արտակ Ղալաչյանը։
«Ուզում եմ գնահատանքս ու շնորհակալությունս բերել Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությանը, որ աչքի լույսի պես պահում֊պահպանում է նաեւ հայ ստեղծագործողների արարումները»,- ընդգծեց իր ելույթում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ «Ուրախ եմ, որ, մասնակցելով այս նախագծին, զգացի՝ բարձր արվեստի եւ նրանով ամրագրված եղբայրության բերկրանքը»,֊ խոստովանեց թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը։ Դավիթ Անդրիաձեն իր շնորհակալությունը բերեց թարգմանիչներին՝ բարեխիղճ այն աշխատանքի համար, որը նպաստել է տվյալ ալբոմի հաջողությանը։
Շնորհանդեսն ուղեկցվեց՝ ներկայացվող գեղանկարիչների կտավները ցուցադրող տեսահոլովակով։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Մարտ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31