Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՄԱՄԻԱ ԹԱՎԱՐԹՔԻԼԱՁԵ. «ԾԱԼԿԱՅԻ ԿԱՐՏՈՖԻԼԸ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՇՈՒԿԱՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ»

ՄԱՄԻԱ ԹԱՎԱՐԹՔԻԼԱՁԵ. «ԾԱԼԿԱՅԻ ԿԱՐՏՈՖԻԼԸ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՇՈՒԿԱՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ»

Էլ.փոստ Տպել PDF

Հանրահայտ փաստ է, որ Ծալկան կարտոֆիլի մշակաբույսի հարցով երկրի գլխավոր մատակարարներից մեկն է։ Այդպիսով այդ մշակաբույսի որակի ու բերքատվության հարցը նշանակալից է ոչ միայն Ծալկայի մունիցիպալիտետի համար։ Բարեբախտաբար, այդ տեսանկյունից Ծալկայի կարտոֆիլի բերքը Սամցխե-Ջավախեթիում աճեցրած պալարապտուղների հետ միասին , կասեինք, դիմանում են մրցակցությանը եւ, փաստորեն, շուկայից դուրս մղում արտասահմանից ներկրած կարտոֆիլը։ Չնայած նրան, որ շուկայական էկոնոմիկան ինքը նպաստում է այդ մրցակցությանը, պալարապտղի աճեցման հարցում առկա են վտանգավոր գործոններ։ Կարտոֆիլի ցանքադաշտերի խնամքի, այնտեղ իրականացվող աշխատանքների հարցում մենք հանդիպում ունեցանք Ծալկայի մունիցիպալիտետի գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնի պետ ՄԱՄԻԱ ԹԱՎԱՐԹՔԻԼԱՁԵԻ հետ։

- Բատոնո Մամիա, ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ Ծալկայի կարտոֆիլը, կարտոֆիլի մյուս տեսակների համեմատությամբ, շատ ավելի համեղ է։
- Դրա հիմնական պատճառը մեր երկրամասի հողերի բաղադրությունն է։ Եթե Արեւմտյան երկրամասի հողերի թթվայնությունը բարձր է, ապա Ծալկայի ալպիական գոտում, ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռներում, սեւահողերը գերազանցում են։ Մեր տարածքը համարվում է հրաբխային գոտի եւ քիմիական բաղադրույթներով նմանը Վրաստանում, Ջավախեթիի երկրամասի հետ միասին բացառություն է։ Այն կարտոֆիլի մշակաբույսին բացառիկ հատկություններ է տալիս։ Բացի այդ, կարտոֆիլի աճեցման համար նպաստավոր է նաեւ կլիման։ Այստեղ չափավոր խոնավություն է, տեղումներ են լինում, այդ թվում՝ ձյուն։ Վերջին տարիներին կլիմայական ջերմությունների դեմ Ծալկան պայքարում է իր լճերով։ Ավելին, մեր երկրամասում կան ճահիճներ, որոնք ինքնին խոնավացնում են հողը։ Դա թույլ է տալիս զարգացնել ոչ միայն դաշտավարությունը, այլեւ՝ անասնապահությունը։ Թեպետ կարտոֆիլի աճեցումը մեզ համար պայմանավորեց անմիջականորեն շուկան։ Բնակչությունն աճեցնում է այն, ինչի պահանջարկը կա, ինչից կարելի է եկամուտ ստանալ։ Օրինակ, անցյալ տարի մեզանոմ կարտոֆիլը տնկարկվեց 3500 հեկտարի վրա, իսկ այս տարի ծրագրել ենք ցանքադաշտերը հասցնել 4 հազարի։
- Ե՞րբ եք սկսելու հողերի նախապատրաստումը։
- Հիմնական աշխատանքներն իրականացվում են աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ սկսվում է կարտոֆիլի բերքահավաքը։ Այդ ժամանակ արդեն ֆերմերներն ու գյուղացիները գիտեն, թե ինչ են ցանելու հավաքած կարտոֆիլի դաշտերում։ Կարտոֆիլի պահպանության համար լավագույն մեթոդը համարվում է սերմնաշրջանառությունը կամ ցանքադաշտերի շրջանառությունը։ Կարտոֆիլի հարուստ բերք է ստացվում հումուսով հարուստ հողատարածքներում, սակայն, երբ այն սուղ է, ավելին՝ երբ լինում են վնասատուներ, ապա ծագում է հողաշրջանառության հարցը։ Այդ դեպքում կարտոֆիլի փոխարեն, գերադասելի է ցանել հատիկային մշակաբույսեր, որոնք ի վիճակի են հարստացնելու հողը։ Հետեւաբար, որքան շատ է վարելահողերի մակերեսը, այնքան մեծ է հողաշրջանառության հնարավորությունը։ Այդ առումով բավականին բարդություններ են ծագում սակավահող տնտեսությունների առջեւ, որոնք նման հնարավորությունից գրեթե զուրկ են։
Նշանակալից է նաեւ սերմնաշրջանառությունը, ինչը նշանակում է միեւնույն մշակաբույսի մի տեսակի փոխարինումը այլ տեսակով։ Սակայն դա իրականացվում է այն դեպքում, երբ կոնկրետ որեւէ տեսակի համար տվյալ հողում առկա են անբարենպաստ հանգամանքներ։
Կարտոֆիլի բերքահավաքից հետո, ինչը բավականին աշխատատար գործընթաց է, թեպետ օգտագործվում է տեխնիկա, հողատարածքները կրկին վարում են։ Գերադասելի է վարն ավարտել աշնանը։ Ձմռանը տեղումներն ու սառնամանիքները փխրեցնում են հողը, ոչնչացնում բակտերիաները եւ տարածքը նախապատրաստում նոր բերքի համար։ Վարը կարելի է անցկացնել նաեւ գարնանը, սակայն այդ դեպքում վարն ու հողատարածքի նախապատրաստումն իրականացվելու է անպայման գյուղատնտեսական տեխնիկայով։ Մեր կլիմայական խիստ պայմաններից ելնելով, կարտոֆիլի ցանքը իրականացնում ենք ապրիլ-մայիս ամիսներին եւ, մինչեւ բերքահավաքը, ցանքադաշտերում իրականացնում համապատասխան աշխատանքներ։
- Հավանաբար, հողերի պարարտացո՞ւմը նկատի ունեք։
- Ոչ միայն, թեպետ, քանի որ կարտոֆիլը արեւի ու սննդարար նյութերի մեծ պահանջարկ ունի, նշանակալից է նաեւ պարարտանյութը։ Եվ դա, բնական է։ Եթե ցանկանում ես հեկտարից ստանալ 15-ից մինչեւ 30 տոննա կարտոֆիլ, ապա հողը պարտադիր կարգով պետք է պարարտացվի։ Մի տոննա պալարապտուղը վեգետացիայի մի փուլում զբաղեցրած հողատարածքից սպառում է շուրջ 50 կիլոգրամ ազոտ, 90 կիլոգրամ կալիում, 40 կիլոգրամ կալցիում եւ 20 կիլոգրամ մագնիում։ Այնպես որ, կարտոֆիլին լրացուցիչ պետք է տրվի ֆոսֆոր եւ ազոտ պարունակող պարարտանյութ։
Վերջին ժամանակներս բավականին հաճախ է դարձել կարտոֆիլի ցանքադաշտերի պարարտացումը կենսապարարտանյութերով, որը հիմնականում բաղկացած է գոմաղբից։ Թեպետ այն հողատարածքներում, որտեղից մտադիր ենք ստանալ մեծ քանակությամբ պալարապտուղ, նման պարարտացումը բավարար չէ։
Մինչեւ բերքահավաքը, իրականացվող աշխատանքների թվին է պատկանում նաեւ համապատասխան նյութերով կարտոֆիլի սրսկումը։ Սրսկումն առանձնապես պարտադիր դարձավ վերջին տարիներին։ Նշանակալից են նաեւ ցանքադաշտերի ոռոգումը։ Նախկինում Ծալկայի ցանքադաշտերով անցկացված էին ոռոգման ջրանցքներ, սակայն վերջին տարիներին դրանց մեծ մասը ավերվել է։ Բարեբախտաբար, անցյալ տարի Վրաստանի գյուղատնտեսական նախարարությունը, Ծալկայի մունիցիպալիտետի 1300 հեկտար հողատարածքի վրա անցկացրեց ոռոգման նոր համակարգ, որոշակի աշխատանք իրականացրեց նաեւ հին համակարգերի վերականգման ուղղությամբ։
- Բոլորին շատ է անհանգստացնում կենսաբանական մաքուր արտադրանքի ստացման հարցը։ Խոսակցություններ կային, թե իբր Վրաստան է ներկրվել գենմոդիֆիկացված կարտոֆիլի սերմնանյութ։
- Իրոք, կարտոֆիլի նոր էլիտային տեսակները ներկրում են համապատասխան հավաստագիր ունեցող ընկերությունները։ Դրանց որակը խիստ վերահսկողություն է անցնում մաքսային ծառայության կողմից։ Վերջին տարիներին Հոլանդիայից էլ ներկրվեցին էլիտար տեսակներ, որոնք աչքի են ընկնում բարձր բերքատվությամբ։ Թեպետ կարող եմ ասել, որ մեր կարտոֆիլը գենմոդիֆիկացված չէ։ Ինչ վերաբերում է շուկային, ապա մենք կարտոֆիլ ենք արտահանում Ադրբեջան։ Ներկայումս բանակցություններ են տարվում՝ մեր պալարապտուղը Եվրամիության շուկա արտահանելու հարցով։
- Դուք նշեցիք, որ կարտոֆիլ աճեցնելը բավականին բարդ գործընթաց է։ Ի՞նչ նկատի ունեք։
- Դատեք՝ ինքներդ։ Մեկ հեկտարի վրա կարտոֆիլ ցանելու համար անհրաժեշտ է 3,5 տոննա կարտոֆիլի սերմացու, ինչը հնարավորություն կտա նույն տարածքից ստանալու 15-30 տոննա պալար։ Ինչպես տնկարկման, այնպես էլ բերքահավաքի ժամանակ օգտագործում ենք համապատասխան տեխնիկա։ Մեկ հեկտարի հաշվով կարտոֆիլի բերքահավաքի համար կատարվում է 100-150 լարիի ծախս։ Տեխնիկայի օգտագործման դեպքում առօրյա մեկ հեկտարի վրա աշխատելու է ավելի քան տասը մարդ, ովքեր կարտոֆիլը լցնելու են պարկերի մեջ եւ պահեստավորելու են։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրին առօրյա տրվում է 20-30 լարի։
Այնպես որ, բոլոր ֆերմերները նշանակալի ծախսեր են կատարում, անկախ նրանից, թե ինչ օգուտ են ստանալու։ Մունիցիպալիտետում կան մարդիկ, ովքեր տարեկան կարողանում են ստանալ շուրջ 900 տոննա կարտոֆիլ, իսկ 500-300-200 տոննա կարտոֆիլի ստացումը արդեն սովորական երեւույթ է դարձել։ Օրինակ, Արսեւանից (նախկին Ջինիս¤ Պյոտր Ալեքսանովը եւ Օնիկ Կարագյոզովը ստացել են 500 տոննա։ 200֊ական տոննա պալարապտուղ են հավաքել նաեւ դարաքովցի Արմեն Ղարագյոզյանը եւ սաղդինցի Պայսակ Բերիվշիլին։
- Ի՞նչ դժվարություններ է ծագում նոր բերքի պահեստավորման հարցով։
- Մեծ ծավալի կարտոֆիլ աճեցնողներն ունեն պահեստներ, որտեղ պալարապտուղը պաշտպանված է արեւի ճառագայթներից։ Պահեստներում հաստատված են մոտ 3 աստիճանի տաքություն։ Դա անհրաժեշտ է նրա համար, որ 5 աստիճանի դեպքում՝ կարտոֆիլը սկսում է ծլարձակել։ Սակավահող ֆերմերները կարտոֆիլը պահում են իրենց տան նկուղներում, որտեղից էլ դուրս են բերում վաճառքի համար։ Բերքահավաքի օրերին մասնավոր շատ անձինք են գալիս Ծալկա, որպեսզի հենց տեղում ֆերմերներից շուկայական գնից 10-15 թեթրիով էժան գնեն կարտոֆիլ, ապա այն վաճառում են Վրաստանի մյուս տարածաշրջաններում։ Այդ գործընթացն է՚լ ավելի դյուրացվեց «Կոոպերատիվների մասին» օրենքի ընդունումից հետո։
Ներկա դրությամբ, արդեն Ծալկայում գործում են 25 կոոպերատիվներ, որոնցում միավորված են կարտոֆիլ աճեցնող մի շարք ֆերմերներ։ Ֆերմերների միավորումը կոոպերատիվներում, դյուրացնում է ստացած բերքի իրացումը։
- Ներկա դրությամբ, ի՞նչ արժե կարտոֆիլը Ծալկայում։
- Անմիջականորեն ֆերմերից գնելիս, կիլոգրամն արժե 60-70 թեթրի։ Այդ գումարին 10-15 թեթրի ավելացնում է այն անձը, որը կարտոֆիլը հասցնում է այլ տարածաշրջաններ։ Գրեթե նույնքան ավելացնում է երրորդ անձը, որը զբաղվում է պալարապտղի վերավաճառքով։
Այս տարի Ծալկայում ծրագրում ենք աճեցնել շուրջ 70 հազար տոննա կարտոֆիլ։ Դա լրիվությամբ կբավարարի ինչպես սերմացու կարտոֆիլի պաշարի համալրման, այնպես էլ՝ մինչեւ մայիս այն վաճառելու համար։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Մարտ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31