Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՕՐՈՋԱԼԱՐԸ՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ

ՕՐՈՋԱԼԱՐԸ՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ

Էլ.փոստ Տպել PDF

Գարունն ինքնին տոն է, իսկ երբ այն զուգորդվում է հաջողությունների բերկրանքով, կրկնակի տոն է դառնում:

Իսկ 2015 թվականի գարունը հաճելիորեն շռայլ գտնվեց Նինոծմինդայի շրջանի Օրոջալարի հանրային դպրոցի համար: Կրթօջախի 8-րդ դասարանի աշակերտուհիներ` երեք փխրուն աղջնակներ, ովքեր իրենց հաջողությունների մասին խոսելիս հայացքները խոնարհում, կրկին բարձրացրին հարազատ դպրոցի ու գյուղի պատիվը:
Ասենք, որ առաջին անգամ չէ, որ գյուղի դպրոցի աշակերտները մասնակցում են տարբեր օլիմպիադաների, մարզական ու գեղարվեստական մրցույթների եւ այլ միջոցառումների: Մասնակցել են եւ միշտ էլ հաղթանակի բերկրանքը ճաշակել` ուրախություն պատճառելով նաեւ մանկավարժներին, հարազատներին, ողջ գյուղին ու շրջանին:
Այս անգամ խոսքը աշակերտուհիներ Կարինե Թազայանի, Լարիսա Թթթյանի եւ Աննա Մարաբյանի մասին է: Կարինեն «WITS OLIMPICS» համապետական օլիմպիադայի շրջանակներում՝ անգլերեն լեզվի իր իմացությամբ լավագույնն է ճանաչվել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում` զբաղեցնելով առաջին հորիզոնականը եւ պարգեւատրվել առաջին կարգի դիպլոմով: Նույն մրցույթում երրորդ կարգի դիպլոմով պարգեւատրվել է Լարիսա Թթթյանը: Ուրախ ենք, որ անգլերենի երիտասարդ ուսուցչուհի՝ Վարդուհի Նորսոյանի շնորհակալ աշխատանքը այս անգամ էլ անհետեւանք չմնաց:
Իսկ շրջանային մշակույթի կենտրոնում «Մայրը գարուն է» խորագրով կիրառական արվեստի մրցույթում իր ձեռագործ աշխատանքներով ուշադրության արժանացավ եւ հատուկ գովասանագրով պարգեւատրվեց Աննա Մարաբյանը: Այդ աշխատանքներից մեկը այժմ զարդարում է կրթօջախի ուսուցչանոցը` մեր սրտերը լցնելով ջերմ զգացումով այն մտքից, որ դա մեր սանուհու հմուտ եւ շնորհալի ձեռքերի արգասիքն է:
Վերջին տարիներին, մեր դպրոցը միշտ էլ աչքի է ընկել իր բարձրորակ մանկավարժական կադրերով, որոնցից է վերոնշյալ երեք աղջնակների տարրականի ուսուցչուհի Սվետլանա Թազայանը, ով իր սաներին անմնացորդ նվիրել է իր հոգում պահ տված գեղեցիկի ու իմացության սերմերը, որոնք դարձել են ծիլ, բողբոջ, շիվ եւ ամրապնդվում են կյանքի հարատեւության օրենքներով:
Գարնան հաջորդ հաճելի անակնկալը շաշկու շրջանային մրցաշարում 6-րդ դասարանի աշակերտ Ռաֆիկ Հանեսյանի հաղթանակն էր: Ռաֆիկը հիսուն խաղացողների հետ մրցապայքարում գրավեց առաջին տեղը եւ արժանացավ հատուկ մրցանակի:
Դպրոցի հաղթանակների արշավը պսակեց դպրոցի մինի-ֆուտբոլի պատանիների թիմը, որը «Ջավախքի ձմեռ» մարզական հանդեսում նվաճեց առաջնության գավաթը: Սաներին մաղթում ենք իղձերի ու երազանքների նոր իրականացում՝ ե՚ւ մտքի, հոգու, ե՚ւ ֆիզիկական կարողության նորանոր հաղթանակներ:

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
ԼՈՒՍԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Դպրոցի ուսուցչուհիներ

 
< Մարտ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31