Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու Խաղաղության մայր տաճարում հավատացյալների եւ երգչախմբերի հետ համատեղ կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում:
Հավատացյալները հետաքրքրությամբ դիտեցին Քույր եկեղեցու բակում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը:
Եկեղեցում Հիշատակի երեկոն սկսվեց հայերեն եւ վրացերեն լեզուներով Տերունական միասնական աղոթքով: Վրաստանում Ավետարանական-Մկրտական Եկեղեցու առաջնորդ, Գերաշնորհ Մալխազ արքեպիսկոպոս Սոնղուլաշվիլին Պահքի այս օրերին նահատակներին հիշելու, նրանց հոգիների համար աղոթելու կոչ արեց:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի Եկեղեցական խորհրդի անդամ, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու հոգեւոր առաջնորդներին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին միասնական աղոթք բարձրացնելու, հայ հավատացյալներին ջերմորեն ընդունելու եւ հայոց ցավն ու վիշտը կիսելու համար: