Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՐՏԱՆԸ»

Նոյեմբերի 23-ին, Գիորգոբայի օրը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում անցկացվեց երաժշտական երեկո։ Երեկոյին ելույթ ունեցան Վրաստանում ճանաչված օպերային մեներգիչներ Լեյլա Գոցիրիձեն, Գիա Գաբելիան, Թենգիզ Ջանգալիձեն, որոնց նվագակցում էր Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար եւ ռեժիսոր Վիտալի Քամալովը։

Համերգի ծրագրում հնչեցին արիաներ Ջ.Վերդիի, Դ.Պուչինիի, Դ.Բիզեի, Պ.Մասկանիի օպերաներից, նաեւ՝ Դ.Արաղիշվիլու ու Պ.Չայկովսկու ռոմանսները։ Միջոցառման կազմակերպիչ եւ վարող, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովի խոսքերով, երեկոյի նպատակը ոչ միայն հանդիսատեսին բավականություն պատճառելն էր, այլեւ երիտասարդ սերնդին ակադեմիական երգեցողության բարձր արհեստավարժ արվեստին ծանոթացնելը։ Նա հակիրճ ներկայացրեց համաշխարհային օպերային դասականի գլուխգործոցների՝ «Դոն Կառլոսի», «Տոսկայի», «Տորանդոտի», «Կարմենի» բովանդակությունը։ Երեկոյի ընթացքում այդ օպերաներից կատարվեցին առանձին արիաներ, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Հանդիսատեսին ռոմանսները ներկայացրեց Վերոնիկա Մանուկյան-Իաշվիլին։

Ընթերցել...
 

16-ԱՄՅԱ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻ ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

altՆոյեմբերի 21-24-ին Ախալքալաքիի մարզահամալիրում անցկացվեց Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:

Մրցումներին մասնակցեցին 1996-1997թթ. ծնված, ընդհանուր առմամբ 66 մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից։ Մասնակիցների թվում էին ախալքալաքցի 10 մարզիկներ։ Մրցաշարի շրջանակներում՝ անցկացվեցին 56 մենամարտեր։
Մրցաշարում ախալքալաքցի 5 մարզիկներ արժանացան տարբեր արժողության մեդալների, իսկ Ռոբերտ Սիմոնյանը 75կգ քաշային կարգում նվաճեց Վրաստանի չեմպիոնի կոչումը։
Ախալքալաքյան մրցաշարում երկրի չեմպիոնի կոչումը նվաճեցին նաեւ Լաշա Կոբախիձեն (49կգ քաշային կարգ), Լեւան Կլդիաշվիլին (52կգ), Լեւան Անթիան (56կգ), Լաշա Գուրուլին (60կգ), Գիորգի Դոդիաշվիլին (64կգ), Նոդար Աբուլաձեն (69կգ), Գիորգի Զեդգինիձեն (81կգ) եւ Դեմուր Մաճառաշվիլին (+91կգ)։ Վրաստանի այս առաջնությունում Ախալքալաքիից 5 մրցանակակիր եղավ. մեկ չեմպիոն, երկու հոգի արժանացան արծաթե, երկու հոգի՝ բրոնզե մեդալների:
Մեզ հետ զրույցում Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Կվաճաձեն նշեց. «Ես շատ գոհ եմ: Այս մրցումները շատ նորմալ ընթացան: Երեւի թե միշտ էլ բոլոր մարզիչները մնում են դժգոհ, սակայն, ընդհանուր առմամբ շատ լավ մրցումներ էին: Ես երախտապարտ եմ քաղաքին, ղեկավարությանը, տեղի դպրոցին, որ լավ էին պատրաստվել»։
Հիշեցնենք, որ վերոնշյալ առաջնությունը թվով երրորդն էր, որն անց է կացվեց Ախալքալաքիի մարզահամալիրում։

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

Սահմանադրությունում փոփոխությունների կատարման ընթացակարգը բարդացվում է։ Այդ հանգամանքը նշանակալից է նրանով, եթե կառավարող կոալիցիան առանց այդ էլ հիմնախնդիրներ ուներ օրենսդիր մարմնում, սահմանադրական մեծամասնությունը կազմելու հարցում, ապա դա ներկա պայմաններում է՚լ ավելի է բարդանում։ Թեպետ նախագահի երդմնակալման արարողությունից հետո անմիջապես հաջորդ օրը սկսված խորհրդարանական խմբակցությունների միջեւ խմբավորումների կազմավորումը հնարավոր է կարգավորի վերոնշյալ հիմնախնդիրը։ Իմիջիայլոց, դրա վկայություններից մեկը «ազգային շարժում» խմբակցությունից պատգամավոր Դավիթ Բեժուաշվիլու հեռանալն է։ Նույնը կանխագուշակում են նաեւ նույն թիմի պատգամավոր Կոբա Նաղոփիա վերաբերյալ։

Ինչպես արդեն հաղորդել ենք, նորընտիր նախագահի երդմնակալման պահից ուժի մեջ է մտել 2010 թվականին ընդունած սահմանադրական մոդելը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների կատարման համար երկու երրորդի փոխարեն նոր մոդելով կպահանջվի խորհրդարանի ցուցակային կազմի երեք քառորդի, այսինքն՝ 113 պատգամավորի աջակցությունը։
Քվորումի ավելացման հետ միասին բարդացվում է նաեւ սահմանադրական նախագծերի հաստատման ընթացակարգը։ Եթե մինչ այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հնարավոր էր քննարկել եւ հաստատել երկու շաբաթվա ընթացքում, ապա ներկայումս այդ ժամկետը հասցված է երկու միմյանց հաջորդող նստաշրջանների, այսինքն՝ երեք ամսվա ընթացքում։
Կառավարող կոալիցիան փորձեց ուժի մեջ թողնել Սահմանադրության վերանայման ներկայումս գործող ընթացակարգը եւ խորհրդարանին ներկայացրեց համապատասխան օրինանախագիծը, թեպետ, «Ազգային շարժման» կտրական բացասական դիրքորոշման պատճառով նախագծի անցկացումը չիրականացվեց, քանի որ կառավարող կոալիցիան խորհրդարանում չունի անհրաժեշտ 100 պատգամավորի քվեն, ինչը մինչեւ օրս գործող նորմի համաձայն, անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունն ընդունելու համար։

Ընթերցել...
 

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ. «ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ԳՈՐԾՈՒՄ Է

Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանի հետ մեր հարցազրույցը նվիրված էր շինարարության ոլորտին: Ֆինանսավորումը կատարվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների «Գյուղի զարգացման ծրագրի» հիմնադրամից: Միայն 2013 թվականին շրջանում կատարվող շինարարական եւ շինվերանորոգման աշխատանքներին հատկացվող գումարները, ընդհանուր առմամբ, կազմում են 3,8 միլիոն լարի:

- Ո՞ր օբյեկտներն են համարվում առաջնային եւ հույժ կարեւոր շրջանի համար:
- Առավել կարեւորը բոլոր բնակավայրերը խմելու ջրով ապահովելն է: Մանկուց եմ հիշում, թե մեր Խոջաբեկ գյուղում ջրի հարցը ինչպիսի բարդ հանգույց է եղել եւ ինչպիսի անասելի դժվարություններ են կրել բնակիչները խմելու ջուր հայթայթելու համար: Ջրի պակասը անցել է սերնդեսերունդ, եւ հիմա է վերջնականապես լուծվել այդ բազմաչարչար հարցը: Եվ ոչ միայն Խոջաբեկում…: Բոլոր բնակավայրերում էլ խմելու ջրի կարիքը, ավել կամ պակաս չափով զգացվել է:
Այս տարի եւս, մի շարք գյուղերում կառուցվում են նոր ջրագծեր, նորոգվում են հները: Դրանցից է Ուչմանա-Թորիա-Հեշտիա ջրատարը, որի երկարությունը հասնում է շուրջ 10 կիլոմետրի: Դրա կառուցման նախահաշիվը 460 հազար լարի է: Այն ընթացքի մեջ է, եւ որի շինարարությունը այս տարի կավարտվի: Դրանով իսկ, երկու` Ուչմանա եւ Թորիա, գյուղերը լրիվությամբ կապահովվեն խմելու ջրով: Դրա մի ճյուղը գնում է Հեշտիայի վերին ջրազուրկ թաղամասերը: Այնպես որ, այս առումով Հեշտիան եւս օրակարգից դուրս կգա:
- Ուրիշ ջրատար կառուցվո՞ւմ է:
- Այո: Երկրորդը «Գյուղի զարգացման ծրագրով» նախատեսված Օրլովկա-Սպասովկա ջրատարն է, որի ակունքը մոտակա լեռան կրծքից բխող սառնորակ աղբյուրն է: Այն ունի նույնպես 10 կիլոմետր երկարություն, եւ որի կառուցման համար նախատեսված է 107 հազար լարի: Օրլովկա-Սպասովկան եւս ընթացիկ տարվա գործարկվելիք օբյեկտներից է, եւ դրանով իսկ նշված երկու բնակավայրերն էլ լրիվությամբ կապահովվեն խմելու ջրով:

Ընթերցել...
 

«ՄԵԶ ԾԱՆՈԹ ԵՎ ԱՆԾԱՆՈԹ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ»

Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի ընդարձակ ու բարենորոգ ուսուցչանոցում էին հավաքվել կրթօջախի տնօրինությունը, մանկավարժական կազմն ու բարձր դասարանների աշակետները, մայրաքաղաքի հայ հասարակայնության եւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:

Հանդիպումը, որն այստեղ էր հրավիրել նրանց բոլորին, իր բնույթով առաջնեկն էր դպրոցում այսուհետ անցկացվելիք միջոցառումների այն շարքի, որը նվիրված է լինելու համայնքի հայտնի անուններին, նրանց կյանքի, գործունեության հետ ծանոթությանն ու հանդիպումներին, եւ որի նախաձեռնությունն ու մտահղացումը պատկանում է դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանին:
Միջոցառումների այս շղթայի մեջ առաջինը լինելու պատիվը վերապահված էր անվանի բանստեղծուհի, թարգմանչուհի, «Վրաստան» թերթի լրագրող, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր, գրահրատարակիչ, Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ Անահիտ Բոստանջյանին:
«Մեզ ծանոթ եւ անծանոթ Անահիտ Բոստանջյանը» խորագրով այս անսովոր հանդիպման ձեւաչափն ու ընթացքը, որը բավականին ինքնատիպ ու հետաքրքիր էր, տեւեց մեկ ժամից մի փոքր ավելի: Նախ  աշակերտները ներկայացրին Անահիտ Բոստանջյանին ու նրա գործունեությունը: Այնուհետեւ, նրա մասին գնահատանքի ու մեծարանքի ջերմ խոսքեր ասաց Իրինա Ժամկոչյանը՝ առանձնապես ընդգծելով, որ Անահիտ Բոստանջյանը իրենց դպրոցի ամենահարազատ մարդկանցից մեկն է ոչ միայն ստեղծագործական առումով, այլեւ որպես դպրոցի հին ու հավատարիմ ծնող։ «Նրա ե’ւ դուստրերը, ե’ւ դստեր երեխաները մեր դպրոցի սաներն են»,- ընդգծեց նա: Այնուհետեւ դպրոցի աշակերտներն ընթերցեցին Բոստանջյանի բանաստեղծություններից: Դրանից հետո բանաստեղծուհին իր խոհերը կիսեց ներկաների հետ իր մտաղացումների ու ծրագրերի մասին, պատմեց իր կյանքից որոշ դրվագներ՝ դեռեւս անհայտ շատերին, ապա եւ պատասխանեց այն հարցերին, որոնք ուղղեցին նրան մանկավարժներն ու աշակերտները:
Միջոցառմանը ներկա էին նաեւ բանաստեղծուհու ընտանիքի անդամները, այդ թվում՝ մայրը՝ նախկին մանկավարժ, 91-ամյա Մանիկ Դանիելյանը:
Հավելենք, որ մի քանի օր առաջ նույն կրթօջախի գրադարանում կայացավ եւս մեկ հանդիպում՝ «Գրող-ընթերցող» խորագրով՝ վիրահայ գրողներ Խաժակ Եփրիկյանի եւ Ստանիսլավ Մելքոնյանի հետ, որը կազմակերպել էր գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանը։

ՎԱԼԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆՑ
Արձակագիր

 

ԱՐՏՈՆՅԱԼ ԱԳՐՈՎԱՐԿԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԵԼ

Ինչպես արդեն հաղորդել ենք, վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնությամբ գործարկված արտոնյալ ագրովարկերի նախագիծն այս տարի նշանակալի ազդեցություն գործեց ինչպես գյուղատնտեսական աշխատանքների իրականացման, այնպես էլ՝ աճեցրած բերքի թե’ որակական, թե’ քանակական ցուցանիշերի վրա։ Արտոնյալ ագրովարկերից տարվա ընթացքում օգտվեցին հազարավոր ֆերմերներ, եւ ստացված միջոցները նրանց թույլ տվեցին ժամանակին ու բարձր որակով կատարել աշխատանքները։ Այդ հանգամանքը Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանը թույլ է տալիս հուսալ, որ առաջիկա ժամանակներում երկիրը հնարավորություն կունենա դառնալ առանձին մշակաբույսերի արտահանող։
Գյուղատնտեսության ոլորտում կատարված փոփոխությունների հնարավոր արդյունքների եւ առաջիկա ծրագրերի հարցով, մենք դիմեցինք Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Դավիթ Շերվաշիձեին։

- Սակավահող ֆերմերների օգնությունը ի՞նչ հնարավորություններ ընձեռեց գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, եւ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին ոլորտում։
- Միանգամից ասեմ, որ Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ իրականացված գյուղատնտեսության օգնության գարնանային ծրագիրը մի քանի ուղղությամբ դրական ազդեցություն ունեցավ։ Նախ՝ ցուցաբերած օգնությունը մարդկանց մոտ վստահություն առաջացրեց, որ կառավարությունը հոգում է իրենց մասին։ Սկսվեց գյուղից հեռացած մարդկանց վերադարձման գործընթացը։ Երկրորդ առավելությունը տնտեսական գործոնն է։ Ֆերմերներին օգնությունը հնարավորություն տվեց հիմնել տնտեսական բազա, որը հետագայում կարող է նպաստել տնտեսության ամրապնդմանը։ Ֆերմերներին ցուցաբերած օգնությունը թույլ տվեց նկատելիորեն ավելացնել ստացված բերքի քանակը։ Բավական է նշել, որ առանձին մշակաբույսերի, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, ճակնդեղի եւ այլնի բերքատվությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Ընդլայնվեցին նաեւ ցանքատարածությունները։ Բավական է նշել, որ այս տարի միայն սխտորի համար հատկացվել է 4500 հեկտար հողատարածք։

Ընթերցել...
 

ՄԵԾԱՐԵՑԻՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահների դահլիճում կայացավ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված երեկո:
Միջոցառմանը, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի հետ համագործակցությամբ, ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Սամվել Պետրոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թբիլիսիում ազգային փոքրամասնությունների՝ հրեա, քուրդ, գերմանական, լատվիական, էստոնական եւ այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վրաց մտավորական եւ հասարակական գործիչներ: 
Միջոցառմանը հանդես եկան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների թարգմանիչ, թբիլիսահայ ճանաչված գրող Գիվի Շահնազարը, անվանի հայագետ, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին, Վրաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ադրբեջանական եւ քրդական հաղորդումների նախկին գլխավոր խմբագիրներ Էմին Մահմուդովը եւ Քերիմ Անկոսին, պատմաբան Ենոք Թադեւոսյանը, ովքեր իրենց խոսքում անդրադարձան տարածաշրջանի ժողովուրդների գրականության մեջ անպարտելի երգասացի կոչմանն արժանացած եռալեզու եւ քառալեզու բանաստեղծ-աշուղի ստեղծագործական հմտություններին:

 

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՍԵԹ-ԲԵԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի արեւելագիտության ինստիտուտում, նոյեմբերի 14-15֊ին, տեղի ունեցավ համալսարանի հայագիտության բաժնի հիմնադիրներից մեկի՝ ժամանակի ակնառու մտավորական, հայագետ, արեւելագետ, պրոֆեսոր, համալսարանի երկարամյա դասախոս Լեւոն Մելիքսեթ֊Բեկի (1890-1963) հիշատակին նվիրված գիտական կոնֆերանս, որը նախագահում էր արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից֊անդամ Ապոլոն Սիլագաձեն։

Իրենց ողջույնի խոսքում՝ Ապոլոն Սիլագաձեն, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Զազա Ալեքսիձեն,  Իվ.Ջավախիշվիլու համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դարեջան Թվալթվաձեն միջոցառումը գնահատեցին՝ իբրեւ անվանի գիտնականի՝ համալսարանի պատմության մեջ ներդրած մեծ ավանդի արժանի հատուցում։
Լեւոն Մելիքսեթ-Բեկի անսահման բարության, ազնվության մասին եւ՝ նրա մարդկային այլ հատկանիշները վեր հանող հուշերով, հանդես եկան պրոֆեսորներ Նաթելա Կութելիան, Զեզվա Մեդուլաշվիլին, Նոմադի Բարթաիան, Ցիսանա Ամբուլաձեն, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը։
Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը ողջունելով՝ միջոցառման նախաձեռնողներին կոչեց շարունակել Մելիքսեթ-Բեկ գիտնականի ու մարդու կենսակերպը, որ իմաստավորված էր  վրաց ու հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գաղափարներով։
Կոնֆերանսի 2-րդ բաժնում պրոֆեսորներ Բոնդո Արվելաձեն, Քեթեւան Ասաթիանին, Մարիամ Չխարտիշվիլին, Նոմադի Բարթաիան հանդես եկան՝ «Լեւոն Մելիքսեթ-Բեկի կյանքն ու գործունեությունը», «Ազգային արխիվում պահպանված Լեւոն Մելիքսեթ-Բեկի արխիվը», «Ազգի կոնցեպտուալիզացիայի երկու մոդելի՝ ազգի եւ ժողովրդի մասին», «Սայաթ-Նովայի վրացական բանաստեղծություններում որոշ պարսկական փոխառությունների մասին» թեմաներով։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
Ավելի Հոդվածներ...
Page 26 of 53
< Փետրվար 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28