ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Տպել

Այսպիսով, վաղը՝ հոկտեմբերի 27-ին, Վրաստանի բնակիչները նորանկախ պետականության պատմության մեջ վեցերորդ անգամ, իրենց սահմանադրությամբ վերապահված իրավունքի կիրարկմամբ կընտրեն երկրի չորրորդ նախագահին։

Ինչպես արդեն հաղորդել ենք, ընտրություններին իրենց թեկնածություններն են առաջադրել տարբեր թեքվածության կուսակցությունների եւ նախաձեռնող խմբերի 23 թեկնածուններ, որոնցից երեքը կին են (եւս մի էական տարբերություն¤։ Թեպետ, ամենայն հավանականությամբ, հիմնական պայքարը կծավալվի երեք թեկնածուների միջեւ։ Խոսքը վերաբերում է «Վրացական երազանք» կոալիցիայից 44-ամյա Գիորգի Մարգվելաշվիլուն, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից 41-ամյա Դավիթ Բաքրաձեին եւ «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստանի» թեկնածու, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ժամանակին երկու անգամ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, 49-ամյա Նինո Բուրջանաձեին։ Թեպետ ընտրություններին մասնակցում են նաեւ հասարակության հայտնի գործիչներ, մասնավորապես, Քրիստոնեա-ժողովրդավարական շարժման լիդեր, լրագրող Գիորգի Թարգամաձեն,  ԿԸՀ-ի նախկին նախագահ Զուրաբ Խարատիշվիլին, Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, փաստաբան Քարթլոս Ղարիբաշվիլին, կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ավթանդիլ Մարգիանին, Նեստան Կիրթաձեն, Կոբա Դավիթաշվիլին, Սերգո Ջավախաձեն եւ ուրիշներ։
Փորձագետների գնահատմամբ, ներկայիս ընտրությունները բավականին հիշեցնում են երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացված նախագահական ընտրությունները։ 1991 թվականի ընտրություններն էլ էին աչքի ընկնում ոչ միայն նախագահության թեկնածուների բազմաքանակությամբ, այլեւ՝ ծրագրերի բազմազանությամբ, սկսած զուտ ազգայնական թեքվածությունից եւ վերջացրած ոչինչ չասող, եվրոպական հռչակագրերից առանձնացված մեջբերումներով հագեցված ծրագրերից։ Ըստ փորձագետների գնահատման՝ մյուս նմանությունը իրականացվող քարոզարշավի հագեցվածությունն է, որի ընթացքում թեկնածուներն ու նրանց կողմնակիցները չեն զլանում տարբեր, շատ հաճախ էլ անիրատեսական խոստումներ տալուց։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես կոմունալ սակագների ոչ ավելի, ոչ պակաս կիսով չափ կրճատելուն, անգամ հարսանեական ճանապարհորդությունները կազմակերպելուն։ Իսկ ինչ վերաբերում է լուրջ խոստումներին, ապա դրանք աննշան տարբերություններով եւ դրանց կատարման մեթոդներով առնչվում են սոցիալական, առողջապահության, գործազրկության եւ հրատապ այլ հարցերին։ Բոլորի ծրագրերում, միանշանակորեն բարձրացված է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, թեպետ մեկ-երկուսի բացառությամբ, այդ ուղղությամբ իրատեսական քայլեր ոչ մեկը չի առաջադրում։
Սրանով, կարելի է ասել նմանություններն սպառվում են, սկսվում են տարբերությունները եւ ի պատիվ ներկայիս իշխանության, կարելի է ասել, որ ներկայիս ընտրությունները որոշակիորեն աչքի են ընկնում ինչպես գործողությունների ազատությամբ, այնպես էլ՝ քարոզարշավի իրականացման որոշակի իրավահավասարությամբ։
Տարբերությունների թվում ամենաէականը կարելի է համարել այն հանգամանքը, որ 2013 թվականի հոկտեմբերի 27-ի ընտրությունների արդյունքներով ընտրված Վրաստանի չորրորդ նախագահը երկրի քաղաքական կյանքում իր տեղն զբաղեցնելու է նշանակալիորեն սահմանափակված իրավասություններով ու նոր առաքելությամբ։
Երկրի Սահմանադրությունում կատարված փոփոխությունների համաձայն, նոր նախագահի իրավասությունների մեջ մտնում են պարգեւատրումները, ներման եւ քաղաքացիության շնորհման հարցերը։ Նախագահի գլխավոր գործառույթներից է մնում ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը ցրելու եւ արտակարգ դրություն հայտարարելու իրավունքը, այսինքն որպես գլխավոր հրամանատար, զինված ուժերի օգտագործման իրավունքը։
Նախագահական ընտրություններից մեկ օր շուտ, նորընտիր նախագահի իրավասությունների հստակեցման նպատակով մենք դիմեցինք Վրաստանի խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ, ճանաչված սահմանագրագետ Վախթանգ Խմալաձեին։
- Բատոնո Վախթանգ, Սահմանադրությունում կատարված փոփոխություններն էապես կրճատում են նորընտիր նախագահի լիազորությունները։ Մասնավորապես, ո՞ր բնագավառներում են արտահայտվում այդ սահմանափակումները։
- Նախ կցանկանայի ասել, որ երկրի կառավարման մեր ընդունած մոդելը, աննշան տարբերություններով, գործում է եվրոպական գրեթե բոլոր երկրներում։ Մինչ այդ, այն անսահմանափակ իրավասությունները, որոնցով Սահմանադրությունը լիազորել էր Վրաստանի նախագահին, հանգեցնում էին հենց այդ սահմանադրական սկզբունքների կոպիտ խախտման։ Փոփոխությունները թույլ են տալիս աստիճանաբար վերականգնելու այդ սկզբունքները։ Ամենայն հավանականությամբ, Սահմանադրությունը առաջիկայում կրկին կկարգավորվի, քանի որ ներկա դրությամբ էլ այն լրիվությամբ չի ազատված սկզբունքային սխալ դրույթներից։ Օրինակ, վերցնենք կառավարության կազմավորման կարգը, որը ներառում է մի շարք միմյանց բացառող դրույթներ։
Հիմա կոնկրետ հարցով։ Սահմանադրական փոփոխության համաձայն, նախագահից հանվում է գործադրի գործառույթը եւ կառավարության գործունեությունում միջամտելու իրավունքը։ Դա նշանակում է, որ այսուհետեւ գործադիր իշխանությունը լրիվությամբ վերապահվում է կառավարությանը, հետեւաբար, դրա արդյունքների համար էլ պատասխանատվությունը լրիվությամբ դրվում է կառավարության վրա։
Սահմանափակվում է նաեւ նախագահի դերը արտաքին քաղաքական կուրսի կանխագծման եւ իրականացման գործում։ Իսկ դա նշանակում է, որ նախագահը, առանց կառավարության համաձայնության, իրավասու չէ անցկացնել բանակցություններ, ստորագրել միջազգային պայմանագրեր եւ այլն։
- Սահմանադրական փոփոխություններն ինչպե՞ս են առնչվում ներքաղաքական ոլորտում նախագահի իրավասություններին։
- Ներքաղաքական ոլորտում, սահմանադրական փոփոխությունների կիրարկումից հետո նախագահը, բացառությամբ զինված ուժերին վերաբերող հրամանագրերի, մյուս կարգադրությունները համաձայնեցնելու է վարչապետի հետ։ Սահմանափակվում են նախագահի իրավունքները ազգային կարգավորման հանձնաժողովների եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների նշանակման հարցում։
Նախագահի իրավունքների սահմանափակումը անդրադառնում է նաեւ ազգային անվտանգության խորհրդի գործունեության վրա, որի գլուխը նախագահն է։ Այդ առումով խորհուրդը զբաղվելու է միայն ռազմական հարցերով։
- Իսկ ի՞նչ կասեիք Սահմանադրությամբ նախագահին վերապահվող իրավասությունների մասին։
- Ամենակարեւոր իրավասությունը, որը վերապահվում է նախագահին, դա առնչվում է ճգնաժամային իրավիճակներում արտակարգ կամ պատերազմական վիճակի հռչակման իրավունքին, այսինքն՝ որպես գլխավոր հրամանատար իրավասու է օգտվելու զինված ուժերի օգտագործման իրավունքից։ Նախագահն իրավասու է նաեւ ճգնաժամային իրավիճակում ցրելու խորհրդարանը եւ նշանակելու խորհրդարանական նոր ընտրություններ։
Վրաստանի նորընտիր նախագահին վերապահվում է պարգեւների, ներման ու քաղաքացիության շնորհման հետ կապված հարցերի լուծումը։ Բացի այդ, նախագահն է խորհրդարանին ներկայացնելու վարչապետի թեկնածությունը, թեպետ զրկվում է վերջինիս միանձնյա նշանակման մինչ այդ ունեցած իրավունքից։ Եթե խորհրդարանը հավանություն չի տալիս նախագահի առաջադրած վարչապետի թեկնածությունը, ապա սահմանադրական փոփոխություններով խորհրդարանն իրավասու է, առանց նախագահի հետ համաձայնեցման, ընտրելու վարչապետին։
Վերջում ավելացնենք, որ մինչ այդ անկախ պետականության պայմաններում անցկացված նախագահական հինգ ընտրությունները ավարտվել են մեկ տուրով։ 1991թ. կայացած առաջին ընտրություններում հաղթեց Զվիադ Գամսախուրդիան՝ ստանալով քվեների գրեթե 88 տոկոսը: 1995-ին կայացած ընտրություններում քվեների 77 տոկոսով հաղթեց Էդուրադ Շեւարդնաձեն, 2000թ. նախագահական ընտրություններում էլ հաղթեց Շեւարդնաձեն՝ ստանալով քվեների 82 տոկոսը: 2004-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում քվեների 96 տոկոսով հաղթեց Միխեիլ Սաակաշվիլին: Եթե այս ընտրությունները համարվեցին ազատ եւ արդար, ապա Սաակաշվիլու երկրորդ ընտրությունը 2008-ին կասկածի տեղիք տվեց:
Այսպիսով, վաղը՝ հոկտեմբերի 27-ին, Վրաստանը կընտրի թվով չորրորդ նախագահին, նոր լիազորություններով եւ նոր առաքելությամբ։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ