«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Տպել

Թբիլիսիում, «Art Hall» արվեստի սրահում, համերգով հանդես եկան հայտնի «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի տարբեր եթերաշրջանների մասնակիցները, որոնց այդ նախագծից ճանաչում ու սիրում է նաեւ վիրահայ հանդիսատեսը։

Ահա ինչու, այդքան բուռն էին հայ երգի երիտասարդ վարպետներ Նարեկ Պողոսյանին, Վարդուհի Գրիգորյանին, Հայկուհի Բաբախանյանին, Տաթեւ Սարգսյանին, Գոհար Ասատրյանին, Կարեն Աթոյանին, Հայկ Եսայանին, Մասիս Հունանյանին հասցեագրված ծափողջույնները։
Համերգը հագեցած էր Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի, այլ աշուղների ստեղծագործություններով, տարածված ժողովրդական երգերի, զուգերգերի, ինչպես նաեւ նվագախմբի ժողովրդական մեղեդիների անզուգական կատարումներով։
Երեկոն ավարտվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանի ՀՀ Սփյուռքի նախարարությանը եւ համերգի բոլոր մասնակիցներին հղված շնորհակալական խոսքով։ Իսկ Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի «Վանք» պարախմբի ղեկավար Լիանա Կաշավանիձեն իր շնորհակալությունը բերեց համերգի մասնակիցներին հուշանվերների հանձնումով։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ