ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉԸ՝ ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Տպել

altՕգոստոսի 6-12-ին Վրաստանում հայտարարվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհված հերոսների Հիշատակի շաբաթ։

Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահի կարգադրությամբ՝ Վրաստանի ողջ տարածքում օգոստոսի 7-8-ին պետական բոլոր դրոշներն իջեցվեցին։
Հիշատակի շաբաթվա շրջանակներում կցուցադրվի Սոֆի Տորբինավայի «Դանդաղ գործողության ական» ֆիլմը, որտեղ պատմվում է Կարմիր բանակի կողմից Վրաստանի բռնազավթման եւ հաջորդող, մինչեւ 90-ական թվականները տարիների, նաեւ 2008 թվականի օգոստոսի իրադարձությունների մասին։
Կարմիր կակաչների ակցիայից բացի, Հիշատակի շաբաթվա շրջանակներում անցկացվեց երկու խոշոր միջոցառում։ Մասնավորապես, օգոստոսի 6-11-ին Ազգային թանգարանում անցկացվեց «Վրաստանից գողացված պատմությունը» ցուցահանդեսը եւ օգոստոսի 7-ին TBC պատկերասրահում բացվեց «Աշխարհ» ցուցահանդեսը, որին մասնակցում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի զոհված հերոսների երեխաները։
Օգոստոսի 7-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդության Մայր տաճարում մատուցվեց 2008 թվականի օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, ապա Վրաստանի պատրիարքարանում անցկացվեց հիշատակի երեկո։
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ընթացքում, պաշտոնական տվյալներով, վրացական կողմից զոհվել է 413 մարդ, այդ թվում՝ 166 զինվորական, 16 ոստիկան եւ 220 քաղաքացիական անձ։ Վիրավորվել է 2 234 մարդ։