ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՎԻ ՎՐԱՍՏԱՆ»

Տպել

ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԼԱՓԱՆՂՈՒՐԻՈՒՄalt

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ղվարելիում երկրի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ անցկացրած խորհրդակցությանը հայտարարեց, որ Լափանղուրիում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը։ Երկրի ղեկավարի խոսքերով, վրաց զինծառայողները մարտական քննությունը լավ հանձնեցին։

Իսկ մինչ այդ, օգոստոսի 28-ին, վրաց ռուսական սահմանի դաղստանյան հատվածում, Վրաստանի տարածք զինված գրոհայինների ներխուժման կապակցությամբ, Վրաստանի նախագահը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ։ Միխեիլ Սաակաշվիլու խոսքերով, Վրաստանը երբեք թույլ չի տա Հյուսիսային Կովկասում առկա ալեկոծությունը ներկրվի Վրաստան։


«Մեր սարերից այն կողմ ուժեղ ալեկոծություն է, անկարգություն, եւ այդ բացասական միտումը փորձում են տեղափոխել այստեղ, որտեղ շինարարություն է եւ զարգացում։ Մենք այսօր գտնվում ենք այլ իրավիճակում, քան 90-ական թվականներին էր, երբ մեր հարեւանին հաջողվեց բռնությունն ու իրարանցումը փոխադրել Վրաստան, ինչը հանգեցրեց Աբխազիայում, Ցխինվալիի տարածաշրջանում, Պանկիսիի կիրճում հայտնի իրադարձություններին, ինչին հետեւեց քաղաքացիական պատերազմը։ Ներկայումս ժամանակն այլ է, եւ մեր պետությունը թույլ չի տա Հյուսիսային Կովկասի անկայունությունը փոխադրվի մեր տարածք»,- ընդգծեց նախագահը։alt
Նրա խոսքերով, օրերս Վրաստանի տարածքում հայտնվել է լավ սպառազինված եւ նախապատրաստված զինված խումբ, որը ձեռնամուխ է եղել պատանդների հափշտակման։ «Մենք միջոցներ ձեռնարկեցինք, բանակցություններ վարեցինք ահաբեկիչների հետ, առաջարկեցինք հանձնվել, սակայն մերժում ստացանք։ Պատանդների վերջին խմբի հափշտակմանը հաջորդեց հրաձգություն։ Արդյունքում՝ ահաբեկիչների մեծ մասը ոչնչացված է, մենք կորցրել ենք երեք մարդ եւ ցանկանում ենք ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին»,- նշեց նախագահը։
Նշենք, որ Վրաստան ներխուժած գրոհայինների դեմ երկրի ներքին գործերի, պաշտպանության նախարարության եւ հատուկ նշանակության զորամիավորումների ուժերով, սահմանային Լափանղուրի կիրճում անցկացվեց հատուկ գործողություն։ Ուժային կառույցների ջանքերով, գրոհայինների կողմից վերցրած պատանդներն ազատվել էին, փոխհրաձգության ընթացքում զոհվել է 11 գրոհային։ Վրացական կողմից հատուկ գործողության արդյունքում զոհվել է երեք եւ վիրավորվել հինգ զինծառայող։ Գրոհայինների վերացման գործողությունները գլխավորում էր հատուկ կազմավորված շտաբը՝ երկրի վարչապետ Վանո Մերաբիշվիլու գլխավորությամբ։