ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ. «ՄԵՆՔ ՍԿՍԵԼ ԵՆՔ ԵՐԿՐՈՒՄ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

Տպել

altՆոյեմբերի 22-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Թբիլիսիի Radisson SAS Iveria հյուրանոցում, հրավիրեց իր առաջին մամլո ասուլիսը՝ վարչապետի կարգավիճակում։ Ասուլիսին ներկա էին տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների 150-ից ավելի հավատարմագրված ներկայացուցիչներ:

Հանրագումարելով ընտրություններից հետո անցած ժամանակահատվածում երկրում ստեղծված իրավիճակը՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ կատարել է ժողովրդին տված իր առաջին խոստումը՝ «վերականգնել երկրում  արդարության զգացողությունը»։
«Մենք շատ ենք աշխատում մեր տված նախընտրական խոստումները կատարելու համար: Եվ պետք է կատարենք բոլոր խոստումները: Ես միշտ սկսում էի արդարությունը վերականգնելու խոստումից…»  «Նոր համակարգի ձեւավորման գործընթացը շարունակվում է: Գուցեեւ այն իդեալական ընթացք չունի, բայց, ընդհանուր առմամբ, նորմալ Է»,-հայտարարեց Իվանիշվիլին: Նա նշեց, որ ներկայումս կայուն իրավիճակ է նաեւ պատիժների իրագործման համակարգում: Ինչ վերաբերում է դատական համակարգին, Իվանիշվիլին, խոսելով «որոշակի խնդիրների» առկայության մասին, նշեց, որ այն պետք Է դառնա արդյունավետ ու արդարացի: Իվանիշվիլին հայտարարեց, որ արդեն ավարտին է մոտենում կառավարական կառույցների ձեւավորումը, եւ խոստացավ, որ պաշտոնյաների մեծ մասը կպահպանի իր աշխատատեղը։
Անդրադառնալով երկրի էկոնոմիկայի զարգացման հարցերին՝ Իվանիշվիլին հայտարարեց, որ մտադիր է հիմնել երկու հիմնադրամ՝ ինվեստիցիոն եւ գյուղատնտեսության զարգացման։
Ինվեստիցիոն հիմնադրամում կմիավորվեն Վրաստանի բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն միջոցներ եւ կցանկանան բնակչությանը օգնել գործարարություն սկսելու հարցում։ «Այս հիմնադրամը կոչված կլինի նաեւ պայմաններ ստեղծել երկրի զարգացման, տնտեսական վիճակի կարգավորման»,- ընդգծեց վարչապետը։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին, ապա այն կձեւակերպվի 1 միլիարդ լարիի սահմաններում։
Ըստ Բիձինա Իվանիշվիլու, գյուղատնտեսության զարգացման համար նշանակալի խթան կհանդիսանա Ռուսաստանի հետ առեւտրական հարաբերությունների կարգավորումը։ Այդ առումով, իրավիճակը սկսվում է փոխվել, եւ ռուսական շուկայում վրացական ապրանքների առաքման համար «մնացել են լուծել միայն տեխնիկական հարցերը», թեեւ, ինչպես նշեց Վրաստանի վարչապետը, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վրաստանի կատարած քայլերին ի պատասխան Ռուսաստանի կողմից արձագանք չկա։ «Թեպետ գտնում եմ, որ Ռուսաստանում իրավիճակը կվերլուծեն եւ այնտեղից կհնչեն համապատասխան հայտարարություններ,- նշեց Բիձինա Իվանիշվիլին՝ հավելելով, որ նման պայմաններում ինքը «Ռուսաստան այցելել չի կարող»։
Խոսելով երկրի տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նշեց. «Մենք պետք է հարաբերությունները կարգավորենք Սուխումիի եւ Ցխինվալիի հետ, ցույց տանք, որ Վրաստանում իշխանության գլուխ են եկել այլ մարդիկ, ովքեր շահագրգռված են լավ հարաբերությունների հաստատման հարցում։ Ներկա փուլում, խոսքը վերաբերում է միայն հարաբերությունների հաստատմանը»։
Անդրադառնալով սոցիալական թեմաներին՝ Բիձինա Իվանիշվիլին նշեց, որ մինչեւ 2013 թվականի հունվարի վերջը կստեղծվի պետական բժշկական հիմնադրամ։ Նրա խոսքերով, սկզբնական փուլում, 3-4 ամսվա ընթացքում ապահովագրական ծրարը համեմատաբար փոքր կլինի, սակայն արդեն հունիսի վերջին, իրենց խոստման համաձայն, բնակիչները կստանան ապահովագրական լրիվ ծրար։ Ինչպես նշեց վարչապետը, այն նպտակով բյուջեից լրացուցիչ կհատկացվի 256 միլիոն լարի։
2013 թվականին կենսաթոշակները եւ պետական նպաստները կավելացվեն, մասնավորապես արդեն սեպտեմբերի 1-ից տարիքով կենսաթոշակառուները եւ սահմանափակ հնարավորության մարդիկ, առաջին խմբի հաշմանդամները կստանան կենսական նվազագույնի մակարդակի կենսաթոշակ՝ 150 լարի։ «Առաջիկայում կենսական նվազագույնի ցուցանիշը կվերանայվի եւ ամենայն հավանականությամբ, կավելացվի»,- հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին։
2013 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մինչեւ 67 տարեկան կենսաթոշակառուները կստանան 125 լարիի սահմաններում կենսաթոշակ։ Սեպտեմբերի 1-ից մինչեւ 100 լարի կհասցվի նաեւ սահմանափակ հնարավորություն ունեցող  երկրորդ խմբի հաշմանդամների, սաահմանափակ հնարավորություն ունեցող երեխաների, կերակրողին կորցրած երեխաներին եւ քաղաքական բռնությունների ենթարկվածների կենսաթոշակը։
2013 թվականի հուլիսի 1-ից կկրկնապատկվի սոցիալապես անպաշտպան 480 հազար քաղաքացիների, ինչպես նաեւ փախստականների պետական օգնությունը։ 
Անդրադառնալով նախագահի հետ նոր կառավարության հարաբերությունների հարցին՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նշեց, որ սահմանադրական ուղիով մտադիր է սահմանափակել նախագահի իշխանությունը։ Նրա խոսքերով, այն սահմանափակումները, որոնք պետք է նախագահի ինստիտուտին վերաբերեն 2013 թվականի հոկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո, կմտցվեն 2013 թվականի առաջին երեք ամսում։
Վարչապետն ընդգծեց, որ դա արդարացի է, քանի որ Միխեիլ Սաակաշվիլու կառավարման հնգամյա ժամկետը լրանում է մարտին: Ըստ նրա, խոսքը ոչ թե ընտրությունների ժամկետը փոխելուն է վերաբերում, թեեւ դա պահանջում է խորհրդարանական մեծամասնության մի մասը, այլ նախագահի ինստիտուտի սահմանափակումների գործարկմանը, որոնք նոր Սահմանադրությամբ նախատեսված են այդ շրջանից, այլ ոչ թե 2013 թվականի հոկտեմբերից:
Խոսելով երկրի նախագահին պատասխանատվության ենթարկելու հնարավորության մասին՝ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց. «Անձամբ ես Սաակաշվիլու ձերբակալությունը չեմ ցանկանում եւ կարծում եմ, որ հասարակությունն էլ նման ցանկություն չունի։ Սակայն, եթե դատախազությունը պետության բարձրագույն անձանց դեմ գործեր հարուցի, ապա ես չեմ միջամտի եւ գործերը չեմ փակի։ Ինձ նման պայմաններում ավելի դյուրին է պաշտոնաթող լինել, քան դատախազությունում պահանջել դադարեցնել գործի վարույթը։ Այդ հարցերին ես չեմ միջամտի»,- հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին։  
Մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետը նախկին իշխանություններին մեղադրեց բռնության եւ կեղծիքի արմատավորման փորձերում։ «Նախկին իշխանությունները չեն հրաժարվում մեր բանականության վրա բռնություն գործադրելուց, թեպետ հենց այդ բռնությունն էր, որ դարձավ ընտրություններում նրանց պարտության պատճառը, ժողովուրդը հրաժարվեց նրանց այդ քաղաքականությունից, թեպետ իրենք դա չեն կարողանում ընկալել»,- հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին։
Վարչապետի խոսքերով, այսօր դատախազության առաջ հերթեր են առաջացել այն մարդկանցից, ումից նախկին իշխանությունները ապօրինաբար խլել են գույքը, կամ ձերբակալել են։ «Մենք ներկայումս քննարկում ենք համաներման հարցը, այն հաշվով, որպեսզի դա չանդրադառնա ստորին մակարդակների պաշտոնյաների վրա, ներել առանձին իրավախախտումները»,- ասաց վարչապետը։  
Շարունակելով համաներման թեման՝ վարչապետը հայտարարեց, որ այն պետք է վերաբերի այն անձանց, ովքեր սպառնալիք չեն ստեղծի հասարակական կարգուկանոնին ու անվտանգությանը։   
Խոսելով պաշտոնական այցերի մասին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նշեց, որ ԱՄՆ կատարելիք այցը կիրականացվի հաջորդ տարի։ Նրա խոսքերով, այն ծրագրված էր նոյեմբերի վերջերին, սակայն որոշվեց հետաձգել. «Եվրոպա կատարած իմ այցից հետո ակնհայտ դարձավ, որ մենք շատ գործեր ունենք անելու երկրում, ուստի որոշում ընդունեցինք այցը հետաձգել հաջորդ տարվա համար»,- ընդգծեց Բիձինա Իվանիշվիլին։ Նրա խոսքերով, նոյեմբերի 29-ին ԱՄՆ կմեկնի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, որն էլ կնախապատրաստի վարչապետի այցը։