ՈՎ ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ, ԵՎ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Տպել

 Մեր հայտնի է մեր ընթերցողին, ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին Վրաստանում կանցկացվեն երկրի անկախ պետականության պատմության վեցերորդ նախագահական ընտրությունները։ Նշենք, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների (անկախ նրանից, դրանք նախագահական էին, խորհրդարանական, թե տեղական ինքնակառավարման), ներկայիս ընտրությունները էականորեն առանձնակի են։ Խոսքը վերաբերում է ոչ միայն նրան, որ նախկին իշխանության ջանքերով սահմանադրությունում կատարված փոփոխությունների համաձայն, որոնք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, նախագահը, որպես այդպիսին, զրկվում է իր մի շարք էական իրավասություններից, որոնք փոխանցվում են կառավարության ղեկավարին, այլեւ նախագահության աննախադեպ թվով թեկնածուների (23 թեկնածու) առաջադրմանը եւ նրանցից գոնե մի քանիսի ծրագրերի ընդհանրությանն ու այն տարօրինակ իրավիճակին, որում հայտնվել են այդ թեկնածուները։ Եվ այդ ֆոնի վրա առանձին թեկնածուների նախընտրական խոստումները ոչ ավելի, քան պոպուլիստական անվանելն ավելի քան օրինաչափ է, քանի որ նրանք խոստանում են այն, ինչը կատարելը, ելնելով նախագահի նոր իրավասություններից, մեղմ ասած անհնարին է։ Բայցեւայնպես, նախընտրական ի՞նչ խոստումներով են նախագահության թեկնածուները փորձում «կաշառել» ընտրողներին, ի՞նչ հարցերով են փորձում նրանց «սիրտը շահել»։
Ինչպես վերեւում նշեցինք, գրեթե բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերում (եթե նմանը գոյություն ունի) հիմնական շեշտը դրված է սոցիալական հարցերի կարգավորման, գործազրկության հիմնախնդրի լուծման, երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, երկրի տնտեսական զարգացման համար նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծման եւ նման այլ հարցերի վրա։ Թեպետ, սույն ընդհանության հետ միասին, առկա են նաեւ էական տարբերություններ։

Կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայից նախագահության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլու նախընտրական ծրագիրը յուրովի հանդիսանում է մեկ տարի առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կոալիցիայի ծրագրի առավել մանրամասնված տարբերակը։ Եթե անցյալ տարի կոալիցիան ընտրողներին իր նախընտրական ծրագրով առաջարկում էր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների կարգավորման ուղիները, ապա ներկայիս նախագահական ծրագիրը հստակեցնում է մեկ տարվա ձեռքբերումների պահպանման եւ դրանց զարգացման հնարավորությունները։ Կրկին, որպես առաջնահերթություններ, ներկայացվել են արդարության վերականգնումը, տնտեսության տարբեր ոլորտների առաջընթացի ապահովումը, հարկային եւ մաքսային օրենսդրությունների վերանայմամբ ներդրումային միջավայրի կարգավորումը, համընդհանուր ապահովագրության ներդրմամբ առողջապահության մատչելիության ապահովումը եւ այլն։ Ընդգծվում է արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների շարունակման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են դատական անկախ համակարգի ստեղծմանը, կրթական համակարգի կատարելագործմանը, տնտեսության ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում, պետական ներդրումների ավելացմանը եւ այլն։
Որպես երկրի առաջընթացի գլխավոր արգելակիչ՝ ծրագրում հիմնական շեշտը դրվում է այսպես կոչված «կոհաբիտացիայի» վերացման անհրաժեշտության վրա։ Գիորգի Մարգվելաշվիլու նախընտրական բոլոր ելույթներում սույն թեման առանձնակի տեղ է գրավում։ Այդ մասին նախագահական ծրագրի շնորհանդեսին խոսեց նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, թեպետ տվյալ պարագայում հարկ է նշել մի կարեւոր հանգամանք։ Բիձինա Իվանիշվիլին հասարակությանը զգուշացրեց, որ ապագա նախագահից ավելին չպահանջեն, քան նա կկարողանա անել, որ բավական է հանձինս նախագահի տեսնել «գերմարդու», որն ի վիճակի է կարճ ժամանակում լուծել բոլոր հարցերը։
Վերջին ինը տարիների ընթացքում, իշխանության գլուխ կանգնած «Միասնական ազգային շարժման» նախագահության թեկնածու, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն, ի տարբերություն մյուս թեկնածուների, գտնվում է այլ իրավիճակում։ Բանն այն է, որ նա նախընտրական իր յուրաքանչյուր խոստումը պետք է ամրագրի ոչ միայն դա կատարելու հնարավորությամբ ու պատրաստակամությամբ, այլեւ պարզաբանի, թե ինչու ժամանակին, իշխանությունում գտնվելու ժամանակ, այդ խոստումը չի կատարվել։ Հիմնական շեշտը դնելով ներկայիս կառավարության կողմից խորհրդարանական նախընտրական խոստումների նշանակալից մասի անտեսման վրա՝ Դավիթ Բաքրաձեի գլխավորած թիմը փորձում է ընտրողներին գրավել ավելի «ծանրակշիռ խոստումներով»։ Դա վերաբերում է ինչպես կենսաթոշակների ու պետական նպաստների ավելացմանը, այնպես էլ՝ գործազրկության մակարդակի նվազեցման, նոր աշխատատեղերի ստեղծման գրավական գործարարության զարգացման համար նպասավոր պայմանների ստեղծմանը, իրենց նախաձեռնությամբ իրականացվող ենթակառույցի նախագծերի շարունակությանը։ Քննադատելով ներկայիս կառավարության «քաղաքական նկատառումներով իրականացվող ձերբակալությունների» քաղաքականությունը՝ Բաքրաձեն միաժամանակ նշում է, որ պատրաստ է համագործակցել ինչպես կառավարող, այնպես էլ՝ մյուս կուսակցությունների հետ։ «Քանի որ ներկայիս կառավարությունը ստեղծված տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար չունի համապատասխան իրավասություններ ու փորձ։ Ես, որպես գլխավոր ընդդիմադիր ուժի նախագահության թեկնածու, պատրաստ եմ համագործակցել քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ նաեւ կառավարության հետ՝ ի բարօրություն երկրի եւ ժողովրդի»,- հայտարարեց նա։
Գրեթե բոլոր փորձագետների հավաստմամբ, հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններին վերոնշյալ երկու թեկնածուներին համարժեք մրցակցություն կարող է ցուցաբերել միայն «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան»-ի լիդեր, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն։ Միջազգային հանրության եւ երկրի ներսում նախագահության ամենաճանաչված թեկնածուն իր նախընտրական քարոզարշավի անկյունաքարը դարձրել է արդարության վերականգնման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանը։ «Ես մարդկանց խոստանում եմ, որ, նախագահ ընտրվելու դեպքում, կվերականգնեմ արդարությունը եւ կվերացնեմ այս այլանդակ կոհաբիտացիան։ Անպայման կանցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, եւ դրան հասնելու համար կօգտագործեմ հնարավոր բոլոր լծակները։ Նախագահ ընտրվելու դեպքում, խոստանում եմ, որ կկարգավորեմ հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Ամերիկայի, Եվրոպայի, մյուս հարեւան երկրների հետ, եւ դա կարվի՝ ելնելով Վրաստանի շահերից»,- հայտարարեց Նինո Բուրջանաձեն։
Բուրջանաձեի նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացվել նաեւ սոցիալական  ու տնտեսական հարցերին։ Խոսքը վերաբերում է ինչպես կենսաթոշակների ու նպաստների ավելացմանը, այնպես էլ՝ համընդհանուր ապահովագրության ծրագրի շարունակությանը, գործարարների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, նեդրումային միջավայրի կարգավորմանը եւ այլն։
«Քրիստոնեա-Ժողողվրդավարական շարժման» նախագահության թեկնածու Գիորգի Թարգամաձեն, իր նախընտրական ծրագրում խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած կուսակցության անհաջող մասնակցությունից հետո էլ, գրեթե նույնությամբ կրկնում է կուսակցական ծրագրի հիմնադրույթները։ Մի շարք խոստումների թվում, Թարգամաձեն բարձրացնում է «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից խոստացած, սակայն խորհրդարանական ընտրություններից հետո անցած մեկ տարում չիրականացված, կոմունալ սակագների նվազեցման հարցը։ Նրա հավաստմամբ, դրան կարելի է հասնել էներգետիկական համակարգի ազգայնացմամբ, պետության սեփականության ներքո էներգետիկական խոշոր օբյեկտների փոխադրմամբ, ինչը թույլ կտա ոչ միայն նվազեցնել բնակչության կոմունալ սակագները, այլեւ նշանակալից ազդակ հաղորդել հայրենական գործարարության զարգացմանը, միջազգային շուկայում վրացական արտադրանքի մրցունակության բարձրացմանը։ «Քրիստոնեա-ժողովրդավարներ»-ի թեկնածուի ծրագրում առանձին տեղ է հատկացվել կենսական նվազագույնի բարձրացման հարցին։ Գիորգի Թարգամաձեի հավաստմամբ, նախնական փուլում մարդկանց եկամուտն առնվազն պետք է կազմի 250 լարի, ինչը, ըստ իրենց հաշվարկների, կենսական նվազագույնի նվազագույն սահմանն է։
Ի տարբերություն մյուս թեկնածուների, «Ժողովրդի կուսակցության» լիդեր Կոբա Դավիթաշվիլու եւ «Լեյբորիստական կուսակցության» նախագահ Շալվա Նաթելաշվիլու նախընտրական խոստումները, ի թիվս սոցիալական, տնտեսական, առողջապահական եւ այլ ընդհանուր բնույթի առաջարկությունների, բովանդակում են մի շարք կոնկրետ, թեպետ նկատելի մակարդակի պոպուլիստական թեմաներ։ Մասնավորապես, օտարերկրացիներին հողերը վաճառելու արգելքի օրենսդրական հիմնավորումը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ անայցեգրային պայմանակարգի հաստատումը, կոմունալ սակագների զգալի նվազեցումը եւ այլն։
Բնականաբար, սույն հոդվածում թեկնածուներից յուրաքանաչյուրի ծրագրի մասին խոսել չենք կարող, սակայն վստահությամբ կարող ենք նշել, որ դրանք միմյանցից գրեթե չեն տարբերվում։ Թեպետ, կրկնում ենք, էականը դա չէ, այլ այն, թե թեկնածուներից յուրաքանչյուրը ինչպես է պատկերացնում իր նախընտրական խոստումների կատարման հնարավորությունը։ Առավել եւս այն պայմաններում, երբ նորընտիր նախագահն իր տնօրինության տակ չի ունենա այն լծակները, որոնք այսօր դեռ գտնվում են գործող նախագահի իրավասության շրջանակներում։
Թեպետ առկա է եւս մի հանգամանք, որը կարող է նշանակալից ազդեցություն գործել ընտրողների դիրքորոշման հստակեցման վրա։ Խոսքը վերաբերում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլու՝ մինչեւ տարվա վերջ վարչապետի պաշտոնից հեռանալու եւ հասարակական հատված փոխադրվելու մասին հայտարարությանը։ Առանձին փորձագետների խոսքերով, դա նշանակալիորեն թուլացնում է կոալիցիայի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլու դիրքերը, քանի որ գաղտնիք չէ, որ հանձինս նրա, բնակիչները վստահության քվե են հանձնում Բիձինա Իվանիշվիլուն։ Ճիշտ է, Բիձինա Իվանիշվիլին ինքն է հայտարարել, որ Գիորգի Մարգվելաշվիլին բոլորի համար ընդունելի նախագահ կլինի, սակայն քաղաքական ասպարեզից Բիձինա Իվանիշվիլու հեռանալու մտադրությունը, մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես, ապագա վարչապետի ով լինելը, ընտրություններից հետո ինչպիսին կլինեն նախագահ-օրենսդիր-գործադիր հարաբերությունների ձեւաչափը, իշխանության մարմինների գործունեության վերահսկման մեխանիզմները եւ այլն։
Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ մեզանում ընտրություններին ընտրությունը կատարվում է ոչ թե ելնելով այս կամ այն նախընտրական ծրագրից, այլ ընտրական սուբյեկտի ով լինելուց։ Եվ բացառված չէ, որ այսօր Վրաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործչի, տվյալ պարագայում՝ Բիձինա Իվանիշվիլու, քաղաքականությունից հեռանալը, կարող է արջի ծառայություն մատուցել իշխող կոալիցիային, առավել եւս, որ հենց Բիձինա Իվանիշվիլու ծառայությունն է, որ ներկայիս խորհրդարանում իշխող դիրքեր են գրավում մինչ այդ անցկացված խորհրդարանական ընտրություններին սեփական ուժերով խորհրդարանական ոչ մի մանդատի չարժանացած, անվարկանիշ կուսակցությունները՝ իրենց ոչ այնքան էլ ճանաչված լիդերներով։ Եվ դեռ հարց է, Բիձինա Իվանիշվիլու քաղաքական ասպարեզից հեռանալու դեպքում, այսօր կոալիցիայում միավորված բազմավեկտոր քաղաքական ուժերն իրենց ինչպես կդրսեւորեն, եւ դա ինչ ազդեցություն կգործի երկրի զարգացման հեռանկարների վրա։
Նշենք, որ մի շարք տեղական եւ միջազգային գործակալություններ անցկացնում են նախընտրական հարցումներ, եւ գրեթե բոլոր հարցումների արդյունքները վկայում են, որ հիմնական պայքարը կծավալվի երեք թեկնածուների միջեւ։ Ըստ NDI-ի տվյալների, Մարգվելաշվիլուն պաշտպանում է հարցման ենթարկվածների 29 տոկոսը, Դավիթ Բաքրաձեին՝ 10 տոկոսը, իսկ Նինո Բուրջանաձեին՝ 5 տոկոսը։ «Փսիխոպրոյեկտի» տվյալներով, Մարգվելաշվիլու կողմնակիցների թիվը կազմում է 53 տոկոս, Բաքրաձեին եւ Բուրջանաձեին պաշտպանում են հարցման ենթարկվածների 9 եւ 7 տոկոսները։
Ինչեւիցե, ընդամենը երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 27-ին, անցկացվելիք ընտրությունները ցույց կտան, թե որքանով են դրանք տարբերվում նախորդներից, եւ առաջադրված 23 թեկնածուներից ում կգերադասի Վրաստանի բնակչությունը։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ