ՆՈՐ ԱԶԴԱԿ՝ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ

Տպել

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, փետրվարի 27-ից երկօրյա պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Օդանավակայանում Վրաստանի նախագահին ու Վրաստանի պատվիրակությանը, որի կազմում էին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, խորհրդարանի պատգամավորներ Զվիադ Կվաճանտիրաձեն, Հենզել Մկոյանը, Ռուսլան Պողոսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Աբաշիձեն, նախագահի խորհրդական Վանո Մաճավարիանին, դիմավորեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, պաշտոնական այլ անձինք։
Օդանավակայանից Վրաստանի նախագահը մեկնեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, ապա հուշահամալիրի Հիշողության պուրակում ծառ տնկեց։
Ապա Վրաստանի նախագահը մեկնեց Հայաստանի նախագահի նստավայր, որտեղ տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողությունը։
Արարողության ավարտից հետո տեղի ունացավ Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ Գիորգի Մարգվելաշվիլու եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտից հետո բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանը ողջունեց Վրաստանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում եւ հույս հայտնեց, որ Գիորգի Մարգվելաշվիլու՝ նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը, հայ եւ վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորեց Գիորգի Մարգվելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը համոզվածություն հայտնեց, որ այցի շրջանակներում կկայանան հայ-վրացական օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս բարձրացնել անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի ու նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, նրա խոսքերով, այս տարածաշրջանում գոյություն ունի նաեւ երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի նախագահը նշեց, որ, իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նա ընդգծեց, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլու համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները եւ սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաեւ մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաեւ վրացական մշակույթը: Նա նշեց, որ Վրաստանն ազատության եւ մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:
Հայաստանի եւ Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփեցին ԶԼՄ-երի առջեւ հայտարարությամբ:

ԳԻՈՐԳԻ ՄԱՐԳՎԵԼԱՇՎԻԼԻ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է»
Տնտեսական հարաբերությունների խորացումը հարեւանների հետ Վրաստանի առաջնահերթություններից է, եւ այդ առումով նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խիստ կարեւորեց Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Այդ մասին Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում ու հավելեց, որ Վրաստանն ամեն ինչ անելու է այս առաջնահերթություններն առաջ տանելու եւ զարգացնելու համար:
Գիորգի Մարգվելաշվիլին նշեց, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է հայ ժողովրդի դերը Վրաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների զարգացման գործում: «Իմ պատվիրակության մեջ ազգությամբ հայ քաղաքական գործիչներ, պատգամավորներ կան, ինչը շատ կարեւոր հանգամանք է: Այս հանդիպումն ամուր հիմք է ստեղծում վրաց-հայկական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-հայտարարեց Մարգվելաշվիլին` հավելելով, որ ամեն ինչ անելու է վրաց-հայկական հարաբերությունները խորացնելու համար:
 «Մենք կապված ենք ոչ միայն դարավոր բարեկամական կապերով, այլ նաեւ տնտեսապես ամուր կապերով: Շատ կարեւոր է, որ երկու երկրների նախագահները բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունեն նույն դիրքորոշումը»,- ասաց Վրաստանի նախագահը` հավելելով, որ իրականացրել է այցեր երեք հարեւան երկրներ եւ բոլոր հարեւաններն էլ կարեւորում են Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը: Շնորհակալություն հայտնելով Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար, Գիորգի Մարգվելաշվիլին ասաց, որ Թբիլիսում սպասում են Հայաստանի նախագահի այցին:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԵՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, իսկ Վրաստանի որոշումը` շարժվել եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ չի խոչընդոտի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների շարունակմանն ու զարգացմանը: Այդ մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վրաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում եւ հավելեց, որ այդ համագործակցությունը միայն կնպաստի երկու երկրների գործարար կապերի ամրապնդմանը:
Սերժ Սարգսյանը նշեց նաեւ, որ հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն հիմքն են: Միայն 2013 թվականին տեղի է ունեցել մեկ վարչապետական եւ 15 նախարարական այցելություն, ինչը, Սերժ Սարգսյանի գնահատմամբ, խոսում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Կայանալիք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստն էլ կնախանշի հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշները: Ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը կարեւորեց նաեւ երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությունը` հավելելով, որ վրաց գործընկերոջ հետ ձեռք է բերել պայմանավորվածություն` միջազգային հարթակներում զգայուն հարցերի վերաբերյալ ցուցաբերելու երկկողմ հավասարակշռված դիրքորոշում: «Մենք վստահ ենք, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերին համապատասխան, բանակցությունների միջոցով»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ այցը որակական նոր լիցք կհաղորդի հայ-վրացական եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը եւ երկկողմ ողջ ներուժի օգտագործմանը:
Ավարտին, Սերժ Սարգսյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, որ իր հիմնադրամից գումար է հատկացրել Թբիլիսիի հայկական եկեղեցիներից մեկի վերականգնման համար:

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՃԱՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորեցին երկու հարեւան եւ բարեկամ երկրների միջեւ բոլոր ոլորտներում կապերի զարգացումն ու սերտացումը:
Նշվեց, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակն առաջիկայում է՚լ ավելի բարձրացնելու եւ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ՝ Ի ՊԱՏԻՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Փետրվարի 27-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու՝ տրվեց պաշտոնական ընթրիք:
Ընթրիքին Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին փոխադարձ բաժակաճառերում անդրադարձան հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու բազմում ընդհանրություններով լի պատմական անցյալին, երկու դրացի երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին: Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին երկուստեք ընդգծեցին, որ պատմության ընթացքում բոլոր իրադարձությունների ժամանակ հայ եւ վրաց ժողովուրդները եղել են կողք-կողքի, շատ դեպքերում՝ նաեւ միասին, իսկ անկախության ձեռքբերումից հետո, Հայաստանը եւ Վրաստանը զարգացնում են միջպետական հարաբերությունները երկու ժողովուրդների բարեկամության ամուր հիմքի վրա:
Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին՝ ջերմ հյուրընկալության եւ այն բարեկամական մթնոլորտի համար, որ այսօր տիրում է Երեւանում: Վրաստանի նախագահը վստահեցրեց, որ այդպիսի մթնոլորտ կլինի նաեւ Թբիլիսիում, երբ Հայաստանի նախագահը, ընդունելով իր հրավերը, այցելի Վրաստան:
Հայաստանի եւ Վրաստանի նախագահները բաժակ բարձրացրին հանուն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության հետագա ամրապնդման, հանուն երկու պետությունների խաղաղության եւ եղբայրական ժողովուրդների բարեկեցության:

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Փետրվարի 27֊ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, հանդիպում ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։
Ողջունելով Վրաստանի նախագահին, Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնական այցը Հայաստան  կխորացնի երկու երկրների  միջեւ բազմակողմ համագործակցությունը եւ կամրապնդի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը: ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ  եւ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նշեց, որ Վրաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը եւ խորացումը: «Մենք շահագրգիռ ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն եւ կայունություն»,- ասաց Վրաստանի նախագահը:  Նրա խոսքով` Վրաստանը կողմնակից է բարիդրացիական հարաբերություններ պահպանել բոլոր հարեւանների հետ` հանուն Հարավային Կովկասի զարգացման:

ԿԱՅԱՑԱՎ ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 28-ին Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հրաժեշտի արարողությունը:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն ամփոփեցին Գիորգի Մարգվելաշվիլու այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն վրաց-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:

 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Հայաստան կատարած այցի շրջանակներում, փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ողջունելով Վրաստանի նախագահի եւ նրան ուղեկցող պատվիրակության այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց երկու երկրների միջեւ առկա համագործակցության առիթով եւ շեշտեց, որ նման փոխայցելություններն ավելի են նպաստում երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների զորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց միեւնույն տարածաշրջանում կողք-կողքի ապրող երկու հավատակից ժողովուրդների փոխադարձ զորակցության եւ եղբայրության ամրապնդման կարեւորությունը, ինչին մշտապես ուղղված են եղել Հայ Եկեղեցու ջանքերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին եւ նրա պատմական ու ներկայիս մեծ ներդրումին եւ դերակատարությանը երկրի տնտեսական, մշակութային, կրթական ու այլ բնագավառներում: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի եւ հայ համայնքի եկեղեցական հարցերի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում սկսված դրական գործընթացների կապակցությամբ եւ վստահություն արտահայտեց, որ դրանք կառաջնորդեն հայորդիների հոգեւոր կյանքի խնդիրների ամբողջական լուծմանը:
Վրաստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած հանդիպումներին ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ  Շարմանաշվիլին։

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՋԸ
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Էջմիածնում հանդիպեց բանակի իր ընկերոջը` Ռոբերտ Աբրահամյանին: Վրաստանի նախագահը facebook-ի պաշտոնական էջում տեղադրել է հանդիպման լուսանկարներն ու թողել գրառում, որ շատ երջանիկ է հին ու հարազատ ընկերոջը կրկին հանդիպելու համար:
Նախագահը գրել է, որ Ռոբերտ Աբրահամյանի հետ պատահական ծանոթացել էր փողոցում՝ Էջմիածնի զորամասում ծառայելու ժամանակ, եւ մինչ օրս նրանք ընկերական հարաբերությունների մեջ են: Վրաստանի նախագահի խոսքով՝ նա չէր կարող չայցելել իր վաղեմի ընկերոջը, ով ժամանակին վեց ամիս իրեն խնամել է սեփական տանը: Հայ-վրացական հարաբերությունները պատմական են եւ այդ պատմական հարաբերությունների լավագույն արտացոլանքն իր ու Ռոբերտի ընկերությունն է:
Հանդիպմանը, Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ ընտանիքում շատ երջանիկ ու հպարտ էին, երբ Մարգվելաշվիլին ընտրվեց նախագահ: «Երբ կինս ասաց, որ Մարգվելաշվիլին եկել է Հայաստան, շատ ուրախացա: Իսկ երբ մեզ հայտնեցին, որ նա ցանկություն է հայտնել այցելել մեզ, հուզվեցի: Մենք անհամբերությամբ սպասում էինք այս այցին»,- հանդիպմանն ասել է Ռոբերտ Աբրահամյանը:
Աբրահամյանների ընտանիքը զբաղվում է երաժշտությամբ: Ռոբերտ Աբրահամյանը մի քանի երաժշտական գործիքի է տիրապետում եւ աշխատում է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում:
*  *  *
Փետրվարի 28-ին Էջմիածնից վերադառնալուց հետո, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին աշխատանքային ճաշին հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո Վրաստանի նախագահն ու նրան ուղեկցող անձինք վերադարձան Թբիլիսի։