ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԱԶԴԱԿ ՀԱՂՈՐԴԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Տպել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԹԲԻԼԻՍԻ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հրավերով, պաշտոնական այցով, հունիսի 18-19-ին, Թբիլիսիում էր գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։
Թբիլիսիի օդանավակայանում Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի պետական պատվիրակության անդամներին դիմավորեցին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, պաշտոնական այլ անձինք։ Դիմավորողների թվում էին նաեւ Վրաստանմում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։

ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Թբիլիսիի Հավլաբարի Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Արարողության ավարտից հետո կայացավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը։ Երկու երկրների նախագահների առանձնազրույցին հաջորդեցին Վրաստանի եւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, ընդլայնված կազմով բանակցությունները։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող ընդգրկուն հարցեր եւ՝ ապագա համագործակցության հեռանկարները:
Նախագահները քննարկել են տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծեր, կրթության բնագավառի հարցեր եւ ուշադրություն են դարձրել զբոսաշրջության ու մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
«Ներկայիս հանդիպումը մեծ նշանակություն ունի, քանի որ հունիսի 27-ին Վրաստանը ստորագրելու է Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը, իսկ մեր բարեկամներն ու հարեւանները մոտ ժամանակներում դառնալու են Մաքսային միության անդամը։ Նման պայմաններում ցանկանում եմ առանձնակի ընդգծել Հայաստանի հետ առեւտրական հարաբերությունները, որտեղ դրական դինամիկա Է նկատվում, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ պարոն Սարգսյանին, այն բանի համար, որ բոլոր հիմնական ուղղություններում մեր հայացքները համընկնում են, այդ թվում՝ մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտում»,-հայտարարեց Գիորգի Մարգվելաշվիլին:
«Մենք միատեսակ ենք տեսնում ապագան»,- ընդգծեց Վրաստանի նախագահը:
Իր հերթին Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց իր պաշտոնակցին ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար:
«Հայ-վրացական գործընկերության հետեւողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ եւ ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը եւ ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանն ուժեղ են միմյանցով եւ միմյանց հետ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։
Բանակցությունների ավարտից հետո Գիորգի Մարգվելաշվիլին եւ Սերժ Սարգսյանը համատեղ մամլո ասուլիսում հանրագումարեցին բանակցությունների արդյունքները, հանդես եկան համատեղ հայտարարությամբ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Նույն օրը կայացավ պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլու հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին վրաց-հայկական միջպետական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծեցին միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման եւ խորացման գործում:
Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել  միջխորհրդարանական բարեկամության խմբերի, խորհրդարանների մշտական հանձնաժողովների հանդիպումները՝ ի նպաստ երկկողմ կապերի առավել սերտացման եւ երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման:
Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարեւորելով բարձր մակարդակի փոխայցելությունները՝ կողմերը վստահություն հայտնեցին, որ ներկայիս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկու եղբայրական ժողովուրդների շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված վրաց-հայկական ավանդական բարեկամական եւ բարիդրացիական հարաբերություններին:

ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԻՆ
Հունիսի 18-ի երեկոյան, Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ Գիորգի Մարգվելաշվիլին եւ Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա գտնվեցին Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին:

ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ
Հայաստանի նախագահի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը կայացավ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին վրաց-հայկական հարաբերություններին եւ հատկապես այդ հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձան՝ ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Վրաստանի վարչապետն ու Հայաստանի նախագահը համոզվածություն հայտնեցին, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները:
Հանդիպմանը գոհունակությամբ արձանագրվեց, որ Վրաստանն ու Հայաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար: Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ընթացիկ տարում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանը եւ կնպաստի առեւտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն:
Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետի եւ Հայաստանի նախագահի ներկայությամբ ստորագրվեցին վրաց-հայկական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են «Վրաստանի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր» եւ «Վրաստանի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր»:

* * *
Հունիսի 19-ին Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնական պատվիրակության անդամների ուղեկցությամբ, այցելեց «Հերոսների» հրապարակ եւ ծաղկեպսակ դրեց հուշակոթողին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԵԼԵՑ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԵՎ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ԿԵՆՏՐՈՆ
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի պետական պատվիրակության անդամների ուղեկցությամբ, հունիսի 19-ին այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հարգարժան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգեւոր դասը, վիրահայ համայնքի ներկայացուցիչները:
Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնում Հաեյաստանի նախագահին ջերմորեն հյուրընկալեցին կենտրոնի Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները։
 Վիրահայոց թեմի առաջնորդը Հայաստանի նախագահին ներկայացրեց կենտրոնը, պատմեց այս մշակութային օջախի գործունեության մասին, որը նպատակաուղղված է Վրաստանում մայրենի լեզվի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայ-վրացական բարեկամական կապերի խորացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵԿՆՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ
Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 19-ին վերդարձավ Երեւան:
Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին ճանապարհեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Ճանապարհողների թվում էին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինե Իմերլիշվիլին, պաշտոնական այլ անձինք։ Ճանապարհողների թվում էին նաեւ Վրաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։