ՄԻՐԶԱՋԱՆ ՄԱԴԱԹՈՎ. ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒ ՌԱԶՄԱՎԱՐ

Տպել

Երեւի նրա անունը Միրզա է եղել, բայց, չգիտես ինչու, 19-րդ դարի կեսերին Թիֆլիսում նա հայտնի է եղել Միրզաջան անվամբ։ Ոչ ոք չգիտեր նրա ազգանունն ու հայրանունը, ոչ տարիքը եւ ոչ էլ ծագումը, սակայն հարգվել ու մեծարվել էր բոլորի կողմից, որի թամադայությամբ եւ ոչ մի խրախճանք չէր կարող անցնել, մանավանդ՝ Ալեքսանդր Ճավճավաձեի եւ Գրիգոլ Օրբելիանու գերդաստաններում, որտեղ եւ սերտ կապեր էր հաստատել այն ժամանակվա առաջադեմ հայ, վրաց եւ ռուս մտավորականների հետ։

Ազգությամբ հայ, Ղարաբաղի Չանախչի գյուղում ծնված ու մեծացած (ասենք, որ նա հայտնի գեներալ-մայոր Ռոստոմ (Վալերիան) Մադաթովի համագյուղացին էր եւ ազգականը), այնուհետեւ Թիֆլիսում բնակություն հաստատած Միրզաջան Մադաթովը, ժամանակակիցների վկայությամբ, Անդրկովկասի այն հազվագյուտ բանաստեղծներից էր, որը Սայաթ-Նովայի պես բանաստեղծություններ էր գրել երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն ու ադրբեջաներեն։
Հարուստ հոր շնորհիվ փայլուն կրթություն ստացած Մ.Մադաթովը, տակավին երիտասարդ հասակից զբաղվել է ռազմական գործունեությամբ։ Պրպտուն տաղանդի, ուրախ եւ շփվող բնավորության շնորհիվ արժանացել Կովկասում փոխարքա նշանակված Ա.Պ.Երմոլովի սիրոն ու հարգանքին։ Արժանահիշատակ է այն փաստը, որ 1817թ., որպես ռուսական կողմի ներկայացուցիչ, Միրզաջան Մադաթովը Երմոլովի հետ մեկնում է Պարսկաստան, որտեղից եւ 1825թ. վերադառնալիս, Եկատերինբուրգում ծանոթանում է ռուս մեծ գրող Ա.Ս.Գրիբոյեդովի հետ, որն իր բարեկամներից մեկին գրել է. «Ամեն երեկո անց եմ կացնում իմ նորահայտ ընկերոջ՝ Միրզաջանի ուրախ միջավայրում, որի երգերի փայլուն կատարողներից մեկը՝ Ալայերին, ժամերով կլկլացնում է պարսկական անվերջանալի երգերը»։
Ա.Պ.Երմոլովից հետո, Կովկասում փոխարքա է նշանակվում Ի.Ֆ.Պասկեւիչը, որը հալածանքի էր ենթարկում բոլոր նրանց, ովքեր մոտ էին Երմոլովին, այդ թվում՝ նաեւ Միրզաջան Մադաթովին, որը որոշ ժամանակ սուսուփուս, մի կողմ քաշված ապրում էր Կախեթիում, որտեղ եւ ծանոթանում է ռուս հանճարեղ բանաստեղծ Ա.Ս.Պուշկինի հետ։ Ի դեպ, նա Պուշկինի հետ միասին մարտավկա է եղել երկու սպայի մենամարտին եւ կասեցրել նրանց թշնամանքը։
Ի.Ֆ.Պասկեւիչին փոխարինած Գ.Վ.Ռոզենը, Երմոլովի խնդրանքով, 1831թ. Միրզաջան Մադաթովին նշանակում է Անդրկովկասի հեծյալ գումարտակի հրամանատար։
Բոլորի կողմից սիրված ու հարգված Մադաթովը, անշուշտ, ուներ եւ թշնամիներ, ովքեր տարածեցին, թե իբր նա, չեչենների հետ կռվելիս, զոհվել է ու անհետ կորել։ Պետերբուրգում այդ լուրն իմանալուն պես, Գրիգոլ Օրբելիանին բանաստեղծություն է նվիրել իր «անժամանակ զոհված ընկերոջ» հիշատակին.
Գնաց մեզնից մեկը, որի
երգերի մեջ խինդ կար կյանքի,
նաեւ հույսը, որ բոլորի
հոգու խորքում պիտի ապրի։
Անսահման մեծ է եղել Գրիգոլ Օրբելիանու ուրախությունը, երբ տեղեկացել է Միրզաջանի ողջ ու առողջ լինելու մասին, նույնիսկ այն մասին, որ նա մինչեւ ուղն ու ծուծը սիրահարված է ադրբեջանցի մեծ բանաստեղծուհի Աշըղ-Փերիին։ Ափսոս որ, դավանանքների տարբերության պատճառով, այդ սերը տխուր վախճան ունեցավ։ Միրզաջան Մադաթովն ու Աշըղ-Փերին բաժանվեցին եւ այլեւս երբեք իրար չհանդիպեցին։
1837թ. փոխգնդապետ Միրզաջան Մադաթովը վախճանվեց՝ առանց գոյատեւության միջոցների թողնելով կնոջն ու միակ դստերը։ Աշըղ-Փերին, որն այդպես էլ երբեք չամուսնացավ, դառնորեն ողբաց հանգուցյալի մահը եւ, մի քանի ամիս անց, հետեւեց նրան։
Չնայած այն բանին, որ Ալեքսանդր եւ Գրիգոլ Օրբելիանիները, Գիորգի Էրիսթավին, Դավիթ Ղորղանաշվիլին եւ ուրիշներ մոռացության չմատնեցին իրենց ընկերոջը, այնուամենայնիվ, չկարողացան փրկել նրա երեք լեզուներով գրած բանաստեղծությունները, որոնք գովերգում էին Վրաստանն ու Հայաստանը, սերն ու նվիրվածությունը կնոջն ու հայրենիքին, ինչպես նաեւ համամարդկային արժեքները՝ մարդասիրությունն ու բարեկամությունը։
Ըստ իս, ժամանակն է մոռացության ճիրաններից փրկել մեծ հայորդու առեղծվածը, եւ ըստ արժանվույն գնահատել նրա դերն ու նշանակությունը գրականության մեջ՝ հենվելով, իհարկե, վրաց ականավոր գրականագետ Իակոբ Բալախաշվիլու 1966թ. հրատարակած «Գրիբոյեդովն ու Նինո Ճավճավաձեն» աշխատության վրա, որտեղ եւ մեծ սիրով ու ակնածանքով է ներկայացված Լեռնային Ղարաբաղում ծնված ու մեծացած, այնուհետեւ Թիֆլիսում բնակություն հաստատած փոխգնդապետ ու բանաստեղծ Միրզաջան Մադաթովի մասին։

ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ