ՆԻՆՈԾՄԻՆԴԱ. «ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ԳՈՐԾՈՒՄ Է

Տպել

Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանի հետ մեր հարցազրույցը նվիրված էր շինարարության ոլորտին: Ֆինանսավորումը կատարվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների «Գյուղի զարգացման ծրագրի» հիմնադրամից: Միայն 2013 թվականին շրջանում կատարվող շինարարական եւ շինվերանորոգման աշխատանքներին հատկացվող գումարները, ընդհանուր առմամբ, կազմում են 3,8 միլիոն լարի:

- Ո՞ր օբյեկտներն են համարվում առաջնային եւ հույժ կարեւոր շրջանի համար:
- Առավել կարեւորը բոլոր բնակավայրերը խմելու ջրով ապահովելն է: Մանկուց եմ հիշում, թե մեր Խոջաբեկ գյուղում ջրի հարցը ինչպիսի բարդ հանգույց է եղել եւ ինչպիսի անասելի դժվարություններ են կրել բնակիչները խմելու ջուր հայթայթելու համար: Ջրի պակասը անցել է սերնդեսերունդ, եւ հիմա է վերջնականապես լուծվել այդ բազմաչարչար հարցը: Եվ ոչ միայն Խոջաբեկում…: Բոլոր բնակավայրերում էլ խմելու ջրի կարիքը, ավել կամ պակաս չափով զգացվել է:
Այս տարի եւս, մի շարք գյուղերում կառուցվում են նոր ջրագծեր, նորոգվում են հները: Դրանցից է Ուչմանա-Թորիա-Հեշտիա ջրատարը, որի երկարությունը հասնում է շուրջ 10 կիլոմետրի: Դրա կառուցման նախահաշիվը 460 հազար լարի է: Այն ընթացքի մեջ է, եւ որի շինարարությունը այս տարի կավարտվի: Դրանով իսկ, երկու` Ուչմանա եւ Թորիա, գյուղերը լրիվությամբ կապահովվեն խմելու ջրով: Դրա մի ճյուղը գնում է Հեշտիայի վերին ջրազուրկ թաղամասերը: Այնպես որ, այս առումով Հեշտիան եւս օրակարգից դուրս կգա:
- Ուրիշ ջրատար կառուցվո՞ւմ է:
- Այո: Երկրորդը «Գյուղի զարգացման ծրագրով» նախատեսված Օրլովկա-Սպասովկա ջրատարն է, որի ակունքը մոտակա լեռան կրծքից բխող սառնորակ աղբյուրն է: Այն ունի նույնպես 10 կիլոմետր երկարություն, եւ որի կառուցման համար նախատեսված է 107 հազար լարի: Օրլովկա-Սպասովկան եւս ընթացիկ տարվա գործարկվելիք օբյեկտներից է, եւ դրանով իսկ նշված երկու բնակավայրերն էլ լրիվությամբ կապահովվեն խմելու ջրով:
Կառուցվող ջրագծերից է նաեւ Փոկա գյուղինը: Այստեղ եւս առանձին թաղամասեր առայժմ զրկված են խմելու ջրից: Ամբարտակը հեռու չէ գյուղից, ընդամենը՝ 2,6 կիլոմետր, եւ որի կառուցման համար հատկացված է 38 հազար լարի` գյուղական ծրագրից, 30 հազար լարի` տեղական բյուջեից: Մինչեւ այս տարվա վերջը շահագործման կհանձնվի, եւ Փոկան էլ հարյուր տոկոսով կապահովվի խմելու ջրով:
Ինչ վերաբերում է Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարմանը, ապա տվյալ հարցով զբաղվում է հատուկ ընկերություն, որի ղեկավարը Արզուն Գորոյանն է: Այս ընկերությունը եւս պետք է հետեւողական լինի, որպեսզի քաղաքի, հատկապես ծայրամասային թաղամասերի բնակիչներից տրտունջներ քիչ լսենք:
- Ջրի հետ կապված հիմնախնդիրներ, այնուամենայնիվ, մնո՞ւմ են շրջանում:
- Որոշ չափով, այո’։ Այդ աշխատանքները կշարունակվեն եւ 2014 թվականին, որ նախատեսված են Ագրի գետի ակունքի մոտ, այսինքն՝ որտեղից այն սկիզբ է առնում (Խանչալի լճից), կառուցվելու է նոր շլյուզ, լճի մակարդակը կարգավորելու եւ անվտանգ երթեւեկության համար կկառուցվի նոր կամուրջ:
Մյուսը, որ նույնպես առնչվում է ջրի հետ, քաղաքի հարավարեւելյան եզրին գտնվող Կլոր լճի հարցն է: Լճակը արդեն չորացման եզրին է, եւ պետք է ջրավազանը պահպանել: Դա եւս քաղաքի բարետես անկյուններից մեկն է: Հիմա ընթացքի մեջ է Սպասովկա-Սաթխա ոռոգիչ համակարգի շինարարությունը: Կապված դրա գործարկման հետ՝ ջրի մի մասը կուղղորդվի նշված լիճը, եւ ջրամբարը կստանա իր նախկին տեսքը:
Ջրի լայնամասշտաբ` ոռոգիչ (իռիգացիոն) նպատակներով օգտագործումը մոտ ապագայի հարց է, որը նախատեսվում է հեռանկարային ծրագրով:
- Առաջնահերթ ո՞ր վերանորոգման եւ շինարարական աշխատանքներն եք համարում:
- Ուղղակի ասենք` քաղաքի փողոցների ասֆալտապատումը: Տարբեր պատճառներով ուշ սկսեցինք, բայց ասֆալտագործները ամեն ինչ անում են կորցրած ժամանակը վերականգնելու եւ ծրագրվածը լրիվությամբ ավարտելու համար: Ուշադիր աչքից չի վրիպում այն աշխատանքը, որ ներկայումս կատարում են կառուցապատողները քաղաքի տարբեր մասերում:
Այս տարվա ծրագրով, ասֆալտապատվելու են քաղաքի Պուշկինի, Վիկտոր Հովսեփյանի փողոցների շարունակությունը, ինչպես նաեւ Կարլ Մարքսի, Արամ Խաչատրյանի եւ Վանի փողոցները, կենտրոնական ճանապարհից մինչեւ Սուրբ Սարգիս եկեղեցին, ապա` Խոջաբեկի գերեզմանատունը: Աշխատանքների այս ծավալը, որի համար նախատեսված է 1,84 միլիոն լարի, անպայման կիրականացվի: Հակառակ պարագայում, կապալառու կազմակերպությունները կենթարկվեն տուգանքի:
- Քաղաքում իրականացվելիք ուրիշ ի՞նչ շինարարություն կա:
- Ոչ մեծ չափերի, բայց կան: Ընդլայնվելու է կոյուղու ցանցը (177 հազար լարի, Կապուտիկյան, Բաղրամյան, Կարլ Մարքս, Նինոշվիլի, Գոգոլ, Սահմանադրության փողոցներ), մասնակիորեն բարենորոգվել են բազմահարկ բնակելի շենքերը, եւ ընդլայնվելու է ցերեկային լույսերի ցանցը: Գիշերները լամպիոններ են վառվում բոլոր կենտրոնական փողոցներում: Եվ առաջիկայում քաղաքի յուրաքանչյուր փողոց կունենա իր համապատասխան լուսավորությունը:
Չորս ժամի փոխարեն, փողոցային լուսավորվածության տեւողությունը հասցվել է 8-10 ժամի: Եկող տարի այդ ցանցն է’լ ավելի կընդլայնվի:
Ինչպես տեսնում եք, շինարարությունը անսահման է, այն վերջ չունի, եւ շրջանը կառուցվում է: Նոր ժամանակները նոր պահանջներ են ներկայացնում, եւ ժամանակին համընթաց քայլելու համար պետք է կառուցել ու անվերջ կառուցել` ինքնատիպ, յուրովի, նորովի: Չմոռանանք ասել, որ կառուցելը  հայի բնավորության բնորոշ գիծն է, որ ուղեկցվում է նրա ողջ կյանքում:
- Շնորհակալություն:

ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
Նինոծմինդա