ՍՄԲԱՏ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ. «ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՇԱՏ ԵՆ ՈՒ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ»

Տպել

2014 թվականի անդրանիկ նիստում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի օրակարգի՝  2014-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթում, բյուջեում փոփոխություններ մտցնելու եւ նոր տարվա պետական գնումների պլան-գրաֆիկում փոփոխություններ մտցնելու մասին հարցերն էին:
Բյուջեի հիմնական ուղղվածությունը շրջանի սոցիալ-տնտեսական ոլորտն է, բնակչության կենցաղային ու մյուս բնագավառների հիմնախնդիրների լուծումը: Ինչ վերաբերում է բյուջեի բաշխմանը, ապա այն քննարկվել է թե՚ սակրեբուլոյի համապատասխան հանձնաժողովում եւ թե՚ պատգամավորական խմբերում, հաշվի են առնվել մարդկանց առաջարկությունները, կարծիքներն ու դիտողությունները: Բյուջեի վերաբերյալ իր խոսքն է ասել նաեւ Նինոծմինդայից երկրի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն բանին, որպեսզի մշտական հսկողություն սահմանվի իրականացվելիք աշխատանքներին, հատկացված գումարը ծառայեցվի իր իսկական նպատակին, կառուցման ենթակա օբյեկտները ժամանակին հանձնվեն շահագործման:
Սակրեբուլոյի առաջին նիստից հետո, մենք զրուցեցինք սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանի հետ։

- Ինչպե՞ս եւ ինչի՞ վրա է ծախսվելու այս տարվա ձեր կողմից հաստատված բյուջեն, որո՞նք են այդ հիմնարար խնդիրները:
- Նախ ասենք, որ այս տարվա բյուջեն, նախորդի համեմատությամբ, զգալիորեն ավելի է, կատարվելիք աշխատանքներն էլ անհամեմատ շատ են, կասեի՝ մասշտաբային: Միայն նշենք, որ 2014-ին բյուջեի եկամտային մասը 4 միլիոն 698 հազար 400 լարի է: Ինչ վերաբերում է հիմնախնդիրներին, ապա այդպիսիք շատ են, բնակչության կենսապայմանների ապահովման համար լուրջ անելիքներ կան: Անհետաձգելի խնդիր է շրջանի բոլոր բնակավայրերը խմելու ջրով ապահովելը: Վերջին տարիներին այս ուղղությամբ ոչ քիչ աշխատանքներ են տարվել, շրջկենտրոնում ու գյուղերում նոր ջրատարներ են անցկացվել, վերանորոգվել են հները, բայց դարձյալ պահանջարկը մեծ է: Անցյալ տարի էլ նոր ջրագծերի կառուցման սկիզբը դրվեց Գորելովկայի եւ Հեշտիայի բնակտարածքներում, իսկ դրանց վերջնական կառուցումը կավարտվի գալիք ամռանը, դրանով իսկ բնակավայրերը լիուլի կապահովվեն խմելու ջրով, անգամ՝ գյուղերի այն թաղամասերը, որոնք գտնվում են բարձունքների վրա: Դարձյալ խմելու ջրի պակաս է զգացվում Նինոծմինդա քաղաքում, չնայած վերջին մի քանի տարում գործարկվել են նորերը: Անսալով բնակչության պահանջին՝ նախատեսվում է գործողության մեջ դնել Դիլիֆ-Նինոծմինդա եւ Հեշտիա-Նինոծմինդա էլեկտրաէներգիայով աշխատող ջրհան պոմպակայանները: Կարճ ասած, քաղաքի բնակչությանը ջրով ապահովելու առաջը քար չես գցի, եւ ինչ էլ լինի, այն պետք է դրական լուծում ստանա: Նշենք, որ 2014-ին շրջանի բնակավայրերում ջրագծերի շինարարության եւ վերանորոգման համար նախատեսված է 170 հազար լարի:
- Ո՞րն եք համարում մյուս անհետաձգելի հիմնահարցը:
- Շատ կան այդպիսիք, որոնցից մեկնումեկին նախապատվություն տալը դժվար է,  բայցեւայնպես, առաջինների թվում է ճանապարհաշինությունը: Առանձնապես անմխիթար վիճակում են միջհամայնքային ճանապարհները, առավելապես շրջկենտրոնից դեպի Դիլիֆ, Փոքր Խանչալի, նաեւ դեպի բարձրադիր գյուղերի ուղղությունները: Դժվար է երթեւեկությունը, մանավանդ՝ գարնանային ձնհալի եւ անձրեւների ժամանակ: Ամենուր լսվում են գանգատներ, դժգոհություններ: Այս առթիվ եւս նախատեսված են բավական մեծ ծավալի աշխատանքներ կատարել: Այդ նպատակի համար հատկացվել է 120 հազար լարի:
- Քանի որ խոսք գնաց ճանապարհաշինարարական եւ բարեկարգման աշխատանքների մասին, ապա, ի՞նչ է արվելու այդ ուղղությամբ հենց Նինոծմինդա քաղաքում:
- Ուղղակի ասենք` անչափ շատ, մեծամասշտաբ անելիքներ կան, քիչ գումարներ էլ չենք հատկացրել: Նինոծմինդան երիտասարդ, աճող քաղաք է, բայց նրա բարեկարգմանը պատշաճ ուշադրություն չի դարձվել: Միայն վերջին տարիներին են կենտրոնական փողոցները ասֆալտապատվել, իսկ ծայրամասերը, նորակառույց թաղամասերը համարյա թե եղած օրվանից մնացել են նույնը, իսկ բնակչությունից բողոքներ, դժգոհություններ` ինչքա՜ն ասես: Վիճակը միանգամից շտկել հնարավոր չէ, բավականին գործ կա անելու: Նախատեսված է ասֆալտապատել հարավային թաղամասի ամենից բանուկ Մաշտոցի անունը կրող փողոցը, որի համար հատկացված է կես միլիոն լարի: Նկատելիորեն կբարեկարգվեն նաեւ քաղաքի մյուս փողոցներն ու նորմալ տեսքի կբերվեն, կընդլայնվի գիշերային լուսավորության ցանցը, 330 հազար լարի է նախատեսված կոյուղիների շինարարության համար, կիրականացվեն նաեւ բարեկարգման նորանոր աշխատանքներ: Դրան ավելացրած նաեւ 300 հազար լարի՝ նորաշեն թաղամասի բոլոր փողոցներում կոյուղի անցկացնելու համար:
- Շրջկենտրոնի բնակիչներին շատ է հետաքրքրում. ի՞նչ է արվելու քաղաքի կենտրոնով հոսող Ագրի գետի հունը վերափոխելու եւ կենտրոնական զբոսայգուն շատ թե քիչ նոր տեսք տալու համար:
- Այդ հարցերը եւս մեր տեսադաշտում են: Այգու ծառերի թիվը գնալով պակասում է, անհրաժեշտ է ծառատունկ կատարել, բարենորոգել անցուղիները, տեղադրել նստարաններ եւ այլն: Մեծ աշխատանքներ են պահանջվում գետի հունը մաքրելու համար: Պետք է, որ յուրահատուկ տեսք ունենա քաղաքով հոսող գետը: Դա աչքաթող չենք անի: Միայն մեկ օրինակ. քաղաքի կոմունալ ծառայության ծախսերի համար նախատեսված է 95 հազար լարի:
- Բյուջետային միջոցներն էլ ի՞նչ նպատակների են ծառայեցվելու:
- Որոշակի միջոցներ են հատկացված շրջանի մշակույթի եւ ծիսակատարությունների տների վերանորոգման համար: Շրջանային ժողովի եւ վարչության ուշադրության կենտրոնում է մարզական կյանքը: Միայն մարզադպրոցին հատկացված գումարը 68 հազար լարի է, իսկ մարզական միջոցառումներինը` 47 հազար: Բյուջետային միջոցներից զգալի գումարներ են տրամադրված հուշարձանների պահպանմանը, ինչպես նաեւ գրադարաններին, երաժշտական դպրոցին, Վահան Տերյանի տուն-թանգարանին, «Փարվանա» հեռուստատեսությանն ու տեղական թերթին եւ այլն: Բյուջեի մեջ իրենց բաժիններն ունեն շրջանի հասարակական առողջապահության կենտրոնն ու սոցիալական օգնության փաթեթը, մյուս ոլորտները:
- Եվ վերջին հարցը. ինչպե՞ս են իրականացվելու նախատեսված ծրագրերը:
- Հենց հարցերի հարցն էլ առաջադրված  խնդիրների անթերի իրականացումն է: Այն, ինչ նախատեսված է կատարել ընթացիկ տարում: Առաջին հերթին, հաշվի է առնված բնակչության կարծիքը, թե որն է հրատապը, առաջնահերթը: Դա մի կողմից, մյուս կողմից՝ որոշել ենք խմբեր կազմել շրջանային ժողովի պատգամավորներից եւ վարչության ներկայացուցիչներից, լինել տեղերում, կարծիքներ փոխանակել ժողովրդի հետ, դրան համապատասխան էլ ձեռնամուխ լինել այս կամ այն հարցի լուծմանը:
Եվ այդ հանդիպումները կկրեն մշտական բնույթ` ստուգել աշխատանքների որակը, ժամկետը, պահանջները եւ այլն:

Հարցազրույցը վարեց
ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ