ՎԱՉԻԱՆՑԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Տպել

Վրաստանի ոչ վրաց բնակչության վրաց լեզվի ուսուցման եւ ինտեգրման հետ կապված հիմնախնդիրները բոլորին քաջ ծանոթ են։ Դրանով էր պայմանավորված 2009 թվականին մեկնարկած «Սովորել վրացերենը՝ որպես երկրորդ մայրենի լեզու» նախագծի իրականացումը ազգային փոքրամասնություններով հոծաբնակ տարածաշրջաններում։

Հինգ տարի է՝ այդ նախագծով աշխատում եմ Ջավախեթիում։ Այն հաջողությամբ իրականացվում է, ինչի վկայությունն են վերջին տարիների հաջողություններն ու ուսումնասիրությունների արդյունքները։
Մենք շատ լավ գործերի նախաձեռնողներ ենք եւ դրանցից մեկը կանաչապատման հետ կապված գործողությունն էր։ Քարքարոտ եւ կլիմայական բարդ պայմանների պատճառով, Ջավախեթիում բնական անտառների տարածքները փոքր են, եւ մարդկանց օգնության կարիքն այստեղ առավել նշանակալից է։
Այդ հիմնախնդիրը անհանգստացնում է նաեւ Ախալքալաքիի շրջանում Վաչիան գյուղին, որտեղ ներկայումս աշխատում եմ։ Դպրոցի բակի մեծ տարածքը զուրկ է կանաչապատումից, եւ դատարկության զգացում է առաջացնում։ Որոշեցի բակում անցկացնել ծառատնկումներ։ Դպրոցի տնօրեն Մնացական Աթոյանը ջերմորեն հավանություն տվեց մեր նախաձեռնությանը։
Օգնության համար դիմեցինք ազգային անտառային տնտեսության Սամցխե-Ջավախեթիի վարչության նախկին պետ Լեւան Խոզրովանիձեին, որն անմիջապես պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ գործին։ Դիմումից անմիջապես հետո, դպրոց եկան անտառային վարչության աշխատակիցները, Ասպինձա-Ախալքալաքիի անտառային տեղամասի պետ Գուրամ Մելիքիձեն, անտառային տնտեսության մասնագետներ Տարիել Կապանաձեն եւ Թեյմուրազ Մոդեբաձեն։ Նրանք ուսումնասիրեցին տարածքը եւ համաձայնեցրին, թե որտեղ ինչ տնկիներ են տնկելու։ Անտառային վարչությունը ոչ միայն անվճար փոխանցեցին տնկիները, այլեւ ստանձնեց դրանց տեղափոխման ծախսերը եւ դպրոցի տնօրինության, մանկավարժների, աշակերտների ու ծնողների հետ մասնակցեց ծառատնկմանը։ Ծառատնկմանը մասնակցեցին նաեւ հարեւան գյուղերի բնակիչները։ Առաջին տնկին դպրոցի բակում տեղադրեցին դպրոցի տնօրեն Մնացական Աթոյանը եւ անտառային տնտեսության ղեկավար Լեւան Խոզրեւանիձեն։
Իրենց ակտիվությամբ առանձնապես աչքի ընկան մեր դպրոցի մանկավարժներ Արեւիկ Գաբրիելյանը, Լարիսա Մելտոնյանը, Մարտին Ավենյանը, Սեդրակ Իգիթյանը, աշակերտներ Մանուշակ Բարսամյանը, Անդրանիկ Քեհյանը, Նարինե Ոսկանյանը, Սերգեյ Մանասյանը եւ ուրիշներ։
Ըստ իս, մեր կատարած շնորհակալ գործը միայն սկիզբն է, քանի որ նման նախագծեր մշակվում եւ իրականացման շեմին են Ջավախեթիի մյուս բնակավայրերում։ Մենք՝ մանկավարժներս, դասավանդմանը զուգահեռ, այդ առումով էլ մեր հետքը պետք է թողնենք Ջավախեթիում։ Պատահական չէ, որ այդ շնորհակալ գործն իրականացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ։ Ցանկալի է, որ մեր նախաձեռնությունը ունենա իր շարունակությունը ինչպես մեր շրջանում, այնպես էլ մեր երկրամասում։

ՌՈՒՍՈՒԴԱՆ ԲԱՐԱՄԻՁԵ-ԼՈՄԻՁԵ