ԹԱՄԱՐ ՍԱՆԻԿԻՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»

Տպել

Ուսանողները, ովքեր մինչեւ 2014 թվականի գարնանային զորակոչը սեփական ցանկությամբ կծառայեն բանակում, կստանան ուսման գրանտներ։

Վրաստանի կառավարության ընդունած որոշման համաձայն, բակալավրիատի հանրակրթական ծրագրով պետական ֆինանսավորմամբ կապահովվեն այն ուսանողները, ովքեր 2012 եւ 2013 թվականներին հանձնել են միասնական ազգային քննությունները, հաղթահարել նվազագույն իմացության մակարդակը, ընդունվել հավաստագրված բուհերի հանրակրթական ծրագրերում եւ չեն ստացել կամ մասնակիորեն են ստացել ուսման պետական գրանտը ու սեփական ցանկությամբ մինչեւ 2014 թվականի գարնանային զորակոչը ստանձնել են տասներկու ամսով Վրաստանի պաշտպանության զորամիավորումներում զինվորական պարտադիր ծառայությունն անցնելու պարտավորություն։
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունն ու Վրաստանի պաշտպանության նախարարությունը, վերոնշյալ որոշման կատարման նպատակով պետք է ապահովեն համապատասխան միջոցառումների իրականացումը։ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարությունը, զորակոչվող քաղաքացիների թվաքանակում պետք է հաշվի առնի Վրաստանի պաշտպանության նախարարության զինված ուժերում զորակոչված վերոնշյալ կոնտինգենտի ուսանողների թիվը։
«Փաստ է, որ, ելնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից, շատ ընտանիքներ ի վիճակի չեն վճարելու բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց երեխաների ուսուցման վարձը եւ կառավարության այդ որոշումը ժամանակին ու հրատապ է։ Կառավարության որոշումը շատ երիտասարդների բարձրագույն կրթության ստացման հնարավորություն է ընձեռում։ Ավելացնեմ նաեւ, որ վերոնշյալ արտոնության շնորհման իրավասությունը պատկանում է պետությանը, կառավարությանը։ Կառավարության որոշմամբ, նորմատիվ ակտով այդ արտոնությունն առնչվում է այն ուսանողներին, ովքեր 2012֊2013 թվականներին ընդունվել են բուհեր եւ մինչեւ 2014 թվականի գարնանային զորակոչը ծառայում են բանակում։ Զորացրումից հետո այդ ուսանողները կարող են ուսումը վերսկսել եւ ֆինանսավորում ստանալ։
Մենք գիտենք, որ պաշտպանության նախարարությունն իրավասու է փոխելու զորակոչման ընթացակարգը, հետեւաբար ծագում է կառավարության որոշումը փոփոխվող ընթացակարգին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկձեն։
Պարտադիր զինծառայություն անցած ուսանողների վրա արտոնությունների տարածումը կսահմանվի կառավարության որոշմամբ։ Ուսանողներին սույն որոշմամբ նախատեսված արտոնությունները չեն տարածվի, եթե պարտադիր զինծառայության ժամկետը մինչեւ դրա ավարտը չի ընդհատվում ուսանողի կողմից կամ, ելնելով ուսանողի զորակոչումից հետո «Զինվորական պարտավորության եւ զինծառայության մասին» Վրաստանի օրենքի 29 եւ 30-րդ հոդվածներում նախատեսված պահանջներից։
Կրթության հարցերի փորձագետների խոսքերով, վերոնշյալ սկզբունքով ուսումնական գրանտների ստացումը կնպաստի ուսանողի բարեկեցության մակարդակի բարձրացմանը եւ կնպաստի երկրի բարօրությանը։
«Դա ողջունելի նախաձեռնություն է, քանզի շատ երիտասարդներ բարձրագույն կրթություն չեն կարողանում ստանալ միայն ու միայն ընտանիքի նյութական ոչ բարվոք վիճակի կապակցությամբ։ Բացի նրանից, որ այդ որոշումը կարգավորում է առանձին ուսանողների ֆինանսական հարցերը, այն նաեւ դրական ազդեցություն է ունենում հայրենասիրական դաստիարակչության տեսանկյունից։ Փաստորեն, ուսանողը մեկ տարով տարկետում է վերցնում եւ ծառայում է բանակում։ Այսինքն, ուսանողը, ելնելով իր ընտանիքի նյութական իրավիճակից, ինքն է որոշում տարկետումը ձեւակերպելու եւ ապա մեկ տարի անց ուսումը շարունակելու համար ֆինանսավորման ապահովման հարցը»,- նշել է կրթական հարցերով փորձագետ Թամար Մոսիաշվիլին։
Փորձագետի խոսքերով, վերոնշյալ նախաձեռնությունը պետք է ընկալվի որպես ուսման ֆինանսավորման ուղի, որը սակայն չի կարելի միակը համարել, հարկ է շարունակել հնարավոր գրանտների շնորհման միտումը։ «Դեռեւս Շաշկինի նախարարության օրոք մեկնարկեց՝ «Ուսուցանիր Վրաստանի համար» նախագիծը, ըստ որի երիտասարդներն սկսեցին աշխատել տարածաշրջաններում, դասավանդում էին տարբեր առարկաներ։ Դրանից հետո այդ խմբին ավելացան այն մարդիկ, ովքեր ոչ վրացիներով հոծաբնակ երկրամասերում սկսեցին դասավանդել վրաց լեզուն եւ գրականությունը, ինչի համար նրանց գումարներ էին հատկացվում մագիստորսի ակադեմիական աստիճանի ստացման համար»,- ասել է Թամար Մոսիաշվիլին։
«Բոլոր ընտանիքները չէ, որ նյութական հնարավորություն ունեն ֆինանսավորելու իրենց զավակների ուսուցումը։ Բնականաբար, երիտասարդները պետք է ունենան ուսման վարձի այլընտրանքային աղբյուրներ ապահովելու հնարավորությունը, ինչը կարող է երկակի օգուտ բերել։ Թեպետ գտնում եմ, որ այդ ուղղությամբ պետք է կիրարկվեն առավել երկարաժամկետ նախագծեր, որոնք կտարածվեն ոչ միայն զինծառայության, այլեւ մյուս ոլորտների վրա»,- եզրակացրել է փորձագետ Թամար Մոսիաշվիլին։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ