ԳԻՈՐԳԻ ՄԱՃԱՎԱՐԻԱՆԻ. «ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՉ ՎՐԱՑԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎՐԱՑԵՐԵՆԻ, ՈՐՊԵՍ ԵՐԿՐՈՐԴ ԼԵԶՈՒ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ»

Տպել

Հարցազրույց Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի վրաց լեզվի խմբի ղեկավար ԳԻՈՐԳԻ ՄԱՃԱՎԱՐԻԱՆՈՒ հետ։

- Ե՞րբ կանցկացվի ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների սերտիֆիկացումը, եւ ե՞րբ կսկսվի նրանց գրանցումը:
- Միանգամից ասեմ, որ առայժմ հայտնի չէ, թե երբ կանցկացվեն ոչ վրացական դպրոցներում դասավանդող առարկաների ուսուցիչների սերտիֆիկացման քննությունները։ Առանձնահատուկ նշեմ նաեւ այն, որ առայժմ այս փուլում ծրագրվում է միայն վրացերենի, որպես երկրորդ լեզու, ուսուցիչների սերտիֆիկացումը։ Ասեմ նաեւ, որ դիմորդների գրանցումը ավարտվել է, եւ մեզ են դիմել քննություն հանձնելու խնդրանքով մոտ 340 դիմորդ։ Իսկ երբ կանցկացվեն այդ դպրոցների ուրիշ առարկաների ուսուցիչների սերտիֆիկացումը, հայտնի կդառնա մոտ ապագայում, եւ մենք այդ մասին կտեղեկացնենք «Վրաստանի» ընթերցողներին։
- Պարտադի՞ր է, թե՞ ոչ ուսուցչի համար սերտիֆիկացումը, եւ քանի՞ անգամ նա իրավունք ունի մասնակցել սերտիֆիկացմանը, եթե չի կարողանում հաղթահարել քննության նվազագույն շեմը:
- Վրաստանի «Միջնակարգ կրթության մասին» օրենքի համաձայն, ուսուցչության բոլոր հայցորդները պարտավոր են հանձնել սերտիֆիկացման քննություններ: Քննություններին մասնակցության թիվն անսահմանափակ է, այսինքն՝ ուսուցչության հավակնողն այնքան անգամ կարող է մասնակցել սերտիֆիկացմանը, որքան անգամ դրա անհրաժեշտությունը լինի:
- Քանի՞ մասից է բաղկացած քննությունը:
- Բովանդակության տեսակետից, վրացերենի, որպես երկրորդ լեզու, սերտիֆիկացման քննության թեստը 5 մասից է բաղկացած, որոնք պայմանականորեն կարող ենք անվանել՝ 1) լսողություն, 2) ընթերցանություն, 3) գրավոր, 4) խոսելու ունակություն (բանավոր խոսք) եւ 5) մեթոդիկա: Քննության անցկացման տեսանկյունից, սերտիֆիկացումը 2 մասի է բաժանված՝ 2014 թվականի հուլիսի 8-ին կանցկացվի թեստավորում լսողությունից, ընթերցանությունից, գրավորից եւ մեթոդիկայից, իսկ հուլիսի 12-ին՝ խոսելու ունակությունից:
- Որքա՞ն է յուրաքանչյուր առարկայի համար քննական սանդղակի նվազագույն շեմը:
- Ցավոք, այլ առարկաների սերտիֆիկացման քննությունների վերաբերյալ ոչինչ ասել առայժմ չեմ կարող, բայց վրացերենի, որպես երկրորդ լեզու, սերտիֆիկացման մասին կասեմ, որ քննական թեստը 100 միավորանոց կլինի, եւ քննությունն այն ժամանակ կհամարվի հաղթահարված, եթե թեկնածուն հավաքի ընդհանուր միավորի 60%-ից ավելին կամ հավաքի 61 եւ ավելի միավոր։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ, որ դիմորդը պետք է կարողանա հաղթահարել թեստի բոլոր վերը նշված մասերից յուրաքանչյուրի նվազագույն շեմը: Եվ այդ շեմը բոլոր բովանդակային մասերի համար 40%-ից ավելիով է սահմանված՝ 1) լսողություն մասը 11 միավորանոց է, պահանջվում է 5 եւ ավելի միավորի հավաքում, 2) ընթերցանություն՝ 28 միավոր, պահանջվում է 12 եւ ավելի միավորի հավաքում, 3) գրավոր՝ 20 միավոր, պահանջվում է 9 եւ ավելի միավորի հավաքում, 4) խոսելու ունակություն՝ 11 միավոր, պահանջվում է 5 եւ ավելի միավորի հավաքում ու 5) մեթոդիկա՝ 30 միավոր, պահանջվում է 13 եւ ավելի միավորի հավաքում:
- Որքա՞ն է քննության տեւողությունը:
- Թեստավորումը, որ կանցկացվի հուլիսի 8-ին եւ քննության 4 բովանդակային մասերն է ներառում, կտեւի 5 ժամ, ինչը բավարարից ավելի ժամանակ է նրա համար, որ դիմորդն առանց շտապելու եւ ուշադրությամբ կատարի թեստում տրված բոլոր հանձնարարությունները, իսկ հուլիսի 12-ին՝ կանցկացվի, այսպես կոչված, խոսելու ունակությունից: Այն կտեւի 13-15 րոպե, ինչը կախված կլինի այն բանից, թե որքան ժամանակ կխոսի դիմորդը հանձնարարությունում տրված հարցի շուրջ:
- Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ քննական ծրագրին եւ նմուշներին:
- Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի կայքէջում զետեղված է ժողովածու՝ «Ինչպես պատրաստվել ուսուցիչների սերտիֆիկացման քննությանը՝ վրացերենին, որպես երկրորդ լեզու»: Այս ժողովածուն բոլոր շահագրգիռ անձանց մանրամասն տեղեկություն կտա ինչպես քննական ծրագրի, այնպես էլ թեստում մտցված կոնկրետ հանձնարարության մասին, բացի դրանից ուսուցչության հավակնողը ժողովածուից այլ հետաքրքիր եւ նշանակալից տեղեկատվություն կամ խորհուրդ կքաղի: Սույն ժողովածուն կարող եք տեսնել հետեւյալ հասցեում՝ http://www.naec.ge/images/doc/MASC_SERT/kartuli_rogorc-meore-enakrebuli%20-%202014.pdf:
- Եթե դպրոցում աշխատող ուսուցիչը չի հաղթահարում քննությունը, ինչ է սպասվում նրան (կընդհատվի՞, թե՞ ոչ ուսուցչի կարգավիճակը կամ գործունեությունը):
- Այն դեպքում, եթե ուսուցիչը չի հաղթահարում քննության նվազագույն շեմը, նրա կարգավիճակը չի ընդհատվում:
- Ի՞նչ է ծրագրվում ուսուցչի կարիերայի աճի առումով:
- Ուսուցչի մասնագիտական զարգացման քառաստիճան չափորոշիչ է հաստատվել: Ներկայացված չափորոշիչը չի հեռանում Ազգային ուսումնական ծրագրի ներդրման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շրջանակից: Այն հնարավորություն է տալիս ուսուցիչներին ավելի լավ գնահատել իրենց ուժերն ու ծրագրել անհատական, սեփական հնարավորություններին հարմարեցված, մասնագիտական եւ կարիերայի զարգացման ճանապարհ:
Նախարարությունը գտնում է, որ բոլոր ուսուցիչները պետք է գիտենան դասի ծրագրման սկզբունքները, պետք է կիրառեն ուսուցման նպատակին համապատասխան ռազմավարությունները: Լավագույն ուսուցչից պահանջվում է աշակերտի անհատական կարիքներին համապատասխանեցված ռազմավարությունների, ստեղծագործական եւ նորարարական մոտեցումների կիրառում, առարկաների միջեւ կապ հաստատելով՝ աշակերտի արդյունքների բարելավման հոգածություն:

Զրուցեց
ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ