ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ. «ԹՈՒՐՔ ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ԱՆԻՐԱՏԵUԱԿԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

Տպել

Հայաստանում գործող «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը քիչ հավանական է համարում թուրք մեսխեթցիների Սամցխե-Ջավախեթիի երկրամասում վերաբնակեցման արագացումը:

Նա չի կարծում, որ դա իրականություն կդառնա Վրաստանի` ԵՄ ասոցիացման պայմանագրի ստորագրումից հետո: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց պատգամավորը: «Տարիներ շարունակ, ինչ փլուզվեց խորհրդային միությունը, անընդհատ շահարկվում է այդ հարցը, բայց ես թուրք մեսխեթցիների վերաբնակեցումը իրատեսական չեմ համարում: Գործնականորեն դա իրատեսական չի, այն ինչ-որ տեսական դրույթ է եւ, առաջին հերթին, սպառնում է Վրաստանի անվտանգությանն ու Վրաստան պետության շահերին»,-ասաց Տաճատ Վարդապետյանը:
Այն դիտարկմանն ի պատասխան, որ Վրաստանը Եվրամիության առջեւ ունի մեսխեթցի թուրքերին վերաբնակեցնելու պարտավորություն, պատգամավորը նշեց. «Փորձը ցույց է տվել, որ կարծես թե ճանապարհները բացվեցին, դռները բացեցին, բայց գործնականում այնտեղ չունենք վերաբնակեցված թուրք մեսխեթցի: Դա անիրականանալի դրույթ է, որ չեմ կարծում կյանքի կոչվի: Բացի դրանից` այսօր Վրաստանում այնպիսի մոտեցումներ կան, որ նրանց գերջերմ հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լուրջ սպառանալիք են, եւ կարծում  եմ, որ Վրաստանը դրանից պետք է լուրջ հետեւություններ անի»:
Օրերս «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն էր հայտնել այս թեմայի առնչությամբ` համարելով, որ այն լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ ջավախահայերի համար: