ԹԲԻԼԻՍԻ-ԵՐԵՎԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՎՈՒՄ Է

Տպել

Ինչպես արդեն հաղորդել ենք, Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրավերով, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 24-27-ը Վրաստանի մայրաքաղաքում մասնակցեց քաղաքի օրվան նվիրված «Թբիլիսոբա»-յի տոնակատարություններին:

Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հարություն Հակոբյանը:
Այցի շրջանակում, Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ հանդիպմանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ եւ փոխանցելով քաղաքին ու բնակիչներին ուղղված բարեմաղթանքները, Դավիթ Օհանյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար։
Դավիթ Նարմանիան իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին նաեւ «Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի վերակնքման հարցը, ինչպես նաեւ անդրադարձան Երեւանի պուրակում վրաց-հայկական բարեկամության խաչքարի տեղադրման հարցին:
Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում, երեւանյան պատվիրակությունը Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեց Սուրբ պատարագի, այնուհետ այցելեց եկեղեցուն կից գործող կրթամշակութային կենտրոն, ծանոթացավ ստեղծված պայմաններին ու հետաքրքրվեց երեխաների առօրյայի կազմակերպմամբ:
Պատվիրակությունն այցելեց նաեւ Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց այստեղ հանգչող հայ մեծերի հիշատակին:
Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին։