ՈՐՊԵՍԶԻ ԲԱԶՄԱՆԱՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՆ ԻՐԱՐ ՄԻԱՑՆՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Տպել

Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարությունների հովանավորությամբ իրականացվող, վեցամյա պատմություն ունեցող «Վրաստան-Հայաստան հանրակրթական կամուրջներ» համագործակցային ծրագրի շրջանակներում, 49 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում էին Թբիլիսիի թիվ, թիվ 118, 119, 120, 167, 132 դպրոցների ուսուցիչներ, սովորողներ, Վրաստանի կրթության եւ գիտության աշխատողների ազատ արհմիության Գլդանիի շրջանային կազմակերպության նախագահ Վիկտորյա Բալավաձեն, կրթության հարցերով փորձագետ, «Թանադգոմա» ոչ պետական կրթական կազմակերպության նախագահ Քեթեւան Աբեսաձեն, եռօրյա այցով գտնվում էր Երեւանում: Հանդիպումը նախաձեռնել ու հովանավորել էր Վրաստանի կրթության եւ գիտության աշխատողների ազատ արհմիությունը:

Ինչպես միշտ, ծրագիրը հագեցած էր բազմածիր ուսումնակրթական, փորձի փոխանակման, ճանաչողական եւ ժամանցային բովանդակությամբ: Այն սկսվեց Սադախլո-Բագրատաշեն անցակետային սահմանից եւ տեղափոխվեց Իջեւանի կրթահամալիր, հետո՝ Դիլիջանի ազգագրական թանգարան, Սեւան:
Ծրագրի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին, դրանց կազմակերպմանը, մասնակցեցին ուսումնական պարապմունքների, քննարկումների: Թիվ 132 դպրոցի տնօրեն Թամարա Մաճարաշվիլին երեւանյան «Սեբաստացի» ռադիոյին տված հարցազրույցում, չթաքցնելով իր հիացմունքը, նշեց. «Ընդամենը մեկ օրում ես եւս շատ բան եմ հասցրել սովորել այստեղ: Գոհ եմ դպրոցի աշակերտների մակարդակից: Կարեւոր է, որ դպրոցն ունի բարեկարգված շենք, դասասենյակներ, բազմազան ուսումնական պարագաներ, այդ թվում՝ ինտերակտիվ գրատախտակներ, որոնցից ազատորեն կարողանում է օգտվել սովորողը: Եվ, ընդհանրապես, համալիրում զգացվում է ստեղծարար մոտեցում»:
Տեսակցության օրերին կազմակերպվեցին Հայաստանի կրթության նախարարության աջակցությամբ իրականացվող «Հանրակրթական Դիջիթեք. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա 7-րդ եւ բնագիտա-տեխնիկական 2-րդ ամենամյա ստուգատեսները, ներկայացվեցին «Բլոգային ուսուցում, դասարանի բլոգը որպես մեդիամիջավայր», «Դասարանական ռադիոն որպես ուսումնական միջոց» ուսումնական նախագծերը:
Երեւանյան այդ կրթահամալիրի «վրացախոսների ակումբը» առանձնակի սիրով էր սպասում եւ ջերմությամբ ընդունեց իր հյուրերին: Հետաքրքիր անցավ բարեկամական երգի-պարի (հայկական, վրացական) ուսուցման ժամը, որին հաջորդեց «Նոր տարին միասին» տոնական ծրագիրը: Համալիրի Մարմարյա սրահում հնչում էին հայկական ու վրացական ազգային, ժողովրդական երգերի սրտաբուխ, զգացմունքային կատարումներ, խանդավառությամբ էին ցուցադրվում կրակոտ ու գեղեցիկ պարերը, որոնք ընթանում էին հանդիսատես-մասնակիցների բուռն ծափերի ներքո: Նախագիծը վերածվել էր անկեղծ բարեկամական ու մշակույթների փոխշփումների իսկական տոնի: Գոհ էին թե՚ հյուրերը, թե՚ հյուրընկալները:
Ձեռնարկման շրջանակում անցկացվեց նաեւ հայ-վրաց «Գամարջոբա» («Բարեւ») նախագծի շնորհանդեսն ու վարպետության դաս, որը վարեց կրթության փորձագետ Քեթեւան Աբեսաձեն:
Հյուրերը շրջեցին երեկոյան Երեւանում, եղան Էջմիածնի Մայր տաճարում ու Զվարթնոցում:
Այցելության վերջին օրը կայացավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Վիկտորյա Բալավաձեն նշեց. «Սիրով կմիանանք առաջարկված նախագծերին եւ մտածում ենք նաեւ համատեղ նոր նախագծի շուրջ նախադպրոցական հաստատությունների դաստիարակների համար, որպեսզի մեր մանկավարժները կարողանան բարելավել իրենց որակավորումը, քանի որ Վրաստանում խրախուսվում են բոլոր տեսակի կրթական փոխակերպական (տրանսֆորմացիոն) նախագծերը: Իսկ եթե պատկերացնենք, որ ապրում եմ քաղաք Երեւանում, ապա իմ երեք դպրոցահասակ երեխաների հետ կսովորեի միայն ձեր կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ ու ծնող»:
Ստորագրվեց «Հայ-վրաց հանրակրթական կամուրջներ» ծրագրով նոր համաձայնագիր, որով կողմները պայմանավորվեցին համագործակցել մի շարք ոլորտներում:
- Շատ կարեւոր է, որ մեր հարաբերությունները լինեն, շարունակվեն ու զարգանան որպես մանկավարժական գործընկերություն, Երեւանում, Թբիլիսիում, անընդհատ մեդիայում…,- ընդգծեց երեւանյան կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Հատկանշական է, որ այս կրթական փոխանակումները գնալով նոր թափ են ստանում ու ավելի է ընդլայնվում համագործակցության շրջանակը հայ եւ վրաց ժողովուրդների մատաղ սերունդների եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների միջեւ: Մեր ցանկությունն է, որ սկիզբ առած այս անկեղծ բարեկամությանը ինչպես մասնագիտական բնագավառում, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում, շարունակվի եւ խորանա, որպեսզի բազմանան մեր ժողովուրդներին իրար միացնող նորանոր կամուրջները:

ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող