ԱԿԱԿԻ ՄԱՃՈՒՏԱՁԵ. «ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐԱՄԱՍԻ»

Տպել

Սամցխե֊Ջավախեթիի տարածաշրջանում 2014 թվականը նշանավորվեց զգալի տեղաշարժերով։ Հատկանշական էր, որ տեղաշարժեր գրանցվեցին ոչ միայն երկրամասի տնտեսության համար ավանդական ճյուղերում, այլեւ՝ գրեթե բոլոր ոլորտներում։ Մեր հարցերին, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել երկրամասում, պատասխանում է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում պետական լիազոր-նահանգապետ Ակակի Մաճուտաձեն։

- Բատոնո Ակակի, արդեն մեկ տարի է, ինչ Դուք զբաղեցնում եք Սամցխե֊Ջավախեթիի պետական լիազոր֊նահանգապետի պաշտոնը։ Եթե հանրագումարենք այդ պաշտոնում Ձեր մեկամյա գործունեության արդյունքները, ի՞նչն եք համարում նշանավոր։
֊ Իրոք, մեկ տարի է, ինչ գլխավորում եմ երկրամասային վարչությունը, թեպետ, կարծում եմ, ավելի լավ կլիներ խոսեինք վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների մասին, քանի որ անցյալ տարին յուրովի դարձավ 2013֊ին սկսած աշխատանքների շարունակման տարի։
Նախ, ասեմ, որ տարածաշրջանի տնտեսական ներուժը, դրա աշխարհագրական դիրքը, տրանսսահմանային կապերի զարգացման հեռանկարները, իրատեսական հնարավորություններ են ընձեռում Սամցխե-Ջավախեթին վերածել տնտեսապես զարգացած երկրամասի։ Տարածաշրջանում վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են Զիկալի էլեկտրահաղորդման գծի եւ Փարվանայի հիդրոէլեկտրակայանի շինարարության միջազգային նախագծերը, ընթացքի մեջ են Ասպինձայի շրջանի Ռուսթավիի հիդրոէլեկտրակայանի, Կարս-Ախալքալաքի երկաթուղային մայրուղու շինարարությունները։ Այս տարի կգործարկվի Թուրքիայի հետ երկրորդ սահմանային անցումակետը՝ Ախալքալաքիի շրջանի Կարծախում։ Միջազգային նախագծի շրջանակներում, Բակուրիանիի զարգացման նպատակով, արդեն գործարկվել է արհեստական ձյան արտադրության նախագիծը։ Ինչպե՞ս տեսնում եք, թվարկումը բավականին տպավորիչ է։
- Սամցխե-Ջավախեթին, բոլորիս ընկալմամբ, նախ գյուղատնտեսական երկրամաս է, հետեւաբար, առաջնահերթ ուշադրությունը բեւեռվում է այդ ոլորտի վրա։ Կոնկրետ, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ։
- Իրավացի եք, մեր երկրամասի համար գյուղատնտեսությունը հիմնարար, սակայն ոչ միակ տնտեսական ճյուղն է։ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում երկրի մյուս երկրամասերի օրինակով լայն տարածում գտավ սակավահող ֆերմերների պետական ծրագիրը։ Բավական է նշել, որ 2013-2014 թվականներին երկրամասում բաժանվել է 90562 գյուղատնտեսական քարտ։ Արտոնյալ ագրովարկի նախագծի երկրորդ բաղադրիչի շրջանակներում 1129 ֆերմերի տրվել է 15 460 440 լարի, իսկ երրորդ բաղադրիչի շրջանակներում՝ 36 վարկ։ Սամցխե-Ջավախեթիում հիմնվել է 36 գյուղատնտեսական կոոպերատիվ։
Մեկ այլ պետական նախագծով, էժան վարկերի շրջանակներում, մասնավորապես, Ծնիսի գյուղում բացվել է սառնարանային տնտեսություն։ Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա, ներկա դրությամբ, տարածաշրջանում գործում է մսի ու կաթի վերամշակման 34 արտադրություն։ Մթերքի պիտանիության ծառայության հետ միասին, երկրամասի վարչությունը 2014 թվականին իրականացրել էր միջոցառումներ, որոնք հիմնականում ուղղված էին անասունների հիվանդությունների կանխմանը եւ բացահայտված հիվանդությունների օջախների մեկուսացմանը։
Արտոնյալ վարկերից օգտվել են նաեւ մեր գործարարները։ Այսպես, մասնավոր գործարարության զարգացման շնորհիվ, վերջին երկու տարիների ընթացքում, բացվել են 30 նոր օբյեկտներ՝ հյուրանոցներ, կաթի վերամշակման արտադրություններ, տնամերձ տնտեսություններ։ Էժան վարկերի շրջանակներում ընդլայնվել են մսի ու կաթի վերամշակման չորս արտադրամասերը։
- Դուք ակնարկեցիք երկրամասի տնտեսության հեռանկարային ճյուղերի մասին։ Ի՞նչը նկատի ունեք։
- Օրինակ՝ զբոսաշրջությունը։ Այս տարի Վրաստանի կառավարության աջակցությամբ, կմեկնարկի Սամցխե-Ջավախեթիի զբոսաշրջության ներուժի գործարկման նախագիծը։ Այդ ուղղությամբ, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, նախատեսված է կատարել 30 միլիոն դոլարի ներդրում։ Երկրամասային վարչությունն արդեն անցկացրել է հանդիպում, որի ընթացքում փորձագետների կողմից մշակվել են 14 նախագծեր։ Նախագծերը վերաբերում են Աբասթումանիի մշակութային ժառանգության հուշարձաններին, Զարզմայի, Սարո-Խիզաբավրայի սրահներին, Թմոգվիի եւ Վանիի կարասներին, Ախալքալաքիի ամրոցին, Աբասթումանիի աստղադիտարանի ներքին ճանապարհներին, Սաֆարայի մենաստան տանող ճանապարհին, Սաիրմե-Աբասթումանի ճանապարհի վերանորոգմանը եւ այլն։
Որպես զբոսաշրջության ոլորտի զարգացման նախադրյալ, տարածաշրջանում առանձնակի ուշադրություն է հատկացվում մշակութային ժառանգության հուշարձանների պահպանությանն ու պաշտպանությանը։ 2014 թվականին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ, սկսվեց Վարձիայի բացառիկ պատերի կարգավորման չորսամյա նախագիծը։ Միաժամանակ, իրականացվելու է Վարձիայի համալիրի ջրամատակարարման կարգավորումը, բարեկարգվելու են համալիր տանող ճանապարհները։ Ավարտվել է Վարձիայի լուսավորման նախագիծը։ Ինչպես տեսնում եք, զբոսաշրջիկներին մենք կարող ենք առաջարկել բավականին հետաքրքիր ու ծավալուն ծրագիր։
- Երկրի կենտրոնական իշխանության կողմից բազմիցս հայտարարվել է, որ ներքին քաղաքականության առաջնահերթություններից ամենակարեւորը առողջապահությունն է։ Ի՞նչ է արվում տարածաշրջանում այդ առաջնահերթությամբ նախատեսված նախագծերի իրականացման համար։
- Միանգամից ասեմ, որ 2014 թվականին նշանակալից աշխատանքներ են իրականացվել առողջապահության ոլորտում նախագծերի կատարման ուղղությամբ։ Այսպես, 2013 թվականի փետրվարի 28-ից գործող համընդհանուր առողջապահության պետական ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի բնակչության համար կենտրոնական բյուջեից ծախսվել է 4 301 242 լարի։ Անցյալ տարի տարածաշրջանի մունիցիպալիտետներում տեղական բյուջեից ծրագրված եւ չծրագրված վիրահատությունների համաֆինանսավորման եւ ստացիոնար սպասարկումների համար ծախսվել է 587 689 լարի, ֆինանսավորում է տրվել 1034 վիրահատության ենթակա հիվանդների։ 2014 թվականին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում կառուցվել է 6 ամբուլատորիա, վերանորոգվել են արդեն գործող բուժկետերը։ Ավելացնեմ, որ 2014 թվականի մայիսի 1-ից 30 տոկոսով ավելացվել է գյուղական բժիշկների եւ բուժքույրերի աշխատավարձը։ Անցյալ տարեվերջին տարածաշրջանի բժշկական շտապ օգնության ծառայությանը փոխանցվել է 13 նոր մեքենա, ինչը թույլ տվեց նշանակալիորեն բարելավել բնակչության սպասարկումը։
- Վերջին տարիներին երկրի մասշտաբով նշանակալի աշխատանքներ են կատարվել բնակավայրերի գազիֆիկացման, էլեկտրահաղորդման գծերի կարգավորման ուղղությամբ։ Այդ առումով, ի՞նչ աշխատանքներ են տարվում Սամցխե֊Ջավախեթիում։
- Տարածաշրջանում լայն թափով առաջ է տարվում գազիֆիկացման գործընթացը։ Այսօրվա դրությամբ, Սամցխե-Ջավախեթիում գրանցվել է բնական գազի 32464 սպառող։ Գազիֆիկացման աշխատանքներն իրականացվում են Ախալցիխեի եւ Ադիգենիի մունիցիպալիտետների գյուղերում։ Այդ աշխատանքների ավարտից հետո, Ախալցիխեի մունիցիպալիտետում բնական գազի սպառողների թիվը կավելանա 3030-ով, իսկ Ադիգենիի մունիցիպալիտետում՝ 1546-ով։ Ասպինձայի մունիցիպալիտետի Ասպինձա ավանում, Սարո, Խիզաբավրա եւ Դամալա գյուղերում գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են՝ բնական գազը մուտք է գործել 1150 ընտանիք։ 2015 թվականին բնական գազը մուտք կգործի Բորժոմիի մունիցիպալիտետի 1130 օբյեկտներ։ Պետական ծրագրի շրջանակներում, առանց էլեկտրական հոսանքի մնացած գյուղերի էլեկտրիֆիկացման համար, կենտրոնական բյուջեից առանձնացվել է 6 միլիոն լարի։ Էլեկտրաէներգիա արդեն մատակարարվում է 8 գյուղերի, այդ թվում՝ Ադիգենիի մունիցիպալիտետի Ուտղիսուբանի գյուղում, որտեղ վերջին տասը տարիներին բնակչությունը զրկված էր էլեկտրաէներգիայից։
Թեպետ հարկ եմ համարում նշել, որ այդ ուղղությամբ երկրամասում դեռ մեծ ծավալի աշխատանքներ են անցկացվելու։
- Իսկ ի՞նչ կասեիք կրթական ոլորտի կարգավորման ուղղությամբ Սամցխե֊Ջավախեթիում իրականացված աշխատանքների մասին։
- Նշանակալի աշխատանքներ են կատարվել նաեւ կրթության ենթակառույցների վերականգնման ուղղությամբ։ 2013 թվականին Սամցխե-Ջավախեթիի մասշտաբով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 30 հանրային դպրոցներում, 2014-ին՝ վերանորոգված դպրոցների թիվն ավելացել է 21-ով։ Կարգավորվել է նաեւ քոլեջի շենքը։ Մոտ ժամանակներում շահագործման կհանձնվի Ախալքալաքիի Բուղաշեն գյուղի հանրային դպրոցը, ավարտին է մոտենում Ադիգենիի Արալի գյուղի հանրային դպրոցի ուսումնական նոր շենքի նախագիծը։ Դրա շինարարությունը կսկսենք այս տարի։ Սկսել է գործել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցի տարածաշրջանային ուսումնական կենտրոնը։ Տարածաշրջանի դպրոցներում եւ ուսումնարաններում, որտեղ ուսուցանում են կրթական թերզարգացած աշակերտները, նշանակվել են հատուկ ուսուցիչներ։
Անցյալ տարվա արդյունքներով, կրթության նախարարությունը գերազանց ուսուցման համար համակարգիչներով պարգեւատրել է տարածաշրջանի 93 աշակերտի։
Ավելացնեմ նաեւ, որ Վրաստանի կառավարության 2014 թվականի ապրիլի 4-ի հրամանագրով, Ախալցիխեի ուսումնական համալսարանի եւ Ախալքալաքիի բարձրագույն հաստատություն քոլեջի բազայի վրա հիմնվել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը, ինչը երկրամասի բնակիչներին հնարավորություն է ընձեռում անցնելու բակալավրի, մագիստրոսի եւ դոկտորանտուրայի կրթական ծրագրերը։
֊ Մի քանի խոսք՝ առաջիկա ծրագրերի մասին։
- Ինչպես ասացի, առաջիկայում անելիքները շատ են։ Մեր գլխավոր հոգսը մարդկանց սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորումն է։ Առանձնապես մտահոգիչ է զբաղվածության հարցը։ Արտոնյալ վարկերի նախագծով, ինչպես ասացի, գործարկվել են մի քանի արտադրություններ, իսկ էժան վարկերի ծրագրի շնորհիվ ֆերմերներն ստացան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին ու որակով կատարելու հնարավորություն։ Ինչ խոսք, ողջունելի քայլեր են, սակայն այդ ուղղությամբ, կրկնում եմ, անելիքները շատ են։ Պետք է կարողանանք հասնել նրան, որ մարդկանց ապահովենք աշխատանքով, արժանվույն աշխատավարձով, ինչը բարեկեցիկ կյանքի գրավականն է։ Կարծում եմ, այդ առումով նշանակալի առաջընթացի կհասնենք 2015-ին։ Ինչպես ասացի, այս տարվա համար ծրագրել ենք նշանակալի նախագծեր, դրանց հաջող իրականացումը հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր, նվազեցնել գործազրկության բարձր մակարդակը։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ